• am
  • ru
  • en
Версия для печати
25.11.2022

ՕՊԵՐԱՑԻԱ «ԴԺԲԱԽՏ ԵՎ ԴԺԳՈՒՅՆ»

   

Կապիտուլյանտը շտապ կարգով նախաձեռնել է բոլոր հետքերը մաքրելու գործընթացը: ԱԺ-ն 60 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ արխիվը առանց գաղտնազերծման ոչնչացնելու վերաբերյալ նախագիծը: Նախագծում, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ ոչնչացման ենթակա են այն փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են պարունակում այն քաղաքացիների մասին, որոնք համագործակցել են ԱԱԾ-ի հետ:

ԵՎ ԿՐԱԿԸ ՄԱՔՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՀԵՏՔԵՐԸ

Հասկանալի է, չէ՞, թե դա ինչ է նշանակում: Կա ոչ անհիմն կարծիք, որ ՔՊ-ականների ճնշող մեծամասնությունն այս կամ այն ֆորմատով ժամանակին ագենտություն են արել թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա հատուկ ծառայությունների համար: Ոմանք նույնիսկ կրկնակի գործակալներ են եղել ու գուցե են ցայսօր, ինչպես ասենք նույն «Օմեգա» Արոն, ո-րի ղազագիրը, ինչպես հայտնի է, հրապարակայնացվեց ոչ վաղ անցյալում... Առանց գաղտնազերծման արխիվների ոչնչացումը մաքրում է դավաճանության, լրտեսության և այլ այլանդակությունների հետքերը ոչ միայն մոտ ապագայի, այլև պատմության համար: Սա՛ է նիկոլիզմի գործելակերպը` սկզբում «դժբախտ ու դժգույն» դարձնել երկիրը` «չկա երկիր, չկա պատասխան պահանջող» սկզբունքով, իսկ զուգահեռ նաև այդ հետքերը ջնջել պատմությունից, որպեսզի 21-րդ դարի «Մով-սես Խորենացին» էլ Հայոց պատմության խոշորագույն դավաճանությունն արձանագրելու փաստաթղթային հիմքեր չունենա: Ինչպես արձանագրում է անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Օրենքի առաջարկվող տարբերակով նախ՝ հնարավորություն են ստեղծում ոչնչացնելու ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը ներկա օրենքով ընդհանրապես նախատեսված չէ, երկրորդը՝ հնարավոր է դառնում արխիվային նյութերը ոչնչացնել ոչ թե օրենքով, այլ «այլ իրավական ակտերով» (իրավական ակտի օրինակ է կառավարության որոշումը, ՏԻՄ որոշումը ևն), ըստ էության՝ Նիկոլի քմահաճույքով: Ես իրավաբան չեմ, բայց ինչքանով որ ես եմ հասկանում, այս փոփոխությունները հնարավորություն կտան Նիկոլին հետին թվով լիքը բան մաքրելու, ջնջելու, «պարզաջրելու»: Դե իսկ Աղրիդաղ Միրզոևի ուրախությանը հաստատ չափ ու սահման չի լինի»: Եվ ինչ հետևանքներ կարող է ունենալ գործակալական ցանցի վերաբերյալ տվյալների ոչնչացումը հատկապես երկրի համար ճգնաժամային այս փուլում, երբ «մազից է կախված» հայոց պետականության գոյությունը:

Իսկ հիմա խունտան իրագործում է ՀԱՊԿ-ը և հայ-ռուսական հարաբերությունները «դժբախտ և դժգույն» դարձնելը: Թե ինչ կար ՀԱՊԿ հռչակագրի նախագծում, որը Նիկոլը չուզեց ստորագրել, և այն ուղարկվեց լրամշակումների և ճշգրտումնե-րի` մենք չգիտենք, սակայն լավ հիշում ենք, որ կապիտուլյանտը 2020-ի նոյեմբերի 9-ին լրամշակումների և ճշգրտումների չէր ուղարկել խայտառակ կապիտուլյացիոն ղազագիրը: Համենայնդեպս, եթե տեքստը առավելապես հայավնաս լիներ, ապա Նիկոլը վազելով կստորագրեր: Արմեն Աշոտյանը, սակայն, տեսնում է զուգահեռներ Նիկոլի` հիմա չստորագրելու և ԼՏՊ-ի` ժամանակին Լիսաբոնում աննպաստ փաստաթուղթը չստորագրելու միջև...

