• am
  • ru
  • en
Версия для печати
20.05.2009

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԻՑ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ

   

Վլադիմիր Խոջաբեկյան

crisis.jpg (medium)20-րդ դարի վերջերին և 21-րդ դարի սկզբներին Հայաստանից ինքնաբերաբար կատարվող արտագաղթը հավերժ շարունակվել չէր կարող և մեր կողմից ենթադրվում էր, որ ինչ-որ ժամանակ կփոխարինվի զանգվածային ներգաղթով։ Ներգաղթը, ի թիվս հանրապետությունում տեղի ունեցող մի շարք դրական գործոնների, նախապես ենթադրում էինք, որ կարող է տեղի ունենալ նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի առկայության պայմաններում։

Համաշխարհային ենթադրվելիք տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու և, առաջին հերթին, հայ բնակչության զանգվածային ներգաղթի հարուցած վնասները կանխելու, տարածքային առումով զբաղվածների առաջարկի ու պահանջարկի որոշ հավասարակշռությունն ապահովելու նպատակով 2001-2007թթ. հրապարակված մենագրություններում և ամսագրային հոդվածներում մշակվել են լայնամասշտաբ միջոցառումներ ու ներկայացվել են Հայաստանի կառավարությանը։

Գիտական ուսումնասիրության առանցքն է դարձել բնակչության արտագաղթը 1990-ական թվականների ընթացքում։ Դարի վերջին արտագաղթը կանխելու համար մշակվեցին բազմաթիվ գործնական առաջարկություններ։ Բնակչության վերարտադրության վրա արտագաղթի թողած բացասական հետևանքների հետ միասին, ներկայացվել է նաև դրական նշանակությունը։ Չէ՞ որ Հայաստանում տնտեսությունն ապրում էր վարընթաց, տիրում էր գործազրկություն, աղքատությունն ընդգրկում էր մեծ մասշտաբներ, մինչդեռ բնակչության փրկությունն արտագաղթի մեջ էր։ Աշխարհի տարբեր մասերում ծվարած հայությունը կարող էր ունենալ աշխատանք, հայթայթել միջոցներ, ինչ-որ չափով մեղմացնել ահավոր չափերի հասնող գործազրկությունը, հոգալ ոչ միայն իր, այլև հայրենիքում ապրող ընտանիքի անդամների հոգսերը։ Ուստի, գտնում էինք, որ հայ լեգալ և անլեգալ գաղթականների վերադարձի կանխարգելիչ գործոնն առայժմ՝

  • ցածր կենսամակարդակն է,
  • նոր աշխատատեղեր ստեղծելու նվազ հնարավորությունները,
  • աշխատանքի շուկայի լարվածությունը և գործազրկության աճը,
  • աշխատավարձի և աշխատուժի արժեքի խիստ ցածր մակարդակը,
  • մասնագիտական ապաորակավորման ընթացքի թափը, օժտվածության և ունակության կորուստը,
  • սոցիալական բազմաբարդ խնդիրներ լուծելու հարցում առայժմ պետական բյուջեի տկարությունը,
  • սեփական արտադրողների նկատմամբ պետական հովանավորչական քաղաքականության թույլ արտահայտվածությունը,
  • հարկային և մաքսային քաղաքականության ասպարեզում լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրների առկայությունը և այլն:

