• am
  • ru
  • en
Версия для печати
18.11.2022

ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԶԶՎԵԼԻ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ, ԻՍԿ ՀԱՅ ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ

   

Ինչպես անդրադարձել էինք, ԽՍՀՄ նախկին երկրներում խարիզմատական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ Ալեքսեյ Լեդյաեւը հրավիրվել էր Ադրբեջան, մասնավոր այցով նաեւ Շուշի եւ մանիպուլյատիվ ելույթներ ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Անդրադառնալով վերոնշյալին` «Դիալոգ» Կրոնի եւ հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնի ղեկավար, աղանդագետ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ դրան հաջորդել է այն, որ հայ խարիզմատական շարժումների առաջնորդները հադես էին եկել Ա. Լեդյաեւի հասցեին հանդիմանական ելույթներով, որն, իր կարծիքով, բավականին մակերեսային էր:

— Անգամ այդ մակերեսային հանդիմանանքը շատ «զայրացրել» է Ա. Լեդյաեւին, եւ նա երկու այլ խարիզմատական առաջնորդների հետ միասնական հաղորդման մեջ փորձել էր բացատրել իր քայլը, սակայն շատ ավելի վիրավորական դիրք էր զբաղեցրել հայերի նկատմամբ՝ հայերին բնութագրելով ո՛չ քրիստոնեական, ո՛չ խորիմաստ եւ ռուսահպատակ, ռուսաստրուկ պահվածքի մեջ: Ի դեպ, նրա հարցազրույցից հասկանալի էր նաեւ, որ խարիզմատական շարժումները իրենք իրենց մեջ լուրջ քաղաքական հանձնառություններ ունեն եւ այս պահին բաժանված են նաեւ պրոռուսական, պրոուկրաինական, պրոադրբեջանական գաղափարախոսությունների: Մի կողմից ուրախացնող է, որ այդ մարդը արդարանալու միտումով ցույց տվեց իր իրական դեմքը, դիմելով լուրջ մանիպուլյատիվ հնարքների, աղավաղելով թե՛ քրիստոնեական արժեքները, թե ազգային եւ հայրենասիրական հասկացությունները, թե՛ ավանդույթները: Ամբողջ հաղորդման ընթացքում նա ծաղրական տոնայնությամբ հեգնում էր հայերի կողմից առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը, այն, որ հայերը իրենց իբր թե քրիստոնեական երկիր են համարում, Երուսաղեմում իբրեւ թե հայկական թաղամաս կա: Ու այնքան անգրագետ, որ Առաքելական եկեղեցու հետեւորդներին նույն շարքում էր դիտարկում, ինչպես իրենց կողմից հիմնադրված ինչ-որ կառույցներ` իրենք իրենց անվանելով քահանաներ եւ եպիսկոպոսներ:

— Մասնավորապես` Շուշի իր այցելության վերաբերյալ արձագանքներին մասին ի՞նչ է ասում Ալեքսեյ Լեդյաեւը:

— Իր այցելության վերաբերյալ արձագանքը ներկայացվում է, որպես հայերի կողմից ադրբեջանցիների հանդեպ կողմնակալ բացասական վերաբերմունքի արդյունք՝ «это аллергия армянского народа на Азербайджан», «Когда говорят Азербайджан, у армян начинается агрессия», «Пострадали оба народа»: Ա. Լեդյաեւը մանիպուլացնում եւ քաղաքականացնում է քրիստոնեական մոտեցումները՝ «Дьявол столкнул эти два народа», հետո շեշտելով, որ իբրեւ թե ինքը քաղաքականությունից հեռու մարդ է, հայերին ագրեսոր անվանելուց հետո հատուկ գովասանքներ է հղում Ալիեւի հասցեին, թե՝ (ուշադրություն, ուշադրություն), Ալիեւը քրիստոնեական երկիր է կառուցում եւ առաջնորդվում է քրիստոնեական արժեհամակարգով (ըստ իր տրամաբանության՝ Հայկական եկեղեցին տարիներով ճաղավանդակներով պատսպարելը եւ աղանդավորներին կանաչ ճանապարհ տալը նշանակում է քրիստոնեական երկիր կառուցել): Իր ամբողջ ելույթի տրամաբանությունը հանգում էր նրան, որ ադրբեջանցիները, ի դեմս Ալիեւի, շատ ավելի քրիստոնյա են, քան՝ հայերը: Նրա կարծիքով` հայերը շատ ավելի վայրագ են, քան ադրբեջանցիները, որովհետեւ հայ զինվորները խաչեր են դաջել ադրբեջանցիների մարմինների վրա (հատուկ են խաչի պահը շեշտում), ու ոչ մի խոսք, բացարձակ ոչ մի խոսք ադրբեջանցիների վայրագությունների մասին: Սա ուղղակի խայտառակ հարցազրույց էր, մտածում էի Շուշի գնալուց հետո ավելի վիրավորական ու զզվելի վերաբերմունք հայ խարիզմատների հանդեպ չէր լինի, բայց սխալվում էի, դրա բացատրությունն ու արդարությունը շատ ավելի զզվելի էր: Ինչ-որ աղանդավորներ նստած վերլուծում են արցախյան հակամարտությունը, որտեղ, ի դեպ, 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ մեկ չի տարանջատել` ո՞վ ինչին է հավատում, նաեւ խարիզմատ տղաներ են կռվել եւ զոհվել, իսկ ինչ-որ մի հավատքի հաշվին փող աշխատող մանիպուլյատոր Հայաստանին անվանում է ՝ Армения-служанка Кремля:

— Այդուհանդերձ, այսօր պե՞տք է զարմանալ, որ խարիզմատական շարժումների հիմնադիր-առաջնորդը նման տեսակետ ունի:

— Ա. Լեդյաեւի վերաբերմունքն ինձ չի զարմացնում, քանի որ նրա փողասիրությունը, իշխանության ձգտումը եւ քաղաքական նկրտումները հայտնի են վաղուց ի վեր. իրեն ով հրավիրում է, նրա համար էլ երգում է, իրեն հարազատ լեզվով ասած. «кто платит, тот и заказывает музыку»: Ի դեպ, նա շեշտում էլ է, որ իրեն վերջերս Հայաստան չեն հրավիրում, եթե հրավիրեին՝ հայերի կողմից էլ կխոսեր: Այս ամենի ֆոնին ինձ ավելի զարմացնում է հայ խարիզմատների լռությունը այս հարցազրույցի վերաբերյալ: Մարդու համար միշտ ծանր է ընդունել սեփական սխալ որոշումները, եւ այդ սխալմունքին տարիներով հետեւելը, բայց եթե ոչ հիմա Հայաստանի խարիզմատները պետք է անդրադարձ կատարեն, թե որ «գայլն» է իրենց Մայր Եկեղեցուց, ազգից եւ անցյալից կտրել, ապա` ե՞րբ: Ե՞րբ պետք է սկսել տարբերել իրական քրիստոնեական ուսմունքը, հիմնված Աստվածաշնչի, Սուրբ Հայրերի մեկնությունների, ճշմարտությամբ ապրված կյանքի եւ այդ ապրածով ապացուցված ճշմարտությունը՝ կեղծ «քրիստոնեական» մանիպուլյացիաներից, ե՞րբ պետք է դադարեն կրոնական օտարամոլությունը, սեփական ինքնության քայքայումը հանուն դրսից եկած փողերի եւ տրանսհումանիստական երեւույթների: Այ սրանք են այն հարցերը, որոնց շուրջ պետք է խորհել հիմա:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