ՆԱԵՎ` ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

1.jpg

Ընդհանրապես, ՀԱՊԿ-ը «դժբախտ ու դժգույն» սարքելը Նիկոլը սկսել էր դեռ 2018-ին` հիշենք թեկուզ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործ թխելը, այնուհետ` այնպիսի իրավիճակներ ստեղծելը, որ ՀԱՊԿ-ը ի շահ մեզ չաշխատի ու քայլ առ քայլ վարկաբեկվի և՛ միջազգայնորեն, և՛ ՀՀ քաղաքացիների աչքում: Մինչդեռ նախկինների, օրինակ` Սերժ Սարգսյանի օրոք, նույն ՀԱՊԿ-ը լավ էլ հայանպաստ փաստաթղթեր էր ընդունում, այդ թվում` ճանաչելով Արցախի ինքնորոշման իրավունքը: Այդպիսի մի փաստաթուղթ, թվագրված 2016-ի հոկտեմբերի 14-ով, կարող եք տեսնել նկարում: Նույն ՀԱՊԿ-ն էր, էլի հա-վաքված էին Երևանում, նույն Պուտինը և Լուկաշենկոն, իսկ Տոկաևի փոխարեն ավելի կոշտ Նազարբաևն էր: Պարզապես չկար Նիկոլն իր դավաճանական թրքահարճ խունտայով, սակայն կար ՀՀ երրորդ նախագահն իր ազգային-պահպանողական թիմով: Նույն ՌԴ-ին երկարականջ կենդանու տեղ դնող չկար, խաբող չկար, «չար ու բարի ոստիկան» խաղացող չկար, այլ կային փոխվստահելի հարաբերություններ:

Իսկ Նիկոլը, ռուսական կողմին և անձամբ Պուտինին հավաստիացումներ շռայլելով սեփական հավատարմության մասին, միաժամանակ «կանաչ լույս» վառեց ԱԺԲ-ի, Խզմալ-Դանչիկների և այլոց հակառուսական և հակաՀԱՊԿ վակխանալի-այի առջև: Ի դեպ, հետաքրքիր դետալ` ԱԺԲ-ի «Ռուսաստան թշնամի» հիստերիկ ակցիաները, բավականին քիչ լուսաբանվելով հայկական ԶԼՄ-ներում ու համեմատաբար քիչ` ռուսականներում, առավելագույս և չափազանցված լուսաբանվեց Ուկրաինայի քարոզչադաշտում: Պան Զելենսկու քարոզիչները հրճվանքով գրում էին, որ եթե փոքրիկ և թշնամիներով շրջապատված Հայաստանում մերժում են Ռուսաստանին (Իյա՛, իրո՞ք), ապա նշանակում է, որ Ռուսաստանի վերջը եկել է: Բայց օրինակ` սեփական յութուբյան ալիքներում ԱԺԲ-ականները քննարկում էին ոչ թե «Ռուսաստան թշնամի» դիսկուրսը, այլ` Ռուսաստանը չի՞ ուզում, թե՞ չի կարող օգնել Հայաստանին… Այսինքն` փողոցային վակխանալիան առավելապես տեսախցիկների համար էր, որպեսզի արտաքին լսարանին «լսացնեն» այն, ինչ պատվիրել են արտաքին գլոբալիստ տերերը, մեկ էլ` Նիկոլը:

Այսինքն` ունենք հիբրիդային տեղեկատվական պատերազմի դասական օրինակ: Եվ հարկ է նշել, որ ՀՀԿ երիտասարդական կառույցը ամբողջ համացանցով մեկ ակտիվ հակագրոհ էր նախաձեռնել` դատապարտելով և՛ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ թշնամական արշավը, և՛ շեշտելով ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների անվտանգային անփոխարինելի նշանակությունը: Ի դեպ, ՀՀԿ-ի գործիչներն ու քաղաքագետներն էլ պանելային քննարկումներ են նախաձեռնել հենց ՀԱՊԿ-ի ու վերջինիս երևանյան նիստի արդյունքների շուրջ:

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա այդ քաղաքական ուժին կարծես թե կաշկանդում են որոշակի ներքին խմորումները, սակայն այդտեղ էլ կա կայուն ՀՅԴ-ական կորիզը: Ու թերևս քիչ հավանական է, որ բանը հասնի Ալեն Սիմո-նյանի` ընդդիմությանը կատարյալ պառակտված տեսնելու երազանքին, ու դժվար թե Նիկոլը ստանա ևս մեկ անգամ արտահերթ ընտրություններով ամրապնդվելու շանս: Սակայն, ինչպես նկատել է Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ՔՊ-ականներն իրենց այնպես են պահում, կարծես թե բոլոր հարցերը լուծել են, և իրենց իշխանավարմանը ոչինչ չի սպառնում. «Հիմա հանգիստ ու բացառիկ անտարբերությամբ, հանգստությամբ ու ստոիկյան համբերությամբ այս խելոք «ուսապարկերն» իրենց մեջքին կրողի հետ որոշում են Երևանում կազինոներ բացել, նոր շատ բացառիկ ու աննախադեպ սուպեր նախարարություն բացել… Բայց կարևորը չմոռանալ, որ ոստիկանապետը պետք է ԱԽ անդամ լինի ու ՆԳ նախարարի տեղակալ, որ հանգիստ ընտրեն, հանգիստ ցրեն, հանգիստ բերման ենթարկեն, քրգործեր շուլալեն ու հանգիստ վայելեն՝ կազինոներում... Տեղի ունե-ցող աննախադեպ ու բացառիկ ցինիկ, դաժան և աճող հանցագործությունները 90-ականններն են հիշեցնում, բա կազինոներ չբացե՞նք, որ պատկերը լիարժեքանա, հը՞»:

Միայն կազինոներն էին մեզ պակաս` քաղաքական ղումարբազների այս աշխարհում: Դե, սատանի պարը կամրջին է բռնում…

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