Եվ հենց այդ տարիներին`1990-ական թվականների վերջերին, մտահոգիչ էր այն, որ համաշխարհային սրընթաց տնտեսական վերելքի պայմաններում, երբ աննախընթաց չափերի էին հասել տնտեսության զարգացումը, տնտեսության բոլոր բնագավառների անսահմանափակ վարկավորումը, որի հետևանքները հաշվի չէին առնվում, բնակարանային շինարարությունը, կենցաղսպասարկման ոլորտը, անասելի չափերի հասնող բնակչության բոլոր խավերին հատկացվող վարկերը, այդ թվում հիփոթեկային և այլն, կարող են հասցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի։ 2001թ. հրապարակված հայերեն «Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին» մենագրությանս մեջ արձանագրեցի. «Մոտ ապագայում ՀՀ բնակչության միջպետական գաղթի գործընթացների զարգացման հետագա ընթացքը կախված է նաև մի շարք պայմանականություններից (երբեմն անկռահելի): Այդ պայմանականությունների վարքագծի ձևավորման հիմքում ընկած են ոչ միայն ՀՀ, այլև նրա հետ կապված մի շարք երկրների սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական առնչությունները, միջազգային մասշտաբով աշխատանքի շուկայի ձևավորման, համաշխարհային ընդհանուր տնտեսության զարգացման (վերելքի կամ համընդհանուր ճգնաժամային իրավիճակների) ընթացքը և այլն: Այդ առումով գաղթի քաղաքականությունը պետք է արտահայտի ոչ միայն առանձին երկրների լոկալ, այլև գործընթացում ընդգրկված բոլոր երկրների ընդհանուր շահերը»1: Ես գտնում էի, որ համաշխարհային վերընթաց զարգացումը հավերժ չի շարունակվի և ինչ-որ մի օր վրա կհասնի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Այդ միտքը սարսափեցնում էր։ Այդ էին հուշում նաև ԱՄՆ-ում և Ռուսաստանում կատարվող ահաբեկչությունները։ Այդ պայմաններում աշխարհի տարբեր ծագերում ծվարած հայության լեգալ և անլեգալ գաղթականները հարկադրված կլինեին ներգաղթել, քանզի այդ երկրներն իրենք կստիպեին, որ նրանք վերադառնան իրենց հայրենիքը՝ Հայաստան։ Այնուհանդերձ, 20-րդ դարի վերջում կարծում էի, որ արտագաղթն այս կամ այն կերպ կավարտվի և աստիճանաբար կսկսվի բնակչության ներգաղթը։ Եվ հենց նույն մենագրությունում ես զբաղվեցի բնակչության ներգաղթի հավանական միտումները բացահայտելու հույժ կարևոր հարցերով։ Տալով ներգաղթի հավանական միտումների 10 գործոնները` տնտեսական առաջընթաց, գործազրկության վերացում, աղքատության հաղթահարում, աշխատավարձի բարելավում, աշխատուժի արժեքի բարձրացում և այլ բարենպաստ, ինչպես նաև միջազգային ատյանների կողմից Ղարաբաղյան հարցը Հայաստանի օգտին լուծելու պայմանները։ Տալով ներգաղթի հավանականության միտումները և թվարկելով հավանական գործոններն առանձին-առանձին, որպես հինգերորդ գործոն 440-րդ էջում2 ազդարարված միտքը նորից 451-րդ էջում մեջբերվում է. «Որևէ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսական ճգնաժամի երևան գալը, երևույթ, որ քիչ հավանական է, բայց բացառված չէ՝ նայած ահաբեկչության դրսևորումներին: Նման դեպքերում ցանկացած երկիր մտահոգ է իր բնակչությանն աշխատատեղերով ապահովելու, տնտեսական և սոցիալական խնդիրները լուծելու հարցով»3: Բայց Հայաստանն ի վիճակի չի լինելու զանգվածաբար ներգաղթող հայությանն ապահովել աշխատանքով, և կառաջանա աշխատանքի մեծ առաջարկ նվազ պահանջարկի պայմաններում։

Հասկանալի է, որ մենագրությունը շարադրվել և ավարտին է հասցվել 90-ական թվականների ընթացքում և հրապարակվել է ավելի ուշ՝ 2001թ.։

Նույն միտքը նույնությամբ արտահայտեցի իմ 2004թ. անգլերեն4 և 2006թ. ռուսերեն5 հրատարակած մենագրությունների համապատասխան էջերում։ Այնուհանդերձ, այդպիսի միտք արտահայտելը հանդուգն քայլ էր։ Նույն միտքն արտահայտեցի նաև ակադեմիայի «Գիտության աշխարհում» ամսագրում՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելու նպատակով։ Շեշտադրվեց մոտ ապագայում արտաքին աշխարհից Հայաստանի Հանրապետության բնակչության ներգաղթի միտումները։ «Դրանք կանխորոշվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական լարվածության տևականությունն աստիճանաբար հաղթահարելով, Ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես հօգուտ Հայաստանի Հանրապետության լուծելով, արտաքին աշխարհում հայ անլեգալ գաղթականների նկատմամբ գաղթի քաղաքականության կիրառման ընթացքով, լեգալ գաղթականների աշխատանքային և սոցիալական ապահովվածության աստիճանով, ազգային և սոցիալական խտրականության որևէ կարգի դրսևորումներով, որևէ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսական ճգնաժամի երևան գալով և այլն»6։

