
ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՑԵԼ Է ԼՐԻՎ ԲԱՑ ԽԱՂԻ. «ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ» ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Իհարկե, առաջին հայացքից կա տպավորություն, որ Վաշինգտոնում նախօրեին կայացած Բլինքեն-Բայրամով-Միրզոյան հանդիպումն էական արդյունքներ չտվեց: Բայց մյուս կողմից, երբ 4 ժամ ինչ-որ բանից են խոսում, դա չի կարող լիակատար անարդյունք համարվել: Ասենք, բուն փաստը, որ Սոչիից հետո Վաշինգտոնում նման հանդիպում եղավ, արդեն իսկ որոշակի բաների մասին է ակնարկում:
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Չնայած, Միրզոյանի «կոնտորայի» հաղորդագրությունն այդպես էլ հերթական անգամ որեւէ հստակ բան չի ասում: Գնացին, զրուցեցին, այդ ընթացքում՝ «Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ եւ արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռեւս հասցեագրման կարիք ունեն»: Նաեւ մեկ «շուստրի» միտք, թե. «Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»: Կարճ ասած, թե հա՛մ Վաշինգտոնի հետ են աշխատում, հա՛մ էլ՝ Մոսկվայի: Վերջում էլ պայմանավորվեցին նորից հանդիպել եւ «ցվրվեցին տներով»՝ պայմանավորվելով մոտ ժամանակներս նորից հանդիպելխոսել:
Չորս ժամ միայն այսքանո՞վ էին զբաղված: Կամ եթե ընդունենք, որ չորս ժամ ավելի լուրջ բաներից էին խոսում, ապա կնշանակի, որ Միրզոյան Արոն ու նրա շեֆը շարունակում են ժողովրդի թիկունքում երկրի ճակատագրին վերաբերող հարցեր լուծել քեֆները տվածին պես:
Չնայած, Բլինքենի հայտարարությունից ավելի շատ բան կարելի է հասկանալ: Կրկնենք, բուն փաստը, որ նման հանդի-պում եղավ, արդեն իսկ երկու բանի մասին է խոսում: Առաջինը, որ ամերիկացիները շարունակում են ռուսների հետ կռիվը՝ արցախյան եւ հայ-ադրբեջանական գործընթացները խլելու համար: Երկրորդը, որ Նիկոլն ու Ալիեւը գնում են այդ խաղի ուղղությամբ: Միգուցե Ալիեւը նույնիսկ «վազելով». այս խաղն իրեն առավել քան ձեռնտու է: Նիկոլն էլ, միգուցե, վախվորած, հայացքը Մոսկվայից, թերեւս նաեւ Թեհրանից չկտրելով. համենայնդեպս, հենց այնպես չէ, որ վկայակոչում են նաեւ Սոչիի հանդիպումը: Բայց գնում են, անկախ նրանից, թե ինչ նկրտումներով կամ տրամադրություններով:
Իսկ ահա բուն խոսքում Բլինքենը նաեւ հուշում է, թե ինչ է կատարվում: Նախ. «Ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին այստեղ՝ Վաշինգտոնում, շարունակելու համար շատ արդյունավետ երկխոսությունը, որը մենք նախաձեռնեցինք Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ապա դրան հետեւած մեր թիմերի միջեւ զրույցներում...»: Այսինքն, որ այս հանդիպմանը զարգացրել են ամերիկացիների ծավալած գործընթացը, եւ Սոչիի մասին արդեն խոսք չկա:
