• am
  • ru
  • en
Версия для печати
21.11.2022

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ, ՎԱՆԴԱԼՆԵՐԸ՝ ՀԱԿԱՌՈՒՍ

   

Արեւմտամետների Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի հերթական քննարկման ժամանակ մինչեւ վերջերս Պահպանողական կուսակցությունը ղեկավարող, հիմա արդեն նախկին նախագահ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ առաջարկով է հանդես եկել, թե բա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ հեռացնել ռուսական բանակին վերաբերող երեւանյան երկու հուշարձան:

«Մեր անկախության առաջին օրերին դրանց վրա շատ ջանադրորեն ներկ էր շփվում, որովհետեւ ռուսական օկուպացիոն բանակն էր մեզ պետականությունից զրկել: Եվ Պուտինի գալուն ընդհառաջ ո՛չ ռուսական օկուպացիային, ո՛չ ՀԱՊԿ-ին նախաձեռնության շրջանակում մեր առաջին քայլը կլիներ հենց այդ երկու զազրելիությունները մեր անմիջապես քաղաքի կենտրոնից հեռացնելը», - ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է Հայրապետյանը՝ արժանանալով ներկա քաղաքագետների, փորձագետների ու քաղաքական գործիչների լուռ համաձայնությանը: Ընդ որում՝ վերոնշյալ քննարկմանը ներկա է եղել նաեւ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Վիգեն Խաչատրյանը:

Թե ո՞ր հուշարձանների ուղղությամբ է Միքայել Հայրապետյանը հորդորում «դիվերսիա» իրականացնել ու հեռացնել, «Իրավունքը», ըստ վերջինիս նախանշած տեղանքի, պարզեց, որ խոսքը Շահումյանի անվան պուրակում գտնվող Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման համար զոհված մարտիկներին նվիրված «Հավերժական կրակ» հուշակոթողի եւ Մանկական զբոսայգում գտնվող Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 20-ամյակին նվիրված հուշարձանի մասին է:

Ըստ էության, այս հուշակոթողներն այսօր սպառնալիքի տակ են, ինչի վերաբերյալ լռում է Երեւանի քաղաքապետարանը, ԿԳՄՍ նախարարությունը, Երեւանի ավագանու իշխանական ու ընդդիմադիր անդամները, պատմաբանները, մշակութասերներն ու երեւանցիները: Թեպետ, եթե այս հուշարձանները վանդալիզմի ենթարկվեն, ապա դրա ողջ քաղաքական պատասխանատվությունը նախեւառաջ իշխանությանն է՝ ի դեմս պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ներկա լռության:

Իսկ Պահպանողական կուսակցությանը մնում է աչքալուսանք տալ, որ կարողացել են ազատվել ոչ պահպանողական եւ վանդալիզմի կողմնակից ղեկավարից: Այն մարդուց, ով դեռեւս, որպես Պահպանողական կուսակցության ղեկավար, 2021 թվականին արտախորհրդարանական ուժերից առաջիններից մեկն էր, ով շտապես Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել` կայացած խորհրդրարանական արտահերթ ընտրություններում կրած հաղթանակի առթիվ՝ պատերազմում կրած պարտությունից հետո: Այնպես որ, հիմա էլ ժամանակն է, որ ոչ թե իշխանությունը սեղմի Միքայել Հայրապետյանի ձեռքը, այլ, պարզապես, բռնի, որպեսզի հուշարձանները չենթարկվեն վանդալիզմի: Իհարկե, եթե իշխանության բարձր հովանու ներքո չեն գեներացվում հակառուսական գործողությունները՝ նախատեսված Երեւանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