Հետագայում ևս անդրադարձա այդ մտքին։ Ըստ որում, շարունակելով բազային ուսումնասիրությունները հանրապետության ժողովրդագրության հարցերի գծով` ընտրեցինք և թեմատիկ խմբով ուսումնասիրեցինք 2005-2007թթ.՝ «Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ և լեռնային բնակավայրերի ցանցի զարգացումը և տնտեսական անվտանգության ռազմավարությունը», իսկ 2008-2010թթ.՝ «Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում բնակչության զբաղվածության բարելավման հիմնախնդիրները» թեմաները, այն նպատակով, որ Հայաստանն ունենա մշակված ուսումնասիրություններ՝ ակտիվ զանգվածային ներգաղթ ապահովելու համար։ Այդ թեմաների մի զգալի մասը հրատարակվել է և´ Երևանում, և՛ Մոսկվայում։

Բոլոր հրապարակումներում հիմնավորում ենք ներգաղթի հետևանքով զբաղվածության, մարդկանց աշխատանքի տեղավորելու բազմաբնույթ հարցադրումներ, որոնք հուշեցին, համաշխարհային ճգնաժամը անվանարկելով, չնայած աշխարհում ճգնաժամի մասին ոչ մի խոսք չկար, առաջարկություններ ներկայացնել նաև կառավարությանը։ Օրինակ.

1. 2008թ. մայիսի 27-ին վարչապետին ուղղված «Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու հիմնախնդիրները Հայաստանում» նամակի (որը վերահասցեագրվել է ՀՀ առողջապահության նախարարությանը) 7-րդ էջում, ի թիվս ներգաղթի այլ գործոնների, շեշտադրվում է «որևէ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսական ճգնաժամի երևան գալը», այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին խոսք անգամ չկար։

Ժողովրդագրության հարցերը քննարկվում են նաև ըստ ծովի մակերևույթից 1700-1900-2000մ բարձրության գոտիների։

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմն ինձ 10.06.08թ. №12/12-02-543 Խ հասցեագրած պատասխանում, բարձր գնահատելով ներկայացրած առաջարկությունները, հիշատակում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը «Վերարտադրողական առողջության ազգային ծրագիրը, ռազմավարությունը և գործողությունների ժամանակացույցը 2007-2015թթ.» 2007թ. հունիսին մշակված փաստաթղթում, իրենց վկայությամբ խիստ կարևորել են իմ աշխատություններում ներառված ժողովրդագրությանը վերաբերող հարցադրումները։ Միաժամանակ, քանի որ ՀՀ կառավարության 2008թ. գործողությունների պլանում նախատեսվել է «ՀՀ ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը (ռազմավարությունը) և միջոցառումների ծրագիրը 2008-2035թթ. համար» որոշման հաստատումը, կօգտագործվեն նաև ՀՀ վարչապետին հղած «Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու հիմնախնդիրները Հայաստանում» իմ հարցադրումները£

2. Իմ կողմից ՀՀ վարչապետին 27.07.08թ. հասցեագրված «Արդյունաբերության զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» նամակ-ծրագիրը վերահասցեագրվել է էկոնոմիկայի նախարարությանը։

