ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
Գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումն է, որում վճռորոշ դեր պետք է ունենա նաև պետությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ չափով պահպանվեց ՀՀ գիտական ներուժը: Անկախության տարիներին ի հայտ եկան նաև ոչ պետական գիտական կազմակերպություններ և գիտական ու գիտակրթական հիմնադրամներ, ներդրվեց պետական բյուջեից գիտական ծրագրերի և թեմաների մրցութային ու ծրագրային ֆինանսավորման համակարգ, որոշ չափով ընդլայնվեց գիտական կազմակերպությունների ինքնուրույնությունը, միջազգային և գիտատեխնիկական համագործակցությունը, ձևավորվեց անցումային շրջանի օրենսդրական դաշտը:
Միաժամանակ առաջացան հարցեր, որոնք միութենական հանրապետություններում լուծվում էին բացառապես կենտրոնի պատվերով և նրա հովանավորությամբ:
Անկախացում ձեռք բերած պետության համար անհրաժեշտ էին ստեղծել միջազգային համագործակցության նոր կապեր՝ արդեն նոր կանոններով, քանի որ գիտությունը բաց համակարգ է, և այն մեկ պետության շրջանակներում զարգացնել հնարավոր չէ:
Արդեն 1992թ. Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետություն: Այսօր Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համաշխարհային ճանաչում ունեցող շատ բարձր վարկանիշով գիտական կենտրոն է: 1994թ. ՀՀ-ն միացավ նաև Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին համաձայնագրին:
Գիտության ոլորտում միջազգային համագործակցության նմանատիպ քայլերը որոշ չափով բարելավեցին ստեղծված իրավիճակը՝ դրամաշնորհային ծրագրերի միջոցով ապահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ գիտության զարգացման համար: Օրինակ, առ այսօր Հայաստանի 75 գիտահետազոտական կազմակերպություններից ՄԳՏԿ ֆինանսավորման է ներկայացվել ավելի քան 400 նախագիծ, որից 154-ը՝ 36,5 մլն դոլար արժողությամբ, ֆինանսավորվել են:
Չնայած այս ամենին ոլորտում ի հայտ եկան նաև առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրներ՝ կապված գիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գիտական անկախ փորձաքննության, պետության կողմից գիտությանը կոնկրետ ձևակերպված և հասցեագրված պատվերների բացակայության, գիտության ոլորտի առևտրայնացման, գիտական արդյունքի ապրանքայնացման ցածր մակարդակի հետ: Հիշյալ խնդիրներն էլ դարձան օրվա հրամայականը: Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել արդյունավետ գործող, արդիական գիտակրթական համակարգի հստակ աշխատանքի խաղի կանոններ Հայաստանում, որի համար խիստ կարևոր է միջազգայնորեն ընդունված նորմերի կիրառմամբ միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցությունը:
Միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցության բավարար կազմակերպումը կօժանդակի Հայաստանում առկա և ձևավորվող հեռանկարային գիտական ուղղությունները արտերկրի նմանօրինակ ուղղություններին ինտեգրելու գործում: Կլուծվեն գիտական արդյունքի ապրանքայնացման և արտերկրում դրա իրացման հարցերի կազմակերպումը: Կներդրվի միասնական գիտական տեղեկատվական համակարգ՝ լուծելով ոլորտում ժամանակակից գիտատեխնիկական բազայի բացակայության հարցը:
Միջազգային համագործակցության օպտիմալ և արդյունավետ կազմակերպումը կնպաստի նաև գիտության ֆինանսավորման առկա խնդիրների լուծմանը: Անգամ պետական բյուջեից ֆինանսավորման բազմաձևության (նպատակային-ծրագրային, բազային, պայմանագրային (թեմատիկ) ներդրման պայմաններում էլ գիտության ոլորտում ֆինանսական միջոցները խիստ անբավարար են և չեն կարողանում ամբողջովին ծառայել գիտության զարգացման խնդրին: Ստորագրելով պայմանագրեր մի շարք երկրների հետ, ինչպես նաև դառնալով միջազգային գիտահետազոտական կենտրոնների անդամ-պետություն՝ Հայաստանի Հանրապետության համար հնարավորություններ են ընձեռվում համաֆինանսավորման սկզբունքով իրականացնել մի շարք ծրագրեր:
Շատ կարևոր հարց է գիտական արդյունքների, ինչպես նաև գիտելիքի առևտրայնացման խնդիրը։ Հայաստանում այդ ոլորտը բավական ցածր մակարդակի վրա է։ Հայաստանը մի շարք երկրների համար գիտական որոշ ոլորտներում դեռևս գայթակղիչ երկիր է համարվում։ Խոսքն առաջին հերթին բնական գիտությունների մասին է։ Զարգացած շատ երկրներ բավական ինտենսիվորեն են զբաղվում գիտելիքի առևտրայնացմամբ։ Այս առումով խիստ կարևոր է ձեռք բերել համագործակից միջազգային կազմակերպություններ, որոնք իրենց ֆինանսական և կադրային ռեսուրսները կներդնեն՝ համատեղ ծրագրեր իրականացնելու և կիրառելու համար:
