
ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻՑ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՆԻԿՈԼՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ
Ուկրաինական պատերազմի ֆոնին՝ այս օրերին երկու ուշագրավ դրվագ արձանագրվեց: Դրանք, իհարկե, առաջին հերթին հենց այդ պատերազմի հետ են առնչվում: Սակայն խորքային առումով Հայաստանի համար եւս չափազանց կարեւոր են ու նաեւ մի շարք հարցեր են առաջ քաշում:
«ԲԱՅՐԱՔԹԱՐԸ» ԲԱՆԻ ՊԵՏՔ ՉԷ
Առաջին դրվագը կապված է թուրքական «Բայրաքթարների» հետ: Այսպես, Ուկրաինայի պաշտպանական ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Սերխի Փաշինսկին անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ, թե. «Բայրաքթարում ավելի շատ PR եւ կոռուպցիա կա, քան մարտական կիրառում»: Շարունակելով, նա հայտարարեց, որ Ուկրաինայի բոլոր «Բայրաքթարները» խոցվել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:
Կարճ ասած, Կիեւը հրապարակավ հայտարարում է, թե Թուրքիայի ռազմական արդյունաբերության հպարտությունը դարձած «Բայրաքթարը» անպետքություն է, եւ այստեղից միանգամից մի քանի հարց է առաջ գալիս: Նախ, ինչո՞ւ Կիեւը որոշեց այս մասին հրապարակավ խոսել: Եթե «Բայրաքթարը» լավը չի համարում, կարող էին, չէ՞ առանց ձայն հանելու դրանից հրաժարվել: Իսկ այսպես... նման հայտարարությունն Էրդողանը Թուրքիայի հանդեպ, անշուշտ, թշնամություն կհամարի, ինչքան էլ որ դա հնչեցվել է ոչ ամենաբարձրաստիճան ղեկավարության շուրթերից: Իսկ Թուրքիայից ստացված նախ-նական ռեակցիան, թե՝ մեր «Բայրաքթարը» լավը չի, ինքներդ կռվեք, հենց այդ մասին է ակնարկում: Ու այստեղ է, որ առաջ է գալիս այն առաջին հարցը, թե Կիեւի ինչի՞ն էր դա պետք: Առավել եւս, որ օրերս Պուտինն Էրդողանին փոխանցեց փաստաթղթերի մի հաստ փաթեթ, որոնք հաստատում էին, որ Կիեւը Թուրքիայի հանդեպ այլ թշնամական քայլ եւս գործել է՝ փորձել է պայթեցնել «Թուրքական հոսք» գազատարը, որը Էրդողանի համար միջոց է՝ եվրոպական գազային ներկա կոլապ-սից խուսափելու համար: Չնայած, այստեղ, իհարկե, Կիեւի նման դիվերսիայի, ավելի ճիշտ՝ դիվերսիայի ծրագրերի տակ պետք է նաեւ ամերիկյան հետք փնտրել:
Թե կոնկրետ Էրդողանն ինչով է Կիեւի այս վերաբերմունքին արժանացել, կարելի է մի քանի վարկած տեսնել, այդ թվում, որ Էրդողանը փորձում է դեպի Եվրոպա գազի տարհանման կենտրոնակայան ստեղծել, այն էլ՝ ռուսների առաջարկով: Բայց մյուս կողմից էլ այն, որ Էրդողանի հպարտությունը՝ «Բայրաքթարն» իրոք իրեն ոչնչով չարդարացրեց Ուկրաի-նայում, դա եւս փաստ է, ու Անկարայի հանդեպ թշնամանքը ոչ թե այդ փաստը ներկայացնելն էր, այլ՝ հրապարակավ ներկայացնելը:
Իհարկե, այս հենքի վրա եւս մեկ անգամ կարելի է հետադարձ հայացք գցել 44-օրյա պատերազմի վրա՝ հիշեցնելով, որ հայաստանյան իշխող վերնախավն ակնհայտորեն փորձում էր պարտությունը բացատրել մասնավորապես այդ «Բայրաք-թարներով», որոնք հրամցնում էր, որպես ինչ-որ անհաղթահարելի բան: Դեռ այն օրերին քանիցս պնդել ենք, որ դա սովորական միֆ է, «Բայրաքթարներին» կարելի էր ի սկզբանե էլ հանգիստ ոչնչացնել, պարզապես դա չարվեց: Ու հիմա, երբ մեր այդ ենթադրությունը հաստատում են նաեւ ուկրաինացի մասնագետները, նորից ու նորից 44-օրյա պատերազմի հետ կապված օրակարգ է վերադառնում մեծ դավաճանության վարկածը:
ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ ԱՌՆՎԱԶՆ ՉԻ ԶԻՋՈՒՄ