Նկատի են առնվել Հայաստանի արդյունաբերության զարգացման հեռանկարները, ներառյալ սահմանամերձ, աղետի գոտու և լեռնային բնակավայրերը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիների քաղաքային և գյուղական բնակչության զբաղվածությունն ապահովելու ուսումնասիրություններին, ապա դրանք թելադրվում էին ոչ միայն իրենց իսկ և հարակից բնակավայրերի բնակչությանը տեղում ամրագրելու անհրաժեշտությամբ, այլև ձնագնդի նման գահավիժող և անընդհատ մեծացող միգրացիոն հոսքերը Երևան քաղաք կասեցնելու մտահոգությամբ։ Վերջինս իր արտահայտությունն է գտել նաև գյուղատնտեսության բաժնում։

Նախարարության պատասխան` 30.07.2008թ. 04.09/8 654 թվագրված նամակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շնորհակալություն է հայտնում իմ կատարած «խորքային և անաչառ տնտեսագիտական ուսումնասիրության, վերլուծությունների և առաջարկությունների համար», որը նաև օգտակար կլինի նախարարության առջև դրված խնդիրների լուծման ժամանակ։ «Միևնույն ժամանակ թույլ տվեք հավաստիացնել, որ Ձեր կողմից կատարված ուսումնասիրություններում բարձրացված հարցերը կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում և հաշվի կառնվեն նախարարության ոլորտում գտնվող հետագա խնդիրների լուծման և գործառույթների իրականացման ընթացքում»,- գրված էր պատասխանում։

3. Վարչապետին հասցեագրված երրորդ նամակը, որն ընդգրկում էր ՀՀ գյուղատնտեսության բարելավման հիմնախնդիրները, թեև նախապես ամռանը պատրաստ էր, ուղարկվեց 2008թ. դեկտեմբերի 16-ին։ Այն դեկտեմբերի 18-ին վերահասցեագրվեց գյուղատնտեսության նախարարությանը։ Հիշյալ նամակում, բարձրադիր գոտիների և սահմանամերձ շրջանների բնակչության զբաղվածությունն ապահովելու հետ միասին, արվել են արդյունաբերության որոշ ճյուղեր գյուղատնտեսական խոշոր բնակավայրերում կազմակերպելու մասին առաջարկություններ։

Գյուղատնտեսության նախարարությունը 01. 2009թ. № 44-ՍԱ-02/Խ-690 պատասխան նամակում շնորհակալություն է հայտնում գյուղատնտեսության բնագավառում իմ հարուստ փորձն ու գիտելիքները ներդնելու պատրաստակամության համար։ Մասնավորապես հիշատակվում է. «Գյուղատնտեսության և գյուղի հեռանկարային զարգացման մտահղացումները» անվանմամբ Ձեր ուսումնասիրության մեջ տրվում են արժեքավոր առաջարկություններ գյուղատնտեսության կայուն ու համաչափ զարգացման ուղղությամբ։ Տրված առաջարկությունները հիմնված են ստեղծված իրավիճակի խոր վերլուծության, խոչընդոտող գործոնների բացահայտման, ինչպես նաև առկա հնարավորությունների իրատեսական գնահատման վրա։ Տրված առաջարկությունները, անշուշտ, ունեն գործնական նշանակություն և հաշվի են առնվելու ագրարային հատվածի քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացում։ Դրանք միանգամայն համահունչ են նաև ոլորտի զարգացմանն առնչվող ուղենիշային ծրագրերի (ռազմավարությունների) դրույթներին, մասնավորապես՝ ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը (վերանայված տարբերակ, 2006թ.), ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության ծրագրի (բաժին 4.3.7.2), Կայուն զարգացման ռազմավարությանը (7-րդ գլուխ), ՀՀ 2009-2011թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (11-րդ գլուխ) և մի շարք այլ ռազմավարական փաստաթղթերում ամրագրված մոտեցումներին»։

4. Վարչապետին ուղղված չորրորդ նամակը վերաբերում էր կրթական համակարգի բարելավման հիմնախնդիրներին, որը դեկտեմբերի 18-ին վերահասցեագրվել է ՀՀ գիտության և կրթության նախարարությանը։