Թե ինչու, կարելի է հասկանալ պետքարտուղարի հաջորդ մտքից: Նախ, թե՝ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային անկախությանը, եւ 1991 թվականի անկախության վերականգնումը կենսականորեն կարեւոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար: Այստեղ «տարածքային անկախություն» ասվածն է շփոթեցնող տեսք ստեղծում, սակայն ակնհայտորեն խոսքը «տարածքային ամբողջականության» մասին է, ու միաժամանակ բառ անգամ չկա «ինքնորոշման իրավունքի» մասին: Կարճ ասած, որ պետք է վերականգնել 1991թ. պատկերը, երբ Արցախը, ավելի ճիշտ՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղը լիովին Ադրբեջանի կազմում էր: Այսինքն, Բլինքենը, մի քիչ պատկերը խճճելով, այնուամենայնիվ, ավելորդ անգամ պարզ ցույց է տալիս, թե ինչ էր դրված Պրահայի հանդիպման կամ «Բրյուսելի ձեւաչափի» հիմքում, ինչքան էլ որ Նիկոլը Պուտինին փորձում էր համոզել, թե Պրահայում բանակցում էր՝ Մոսկվայի առաջարկած մեխանիզմը գլխից չհանելով:
Բացի այդ, Բլինքենը նաեւ այն միտքն է առաջ տանում, թե հարցը պետք է լուծել «ուղիղ երկխոսության» միջոցով: Երկ-խոսությունը, ըստ բառի բուն իմաստի, երկու կողմերի խոսակցությունն է: Այսինքն, կարելի է Բլինքենի միտքը նախ այսպես հասկանալ՝ ի՞նչ «Եռակողմ ձեւաչափ», պետք է երկուսդ նստեք եւ պայմանավորվեք: Բայց մյուս կողմից Բլինքենը «երկխոսություն» ասվածը պատկերացնում է Նյու Յորքի հայտնի հանդիպման տեսքով: Այն է՝ երկուսով խոսում են, իսկ ամերիկացիները կողքից թելադրում: Ու իմաստը, թե ինչ էր քարոզում այս հանդիպման ժամանակ, դառնում է ակնհայտ. պետք է եր-կուսով խոսեք եւ ընդունեք մեր առաջարկած պլանը, որը ենթադրում է Արցախը թողնել Ադրբեջանին: Չնայած, որ Բլինքենը հենց դրա համար էր այս հանդիպումը կազմակերպել, ի սկզբանե էլ ենթադրելի էր:
ՈՒ ՆՈՐԻՑ «ԳՈԲԼԻ ՊԼԱՆ»
Իհարկե, դեռ պետք է հասնել այն հարցին, թե Միրզոյան Արարատը, երբ ողջ Արցախը՝ բնակչությամբ եւ ղեկավարու-թյամբ հանդերձ, արգելեցին նման հարցեր քննարկել, ի՞նչ իրավասություններով է նման բանակցությունների մեջ մտել: Եվ որ ավելի կարեւոր է, ինչպե՞ս է դրա տակից դուրս գալու: Սակայն մինչ այդ, փորձենք տեսնել նաեւ, թե ո՞րն է, ի վերջո, ամերիկացիների ուզածը, ի՞նչ խաղ են ծավալել մեր ուղղությամբ:
Եվ ահա, վաշինգտոնյան այս հանդիպմանը զուգահեռ, նորից «ջրի երես ելավ» արցախյան գործընթացի հետ կապված ամերիկյան ամենահին դեմքերից մեկը՝ տխրահռչակ Փոլ Գոբլը: Միգուցե ոմանք արդեն մոռացել են արցախյան խնդրի կարգավորման հետ կապված «Գոբլի պլանը», ուստիեւ հիշեցնենք հիմնական իմաստը: Ժամանակին նա կարգավորման տարբեր ձեւաչափեր էր առաջ քաշում, եւ դրանք բոլորը մեկ առանձնահատկություն ունեին՝ Իրանի հետ Հայաստանի սահմանն անցնում էր թուրք-ազերիական ենթակայության տակ:
Եվ ահա հիմա էլ Գոբլը, անշուշտ, ոչ առանց տերերի հանձնարարության, այս միտքն է առաջ տանում.