Բայց 44-օրյա պատերազմին այս անգամ անդրադարձանք իմիջայլոց, թեեւ «Բայրաքթարները» այն ժամանակ այդպես ճոխացնելու, այդ պատմությունը զարգացնելու շատ տեղ կա: Սակայն խոսքն այս պահին այդ մասին չէ, այլ նաեւ մեր տա-րածաշրջանի համար հետեւյալ առանցքային գործոնի: Այն է, որ «Բայրաքթարի» խայտառակության ֆոնին՝ իրենց միանգամայն այլ լույսի ներքո դրսեւորեցին իրանական անօդաչուները, եւ դա մեր ներկայացրած երկրորդ դրվագն է: Ամեն դեպքում, փորձագիտական հանրությունն առաջին հերթին հենց այդպես էլ համեմատելու է` թուրքականն իրանականի հետ:
Առավել եւս, որ խոսքը միայն իրանական անօդաչուների մասին չէ: Այս օրերին տարածվել են այն խոսակցությունն-երը, որ ռուսներն այլ զինատեսակներ եւս պատրաստվում են Իրանից ձեռք բերել: Բազում օրինակներից ներկայացնենք «Reuters»-ի տեղեկատվությունն այն մասին, որ չնայած մեծ աղմուկին, որը սարքել է Արեւմուտքը, իսկ Ուկրաինան էլ գնում է մինչեւ Իրանի հետ դիվանագիտական պատերազմի աստիճանի, Թեհրանը, այնուամենայնիվ, Մոսկվայի հետ է: Պաշտո-նյաները Reuters-ին հայտնել են, որ Թեհրանը խոստացել է Ռուսաստանին տրամադրել «Երկիր-երկիր» հրթիռներ՝ բացի անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակից (մինչ այս տրամադրված «Շահիդներին» էլ գերազանցող): Խոսքը՝ «Fateh» եւ «Zolfagar» տիպի բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռների (հեռավորությունը՝ 300 եւ 700 կմ) մասին է:
Ասվածին պետք է մոտենանք երկու տեսանկյունից: Առաջինը, Իրանը սրանով ցույց տվեց, որ Թուրքիային էապես գե-րազանցում է ոչ միայն անօդաչու ավիացիայով, այլ նաեւ՝ հրթիռային տեխնիկայով: Այսինքն, եթե Անկարան եւ Բաքուն ո-րոշեն գնալ մասնավորապես Հարավային Կովկասում իրավիճակի սրացման ճանապարհով, Իրանի ռազմական մակարդակի մասին վկայող այդ փաստերը, իհարկե, չեն կարող աչքաթող անել: Ավելի ճիշտ՝ Իրանի այդ մակարդակի արձանագրումը, անշուշտ, կազդի Անկարայի եւ Բաքվի որոշումների վրա: Առավել եւս՝ այն կոնկրետ, ուղղորդված, անգամ՝ թշնամական մակարդակի հասնող հայտարարությունների ֆոնին, որոնք վերջին ժամանակներս Թեհրանը բացահայտորեն հնչեցնում է Բաքվի հասցեին: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի ուղղությամբ գործողության փորձի, որն Իրանը համարել է «կարմիր գիծ», այլ նաեւ բուն Իրանում Բաքվի թշնամական քայլերի արդյունքում: Այսինքն, Թեհրանը Բաքվին նաեւ մեղադրում է իրանական վերջին անկարգությունների հրահրման մեջ, որ խաղում են Իսրայելի եւ Վաշինգտոնի օգտին, եւ դա պետք է որ Ալիեւի համար շատ լուրջ ահազանգ լինի, առավել եւս, որ դրան գումարվեց Արաքսը գետանցելով՝ իրանական զորավարժանքները: Հաշվի առնելով, որ Անկարային Թեհրանը նման մեղադրանքներ չի հայտնում, իսկ դա խոսում է վերջերս մեր հայտնած այն վարկածի օգտին, որ ամենեւին էլ չպետք է բացառել, որ Բաքուն կարող է արեւմտյան խաղերի մեջ ներգրավվել՝ անգամ Անկարայի «գլխից թռնելով»: Չնայած, երբ Կապանում Թեհրանը ցուցադրաբար հյուպատոսարան է տեղակայում, դա ազդակ է ոչ միայն Ալիեւին, այլ նաեւ Էրդողանի համար:
Երկրորդ տեսանկյունն էլ այն է, որ չնայած արեւմտյան համառ ճնշումներին, հերթական «ամենադաժան», «ոչնչաց-նող» եւ այդ կարգի նոր պատժամիջոցների սպառնալիքներին, Թեհրանն այդ քայլերով նորից հաստատեց, որ ամուր է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության հարցում, եթե անգամ դա իրեն արեւմտյան նոր հարվածների է հասցնում: Իսկ դա մեկ բանի մասին է հուշում` ռուս-իրանական ռազմական (եւ ոչ միայն) հարաբերությունները գնալով դաշինքայինի վերած-վելու հակում են ցուցադրում, որն ունի Արեւմուտքին դիմակայելու բացահայտ տեսք: Այսինքն, թուրք-ազերիական տանդեմը, եթե անգամ Նիկոլը նրանց բոլոր պահանջները հարյուր տոկոսով կատարի, մեկ է, հարավկովկասյան ուղղությամբ իրենց քաղաքականությունը կառուցելիս, Իրանի ռազմական հնարավորությունների հիշատակած փաստերից եւ տարածաշրջանում դիրքերը ամեն գնով պահելու ռուսական ծրագրերից զատ, պետք է նաեւ ռուս-իրանական գործակցության այդ դինամիկան հաշվի առնի:
