
ԱՐՑԱԽԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՎԱՂՎԱ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ
Թե ինչ է սպասվում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքին, «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Նախ նշենք, որ ուղիղ ժամը՝ 15:00-ին կմեկնարկի Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստը, իսկ նույն ժամին զուգահեռաբար արցախահայությունը կհավաքվի հրապարակում: ԱԺ արտահերթ նիստի ավարտին կընդունվի հայտարարություն, մասնավորապես այն շեշտադրմամբ, որ ցանկացած իրավիճակում բրյուելյան, այսպես կոչված, պայմանագրի ստորագրման տարբերակին Արցախը դեմ է եւ արցախահայությունն իր անվտանգության երաշխիքը տեսնում է Ռուսաստանի հետ: Այնուհետեւ հայտարարությունն ընդունելուց անմիջապես հետ պատգամավորները կմիանան հանրահավաքի մասնակիցներին:
Վերածննդի հրապարակի բեմից հանդես կգան ինչպես պատգամավորները, այնպես էլ տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ: Ընդ որում՝ խտրականություն չի դրվելու որեւէ մեկի նկատմամբ: Այս պահի դրությամբ՝ հավաստի տեղեկություններ կան, որ հանրահավաքին մասնակցելու են Արցախի ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա նախագահները, ինչպես նաեւ նախկին եւ ներկա պաշտոնյաները, գեներալիտետը:
Ի դեպ, արցախցիները շատ ոգեւորված են՝ վաղվա հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներով, բեմն արդեն պատրաստ է, իսկ հանրահավաքի ժամանակ հրապարակ կբերվի մի քանի մետր երկարություն ունեցող Արցախի պետական դրոշը: Արցախահայությունը վճռական է տրամադրված, նրանք հստակ արդյունքներ են ակնկալում վաղվա հանրահավաքից:
Իլոնա Ազարյան
www.iravunk.com
դեպի ետ