Ելնելով վերոնշյալ խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային գիտատեխնիկական կապերի զարգացմանը նպաստելու և գիտության բնագավառում միջազգային համագործակցությանը միասնական մոտեցում ցուցաբերելու գործընթացում:
Կոմիտեն իր գործունեության այս կարճ ժամանակահատվածում սերտ կապեր է հաստատել միջազգային ասպարեզում, մշակվել են միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի մի շարք նախագծեր:
Լինելով հետխորհրդային երկիր՝ ՀՀ-ն խիստ կարևորում է ունեցած կապերը նախկին ԽՍՀՄ պետությունների հետ: Այս առումով էլ 2008թ. մարտի 25-ին Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի (ՀՀՌՀ) և Գիտության պետական կոմիտեի միջև կնքվեց համագործակցության մասին մտադրությունների հուշագիր, որի նպատակը երկու երկրների ժողովուրդների միջև եղած ավանդական գիտական կապերի զարգացումն ու հարաբերությունների ամրապնդումն էր, ինչը պետք է բխեր Ռուսաստանի Դաշնության և ՀՀ գիտության զարգացման շահերից ու նպաստեր երկու երկրների գիտական աշխատակազմերի և հետազոտողների միջև համագործակցության զարգացմանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ հիմնարար գիտական հետազոտություններ անցկացնելու համար:
Նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվել նաև Բելառուսի գիտության պետական կոմիտեի և Միջազգային գիտատեխնիկական կոմիտեի հետ։ Նախատեսվում է պայմանագիր կնքել Բրազիլիայի Կրթության և գիտության նախարարության հետ: Առաջարկներ կան նաև ֆունդամենտալ և տիեզերական գիտությունների ասպարեզում գործող գերմանական ֆոնդերի կողմից:
2009թ. գիտական համագործակցության մասին պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի Հանրապետության Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ (ԳՀԱԿ):
Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել երկու երկրների միջև գիտնականների փոխանակման, համատեղ գիտահետազոտական ծրագրերի, գիտաժողովների և սեմինարների կազմակերպման մրցույթներ: Նախատեսվող ծրագրերն ու միջոցառումներն իրականացվելու են համատեղ ֆինանսավորմամբ՝ ԳՀԱԿ-ի գիտական համագործակցության միջազգային ծրագրերի, միացյալ միջազգային լաբորատորիաների, միջազգային գիտահետազոտական խմբերի օժանդակությամբ: Նախատեսվող ծրագրերում շեշտը դրվելու է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վրա՝ հատկապես ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, հումանիտար և սոցիալական գիտությունների:
Հենց այս պայմանագրի շրջանակներում էլ մարտ ամսին հայտարարվեց գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ փոխգործակցության առաջարկների մրցույթ:
Օրերս ՀՀ կառավարությունն ընդունեց նաև Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը: Ներկայումս ՀՀ և արտերկրի հայ գիտնականների միջև գիտական համագործակցությունն իրականացվում է անհատ գիտնականների կամ գիտական կազմակերպությունների նախաձեռնությունների մակարդակով: Ներուժի համախմբման ծրագրի նպատակն էր համակարգել, ընդլայնել և զարգացնել այդ համագործակցությունը, համախմբել Հայաստանի և սփյուռքի հայ գիտնականներին, ինչի շնորհիվ գիտության շատ ոլորտներ կսկսեն ավելի նպատակային զարգանալ: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված միջազգային գիտաժողովների կազմակերպման, արտերկրում երիտասարդ գիտնականների ուսուցման, գիտելիքի և գիտական արդյունքի առևտրայնացման խնդիրներին: Արտասահմանցի հայ գիտնականների ներուժի համախմբումը կբերի նրան, որ գիտական խնդիրներ լուծելու համար կօգտագործվեն նաև արտաքին ֆինանսական աղբյուրները: Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի շրջանակներում կիրականացվի արտերկրի հայ գիտնականների գիտական գործունեությունը նկարագրող տվյալների հավաքագրում և բազայի ստեղծում՝ գիտական համագործակցության խթանման և ընդլայնման, գիտական նոր կապերի հաստատման, միջազգային փորձի փոխանակման, որակյալ գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման համար: Ընդունված ծրագիրը կնպաստի նաև Հայաստանի և օտարերկրյա պետությունների հայագիտական կենտրոնների համագործակցության սերտացմանն ու համատեղ հետազոտությունների իրականացմանը, սփյուռքահայության ստվար հատվածի հետ կապերի ընդլայնմանն ու խորացմանը, պետության համար կարևոր հիմնախնդիրների լուծման գործում արտերկրի հայ գիտնականների գիտելիքների, փորձի և հնարավորությունների օգտագործմանը:
Գոհար Մելիքսեթյան
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե
դեպի ետ