«1. Վերջին շրջանում Իրանը ծայրահեղ անպատշաճ պահվածք է դրսեւորում Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանի սահմանների մոտ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորավարժությունները միայն խոսքով ունեին «խաղաղության, բարեկամության եւ կայուն անվտանգության ամրապնդման» նպատակ: Իրականում Իրանը փորձում էր իր մկանները ճկել՝ իբր Ադրբեջանին «ահաբեկելու» համար: Եթե իրավիճակը շարունակի վատթարանալ, եւ Թեհրանի ռազմական սադրանքը շարունակվի, Վաշինգտոնն անպայման կգրավի Բաքվի կողմը:
2.Իրանի հետ սահմանին Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժությունների անցկացումը Բաքվի ողջամիտ եւ ժամանակին արձագանքն է: Չեմ կարծում, որ Իրանը պատրաստվում է բացահայտ ներխուժել Ադրբեջա-նի տարածք: Ադրբեջանի զինված ուժերը հագեցած են ամենաժամանակակից զինատեսակներով, ուստի ռազմական հակամարտությունը կարող է թանկ արժենալ Իրանին: Եթե Իրանը որոշի գնալ նման խելահեղ քայլի, ապա ԱՄՆ-ն, անշուշտ, ա-մեն տեսակի օգնություն կտրամադրի Ադրբեջանին:
3.Հայաստանն այսօր խոսում է Իրանի հետ բարեկամության եւ համագործակցության մասին, բայց վաղը կարող է երես թեքել Իրանից: Չեմ կարծում, որ հայերն անկեղծ են Իրանի հետ հարաբերություններում: Իրանի բնակչության տպավորիչ մասը էթնիկ ադրբեջանցիներ են: Մերձենալով Հայաստանի հետ եւ շարունակելով թշնամանք դրսեւորել Ադրբեջանի նկատմամբ՝ Իրանն էլ ավելի կսրի իրավիճակը երկրի ներսում, որը մի քանի ամիս պատված է զանգվածային բողոքի ցույցե-րով»:
Սկսենք վերջից՝ Իրանում բողոքի ցույցերից: Միայն Գոբլի այդ միտքը բավական է հասկանալու համար, որ դրա տակ կանգնած են ամերիկացիները: Ավելին, հաշվի առնելով այն «ատամներով պաշտպանությունը», որը Գոբլը ցուցաբերում է Բաքվի հանդեպ, դժվար չէ հասկանալ, որ Իրանի այդ ցույցերին ազերիներն էլ իրենց հատուկ դերն ունեն:
Եվ այդ ֆոնին, գանք մեր տարածաշրջանի մասին մտքերին: Ո՞րն է Իրանի ուզածը. որ Սյունիքը չանցնի Ադրբեջանին: Ինչո՞ւ: Պատասխանը բազմիցս ենք տվել. անմիջապես կհաջորդի ամերիկյան մասշտաբային հարձակումն Իրանի վրա: Այսպիսով, Գոբլն իր այս ելույթով հաստատեց մեկ պարզ փաստ. Վաշինգտոնի հայ-ադրբեջանական խաղի թիրախը հենց Ի-րանն է, ընդ որում, այս խաղում ամերիկացիներն ունեն ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում. բավական է միայն Գոբլի այն գովերգումները, որոնք հասցեագրված են ադրբեջանական այն բանակին, որը նաեւ Հայաստանի սահմաններն է գրո-հում: Ու միաժամանակ Գոբլի տերերը զգուշացնում են Հայաստանին՝ մտքներովդ չանցնի լրջորեն համագործակցել Իրանի հետ: Ընդ որում, այստեղ նաեւ հասկանալ է պետք՝ Գոբլն իրոք կարծում է, որ Իրանի հետ հարաբերություններ լավացնելով Նիկոլը պատրաստվում է վերջում «գցե՞լ» Թեհրանին: Թե՞ մտածում է, որ այդ համագործակցությունը լուրջ է, եւ նախազգուշացնում է Նիկոլին, թե տես հա, քեզ կփոխենք եւ ում դնենք, նա կհրաժարվի Իրանից:
Այսպիսով, սրանից հետո էլ որեւէ մեկի մոտ կասկած կմնա՞, թե ինչ է նշանակում ամերիկյան «խաղաղության պայմանագիր» ասվածը: Նաեւ, թե որն է իրականում այս ամբողջ խաղի իմաստը, հաշվի առնելով նաեւ, որ Իրանի հարցը լուծելով, ամերիկյան հարվածը շրջվելու է ռուսների՝ հիմնական թիրախի դեմ:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