
«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՇՈՇԱՓԵԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը պաշտոնական այց է կատարել Հայաստան, որի շրջանակներում հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայությանը: Նա նաև հայտարարել է, որ Իրանը ՀՀ-ի անվտանգությունը ևս համարում է իր անվտանգությունը: Նկատենք, որ Իրանը վերջին շրջանում շատ կտրուկ է արձագանքում նաև պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխության հնարավորությանը՝ դրանք համարելով անթույլատրելի: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը, մինչ Իրանի ուղերձներին անդրադառնալը, «Փաստի» հետ զրույցում դիտարկեց լայն աշխարհաքաղաքական իրողությունները:
«Աշխարհաքաղաքական փոփոխությունները, զարգացումները, փաստորեն, աշխարհը բաժանել են նվազագույնը երկու ճամբարի: Մի ճամբարում երեք երկիր է՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, որոնք շուրջ մեկ շաբաթ առաջ Հնդկական օվկիանոսում ռազմածովային գործողություններ էին իրականացնում: Իրանն այն երկրներից է, որը չի ուզում, որ իր քաղաքակրթությունը ոչնչացվի, ինչը փորձ է արվում իրականացնել Հայաստանում, և այսօր, փաստացի, Հայաստանի լինել չլինելու հարցն է: Եվ այս իմաստով Իրանի քայլերը, նաև վերոնշյալ՝ օտարերկրյա ներկայությանը դեմ լինելու ուղերձը շատ ողջունելի է, միևնույն ժամանակ տհաճ որոշ մարդկանց համար՝ մասնավորապես՝ ՀՀ իշխանական թիմում: Իրանը օտարերկրյա ներկայությանը դեմ լինելու դիրքորոշմամբ շատ հստակ արտահայտում է իր մոտեցումը նաև այդ հարցում: Հարավկովկասյան ճակատում այսօր որպես շատ ակտիվ գործող աշխարհաքաղաքական միավոր է Իրանը, որի քայլերը բնական են. այն, ինչ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կատարվում է Հայաստանի նկատմամբ, ունի նաև հակաիրանական ենթատեքստ»,-ասաց Գ. Հարությունյանը՝ շեշտելով, որ մեր դեմ սանձազերծված պատերազմների հիմնական նպատակը Արցախում Իրանի հետ սահմանի վերացումն էր:
«Այս իմաստով ողջունելի է Կապանում Իրանի հյուպատոսության բացումը: Իրանը Սյունիքը չհանձնելու լրացուցիչ երաշխիքներ ստացավ: Իսկ նշվածին շատ է ձգտում թուրք-ադրբեջանական տանդեմը՝ բրիտանական, իսրայելական ղեկավարների գլխավորությամբ»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին օտարերկրա ներկայությանը, այն հանգամանքին, որ ԵՄ-ն դիտորդներ է ուղարկել, Գ. Հարությունյանը շեշտեց. «Պրակտիկայում ու գործնական առումով եվրոպական այդ առաքելությունները որևիցե լուրջ նշանակություն չունեն Հայաստանի համար: Դրանք ուղղակի որոշակի ժեստեր են, որոնք կատարվում են: Եթե գնան վերջնական որոշակիությունների, ամեն ինչ զենքի ուժով է որոշվելու: Այդ առումով չմոռանանք, որ Արցախը հայկական տարածք է մնում միայն շնորհիվ ռուսական խաղաղապահ զորքերի: Այն օրը, երբ այդ զորքերը դուրս գան, հայկական Արցախ այլևս գոյություն չի ունենա, որովհետև հայերից ոչ ոք չի մնալու Արցախում: Նույնը վերաբերում է նաև իրանական կողմին, որը տարածաշրջանում զինավարժություններ է իրականացնում: Այսինքն, մեր տարածաշրջանում ավելի շոշափելի ներկայություն է ցույց տալիս: Եթե Ուկրաինայում ՌԴ-ն հաջողություն գրանցի, ի վերջո, խաղաղություն լինի, այդ պարագայում հենց ռուսական և իրանական ներկայությունն է, որն ապահովելու է մեր անվտանգությունը: Եթե հանկարծ նույն Իրանը դուրս գա իր մտադրությունների շրջանակից և ներկայություն չունենա, միայն ավելի վատ է լինելու: Այդ հանգամանքը Եվրոպային կամ ԱՄՆ-ին մեր նկատմամբ ավելի բարի չի դարձնի: Ընդհանուր առմամբ, մենք մինչ այս բազմաթիվ օրինակներ ենք տեսել, որ միակ ռեալ, գործնական ուժը Ռուսաստանն ու Իրանն են»:
Գագիկ Հարությունյանն այս համատեքստում է դիտարկում նաև Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությունը: «Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները, անկախ մեր տարածաշրջանային խնդիրներից, խիստ ամրապնդվել են թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումներով: Դատելով իրանական կողմի հայտարարություններից՝ այդքան էլ լավ չեն Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Իրանը, առհասարակ, արտաքին քաղաքականության ոլորտում բազմադարյա մշակույթ ունի: Իրանում երբեք չեն ասում այն, ինչը պարզապես այդ պահին մտածում են կամ պատրաստվում են անել: Իրանը բարդ երկիր է, մեզ մնում է հուսալ, որ նրանց իմաստությունը հօգուտ մեզ կծառայի»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ մոտեցումը, անշուշտ, առաջին հերթին Իրանի շահերից է բխում: «Ցավոք, ՀՀ իշխանություն կոչվածներն էլ արտահայտում են այն նույն շահերը, որոնց մասին խոսում են մեր թշնամիները: Նրանց համար նշանակություն չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի ապագան: Նրանք հայկական իշխանություններ չեն, պարզապես անում են այն, ինչը պետք է իրենց տերերի ցուցումների համաձայն անեն»,-եզրափակեց Գ. Հարությունյանը:
Աննա Բադալյան
past.am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]