Մեջբերվող բազմաթիվ առաջարկությունների հետ միասին, շեշտադրվում է, որ զանգվածային ներգաղթի հետևանքով երեխաները կբախվեն հայերեն լեզվով սովորելու պրոբլեմին։ Նրանք իրենց մանկությունն անց են կացրել և դպրոցական կրթությունն ստացել են այլ միջավայրում։ Օրինակ, ԱՊՀ երկրներում հանգրվանած երեխաները կրթությունը ստացել են ռուսական դպրոցներում, այլ երկրներում ապաստանածները՝ այդ երկրի մայրենի լեզվով։ Վերադառնալիս նրանց համար դժվար է այլ լեզվի իմացության հիման վրա Հայաստանում հայերենով բազմաթիվ առարկաների գծով գիտելիքներ յուրացնելը և համապատասխան պաշար ամբարելը։ Մտածողության կոդը փոխվում է, լեզվամտածողության նորմալ ընթացքը՝ խաթարվում։ Ուստի ներգաղթի քաղաքականության մեջ պարզություն պետք է մտցնել նաև այս հարցում։ Հավանաբար հարկավոր է մտածել բարձր դասարաններում սովորողների համար երկրորդ մայրենի լեզվով պարտադիր կրթություն ստանալու կարևորության մասին։ Բայց հարցադրումներն անընդունելի եղան։

ՀՀ գիտության և կրթության նախարարը 2009թ. մարտի 30-ի 14/Խ-4358 նամակում շնորհակալություն հայտնելով արգասաբեր աշխատանքի համար` հիշատակում է. «Կրթության և գիտության նախարարությունը քննարկել է ՀՀ վարչապետին ներկայացված «Կրթական համակարգի բարելավման» վերաբերյալ Ձեր առաջարկությունները։ Դրանք արժանացել են հավանության և կընդգրկվեն կրթության զարգացման ծրագրերում»։

Բանն այն է, որ առաջին երկուսը ներկայացվեցին մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, իսկ գյուղատնտեսության և կրթության մասին առաջարկությունները, որ պատրաստ էին մինչև ճգնաժամը, ներկայացվեցին ճգնաժամի պայմաններում։ Հասկանալի է, որ դրանք թելադրվում էին համաշխարհային տնտեսական ճգնաժամը կանխազգալու և հանկարծակի պոռթկալու վախով ու նրան դիմակայելու ակնկալիքով։

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության, արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերում զբաղվածության համայնապատկերը կանխատեսելու հետ մեկտեղ, դիտարկվել են նաև զանգվածային ներգաղթի պայմաններում սպասվելիք երևույթների ապագա դրսևորման առանձնահատկությունները աղետի, բարձրադիր և սահմանամերձ գոտիների բնակավայրերում7։

1Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին, Ե., ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., 2001, էջ 440։ Մենագրությունը պատրաստ էր տպագրության 1998թ, բայց հրատարակվեց 2001թ.։

2Նույն տեղում:

3Նույն տեղում, էջ 451։

4“Regularities of the demographic processes in Armenia In the 19th and 20th centuries and at the threshold of the 21st century”, Ե., ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., 2004, 373 էջ, 304 և 312 էջեր:

5Демография и проблемы занятости в Армении с начала XIX века до середины XXI века, Е., Изд-во “Гитутюн” НАН РА, 2006, 505с. 252 և 260-րդ էջերը։

6ՀՀ ԳԱԱ գիտահանրամատչելի հանդես «Գիտության աշխարհում», 2005, հ. 3, էջ 7:

7Տե՛ս նաև Վ.Խոջաբեկյան և ուրիշներ, Հայաստանի բնակչության արտագաղթը և միտումները մոտ ապագայում // 21-րդ դար, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես.- Ե.- 2006, №3 (13).- էջ 78-111; Ժողովրդական գործընթացները Հայաստանում // 21-րդ դար, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես.- Ե.- 2007, №2 (14).- էջ 117-139; ՀՀ արդյունաբերությունը և նրա զարգացման հեռանկարները // 21-րդ դար, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես.- Ե.- 2006, №4 (14).- էջ 140-155; Հայաստանի բարձրադիր գոտիներում զբաղվածության բարելավման հիմնախնդիրները // 21-րդ դար, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես.- Ե.- 2008, №3 (21).- էջ 99-123։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր