
ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՆԳԼՈՍԱՔՍԵՐՆ ԻՐԱՆԻՑ
Իրանն անցավ հակապետական անկարգությունների նկատմամբ ամենակոշտ միջոցառումներին: Այսպես, Թեհրանի դատարանը հակակառավարական ցույցերի մասնակցի համար կայացրել է առաջին մահապատժի վճիռը: Եվս հինգ հոգի այս պահին դատապարտվել են հինգից տասը տարվա ազատազրկման:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ Է
Իր այս քայլով Իրանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ամենեւին էլ չի պատրաստվում սպասել, որ ամերիկացիները, ո-րոնք արդեն բացահայտորեն են ցույց տալիս, որ այդ ամենն իրենց կազմակերպածն է, Իրանից երկրորդ Սիրիա սարքեն: Նաեւ, որ Թեհրանն ունի բավարար ռեսուրսներ ոչ միայն ներքին իրավիճակը, այլ նաեւ արտաքին սահմանները վերահսկողության տակ պահելու համար: Արդյունքում, ամբողջ հարցն այս է դառնում՝ իսկ ԱՄՆ-ն կարո՞ղ է իր համար նախընտրելի վերջաբանի հասցնել Իրանի դեմ այս արշավը: Ընդ որում, որ այս հարցադրումն ամենաուղղակի ձեւով կապված է նաեւ Հայաստանի հետ, հասկանալի է:
Ամերիկյան այս սցենարը, սակայն, գոնե մեկ մեծ թերություն ունի: Այն աստիճան է ակնհայտ դրա կործանարար ազդեցությունը ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար, որ դա դրդում է Մոսկվային եւ Թեհրանին՝ ամենասերտ ռազմա-կան հարաբերությունների: Մոտավորապես այնպես, ինչպես նույն ամերիկյան ճնշումները սերտ հարաբերությունների մղե-ցին նաեւ Չինաստանին եւ Ռուսաստանին: Ավելին, Իրանի նկատմամբ նման արշավը հեռահար հարված է Չինաստանին, եւ չբացառենք, որ իրականում հենց դա է Վաշինգտոնի հիմնական թիրախը: Այսինքն, Իրանին չեզոքացնելու դեպքում միանգամից անիրատեսական է դառնում ամեն մի «Մետաքսի ճանապարհ» կամ «Հյուսիս-Հարավ», որոնք, չմոռանանք, դոլարի, այն է՝ ամերիկյան հեգեմոնիայի գլխին կախված հիմնական վտանգներից մեկն է: Այսինքն, Իրանի ուղղությամբ այս ճնշումը ոչ թե միայն ռուս-իրանական, այլ ավելի գլոբալ՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան ռազմաքաղաքական հարաբերությունների ակտիվ սերտացմանը նպաստող գործոնի է վերածվել: Ամերիկացիների համար սա միանգամայն անցանկալի էֆեկտ է, բայց այլ տարբերակ պարզապես չկա:
ԻՐԱՆՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ՞
Ներիրանական հարթակում, չնայած այս աննախադեպ գրոհին, «հեղափոխության» գործը դեռ անհրաժեշտ էֆեկտին չի բերում: Ավելին, «հեղափոխության» ակտիվիստների նման երկարաժամկետ պատժամիջոցների եւ ընդհուպ՝ մահապատժի կիրառման ռազմավարությունը եթե Թեհրանը շարունակի, ապա դա էլ ավելի է նվազեցնում հաջողության շանսերը. հանուն ամերիկյան փողի «հեղափոխականներին» սպառնում է երկար տարիներով բանտում հայտնվելու, առավել եւս՝ մահապատժի հեռանկարը:
Սակայն Իրանի պարագայում կան նաեւ գաղափարական «հեղափոխականներ»: Խոսքը՝ մասնավորապես քրդական զանգվածների մասին է, որոնք, ի սկզբանե էլ հայտնի էր, հիմնական հարվածային ուժերից մեկն են: Իհարկե, իրանական քրդերը հիմնականում այն արմատական դիրքերում չեն, որքան իրաքյան, թուրքական կամ սիրիական քրդերը: Սակայն հարմար առիթի եւ դրսից ռազմական աջակցության դեպքում, եթե Իրանում հեղափոխության զարգացումը հասնի այն մակարդակին, որ հաջողության հույս ստանան, քրդերը, թերեւս, ակտիվ հարձակման կանցնեն: Սակայն հենց այդ «կրիտիկական պահն» է, որ դեռ չի ստեղծվում: Մի կողմից, Թեհրանը ճիշտ պահին հրթիռային հարվածի տակ առավ իրաքյան Քուրդիստանը, որն ակնհայտորեն իր էֆեկտն ունեցավ: Մյուս կողմից, Իրանի հյուսիսային գոտում գրեթե մշտական դարձած զորավարժանքները վերահսկողության տակ են պահում ինչպես Բաքվից հրահրվող ազերիական մասսաներին, այնպես էլ՝ քրդերին: Արդյունքում, արդեն ամիսուկես «հեղափոխությունը» տեղապտույտի մեջ է, իսկ ամեն մի դանդաղում, ըստ դասական կանոնների, հեղափոխությունների համար անկում է ենթադրում: Ասենք այն, որ Վաշինգտոնը սկսել է առաջին պլան դուրս գալ, հենց «հեղափոխական» անկման մասին է ակնարկում, եւ պետք է հեղափոխական մասսաներին համոզել, թե՝ «Արեւմուտքը կօգնի»: Բայց երբ դրան հաջորդում է մահապատժի վիճռը, ապա «բարոյական օգնությունը» հազիվ թե էֆեկտիվությամբ փայլի:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կարճ ասած, այս պահին տեսանելի չեն Իրանում «հեղափոխությունը» իշխանափոխության կամ գոնե քաղաքացիա-կան պատերազմի տանելու շանսերը: Այլ հարց, որ եթե ամերիկացիները կարողանան Իրանը ներքաշել մեծ կամ փոքր ինչ-որ պատերազմի մեջ, ապա այս դեպքում ներքին «5-րդ շարասյունը» անհամեմատ ավելի լուրջ շանսեր կստանա:
Պատերազմի համար ռեալ հնարավորություն կստեղծվի, եթե ամերիկացիներին հաջողվի ավարտին հասցնել հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հարցը: Կամ գոնե Ալիեւը համաձայնի զորքեր մտցնել Սյունիք, բայց վստահ լինելով, որ Թուրքիան անվերապահորեն իր կողքին կկանգնի, ինչ զարգացում էլ որ լինի:
Բայց ահա Թուրքիան ունի այս խնդիրները: Նախ, այդ օպերացիան միանշանակ ենթադրում է Ռուսաստանի հետ ուղիղ բախում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, այլ որ Ռուսաստանն այդ դեպքում ինքն իրեն է պաշտպանելու՝ հաշվի առնելով Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ հայտնվելու հետեւանքները: Ավելին, բախվելու է նաեւ Իրանի հետ, եւ շատ մեծ է հավանականությունը, որ Չինաստանն էլ կմտնի այդ խաղի մեջ: Ընդ որում, եթե այդ դեպքում միջամտի նաեւ ՆԱՏՕ-ն, ապա դա կնշանակի Երրորդ աշխարհամարտ, եւ Անկարան կարող է վստահ լինել, որ առաջին իսկ միջուկային պայթյուններից մեկն իր մոտ է լինելու:
Հաջորդը: Էրդողանի համար, թերեւս, ոչ պակաս վտանգավոր կարող է լինել այն քիչ հավանական սցենարը, որ Ռուսաս-տանը չի միջամտում, եւ ամերիկացիներին հաջողվում է տրոհել Իրանը: Այս դեպքում Ադրբեջանը կարող է, որպես պարգեւ, ստանալ հյուսիսային Իրանը: Իրանական Քուրդիստանն ուղղակիորեն կկապվի իրաքյան Քուրդիստանի հետ, եւ «Մեծ Քուր-դիստանը» կդառնա պատրաստ: Իսկ ի՞նչ կստանա Թուրքիան, պանթյուրքիստական հեռանկարնե՞ր, բայց նաեւ ամեն պահ Թուրքիան մասնատելու պատրաստ Մեծ Քուրդիստանի հարեւանությամբ, որը կդառնա տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հիմնական դաշնակիցը: Կամ որ ավելի իրատեսական է. այս սցենարի դեպքում Վաշինգտոնի ինչի՞ն է պետք Էրդողանը՝ իր բոլոր «կապրիզներով» հանդերձ: Երբ ձեռքի տակ ունեն կյանքով Վաշինգտոնին պարտական Ֆեթուլլահ Գյուլեն, կամ գոնե Ահմեդ Դավութօղլու ու նման այլ կերպարներ: Եվ ահա, երբ Թուրքիան ակնարկում է, թե Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության մեղավորն ամերիկացիներն են, որոնց հովանավորյալ քրդերն էլ իրականացրել են պայթյունը, դա ամենեւին էլ նման չէ, որ նրանց ջրերը կարող են նույն հունով գնալ:
Այ, եթե ամերիկացիները խոստանան, որ Քուրդիստան չեն ստեղծի, Էրդողանը դրանից կարող է էլ ավելի ակտիվանալ: Բայց մյուս կողմից էլ, Քուրդիստանն առաջին հերթին իսրայելյան ծրագիր է, ուղղված ոչ միայն Թուրքիային, այլ թերեւս դրանից էլ առաջ, արաբական աշխարհի դեմ, ու հազիվ թե Վաշինգտոնը հանուն Էրդողանի, որին ծրագրում են գալիք տարի տապալել, իր գլոբալ ծրագրերը փոխի:
Թերեւս, հենց Թուրքիայի այդ սպասողական դիրքորոշումն էր պատճառը, որ ամերիկացիները վերջին ժամանակներս փորձում են սրել նաեւ Իրանի եւ ի դեմս Սաուդյան Արաբիայի, արաբական աշխարհի հետ հարաբերությունները՝ անթաքույց քարոզելով այս ուղղությամբ պատերազմի հնարավորության հարցը: Սակայն այս դեպքում էլ մի քանի հռետորական բնույթի հարաբերություններից այն կողմ ինչպես պարսիկները, այնպես էլ արաբները չանցան: Ճիշտ է, այդ մասին գրեթե չխոսվեց, սակայն որոշ աղբյուրներ ակնարկում են, որ երկու կողմերի հետ ունենալով միանգամայն բարձր կարգի, ավելին՝ ընկերական բնույթի հարաբերություններ, Պուտինը ճիշտ պահին կարողացավ կասեցնել Թեհրանի եւ Ալ-Ռիադի հարաբերությունների հետագա սրացումները:
Այսպիսով, չնայած ընդհանուր շիկացած ֆոնին, քիչ հավանական է թվում նաեւ, որ Իրանի հետ կապված լոկալ պատե-րազմ ստեղծելու Վաշինգտոնի հնարավորությունները մեծ են, թեեւ Թեհրանը շարունակում է նախապատրաստական աշ-խատանքները՝ բոլոր անակնկալներից զերծ մնալու համար: Այսինքն, լոկալ պատերազմ չի ստացվում, այլ՝ Երրորդ աշխարհամարտ, հենց որից էլ ԱՄՆ-ն փորձում է խուսափել: Արդյունքում այն տպավորությունն է, որ երբ վերջերս Բայդենը խոստանում էր՝ «Շուտով Իրանն ազատագրել», ծերուկն էլի ինչ-որ բան է շփոթել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
www.iravunk.com
դեպի ետ