ԱՄՆ-ԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՍԻՐԱՇԱՀԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Մյուս կողմից, ԱՄՆ-ն կարծես թե փորձում է թուրքական ուղղությամբ քաղաքականության որոշ փոփոխությունների գնալ: Սուր ճնշումները Անկարային ուղղում են դեպի ռուսական տիրույթ, եւ հիմա Վաշինգտոնը փորձում է նաեւ սիրաշահ-ման գործիքը կիրառել` այդ թվում Թուրքիայի հետ որոշ ռազմական արգելափակված ծրագրեր բացելու տեսքով: Ժամանակը ցույց կտա, թե դա ինչ էֆեկտիվությամբ կաշխատի: Սակայն Էրդողանը, ամեն դեպքում, պետք է որ տխուր հիշողու-թյուններ ունենա ամերիկացիներից, սկսած իր դեմ «գունավոր հեղափոխություն» սարքելու փորձից, վերջացրած արդեն տեւական ժամանակ Թուրքիային չհայտարարված տնտեսական պատժամիջոցների տակ պահելուց, եւ բոլոր դեպքերում էլ Պուտինը նրան օգնության հասավ: Հիմա էլ ԱՄՆ-ն բացահայտորեն Էրդողանին մղում է ռուսների դեմ երկրորդ ճակատ բացելու, եւ հիշատակած սիրաշահումներն էլ, ինչ խոսք, դրա բաղադրիչներից են: Որքան էլ Էրդողանի համար շահեկան թվա պանթյուրքիզմի տեսանկյունից, սակայն այստեղ նա որոշ գործոններ չի կարող աչքից բաց թողնել: Ամենակարեւորը, որ դա կնշանակի բախում միջուկային տերության հետ, որի կողքին կանգնած է թուրքականին ամենեւին էլ չզիջող (դեռ գերազանցության պահը մի կողմ թողնենք) իրանական բանակը: Հաջորդը, որ Վաշինգտոնը շատ հաճախ է դաշնակիցներին նման ավանտյուրաների մղել` վերջում մենակ թողնելով:
Մեկ այդ դետալ եւս այստեղ աչքաթող չանենք: Թուրքիան, միգուցե, կարող էր նաեւ հուսալ, որ Իրանի դեմ պայքարում կկարողանա ստանալ Իսրայելի աջակցությունը, որի հետ հարաբերությունների բարելավման որոշակի դրական դինամիկա կա: Առավել եւս, որ նման ազդակ օրերս Իսրայելից եկավ, թե պատրաստ է զենք մատակարարել Իրանին: Իսկ դա ակնարկ էր Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մասին, թերեւս տողատակերից մատնանշումով, որ իրենց՝ Իրանի հետ ռուսների հարաբերությունների ներկա դինամիկայի պատասխանն է:
Հնարավոր է, որ Իսրայելի նման քաղաքականությունը Թուրքիային ավելի վճռական դարձներ ռուս-իրանական համա-գործակցության նկատմամբ: Սակայն ամեն ինչ մի փոքր այլ ընթացք ստացավ: Նախ, Ուկրաինային զենք տալու մասին ակնարկել էր ընդամենը Իսրայելի «երկրորդ կարգի» նախարարներից մեկը: Բայց անգամ դրան Ռուսաստանն արձագանքեց Մեդվեդեւի մակարդակով, թե` դա կոչնչացնի ռուս-իսրայելյան հարաբերությունները: Ու դրան էլ երեկ հաջորդեց ար-դեն պաշտպանության նախարար Բենի Հանցի մակարդակով հայտարարությունը, թե. «Իսրայելը զենք չի փոխանցի Ուկրաինային մի շարք գործառնական պատճառներով»:
Իսրայելցի նախարարին կարելի է հասկանալ: Այս պահին արաբական առաջատար երկրները ամենասերտ հարաբերություններն են կառուցում Մոսկվայի հետ`գնալով վատթարացնելով Վաշինգտոնի հետ երբեմնի գործակցությունը: Ավելին, սունի իսլամի առաջնորդ Սաուդյան Արաբիան ընդհուպ` ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ ներկայացրեց: Զուգահեռաբար, խոսեցինք նաեւ շիա իսլամի առաջնորդ Իրանի ու ՌԴ-ի հետ կապերի մասին: Այսինքն, Մերձավոր Արեւելքը, մինչեւ իսկ Պաղեստինը Մոսկվայի հետ առավել քան ջերմ դինամիկայի մեջ են, եւ այս պահին ռուսների հետ հակասությունների գնալը, ով իմանա, թե ինչ հետեւանքներ կունենա Իսրայելի համար:
Արդյունքում, Թուրքիան, գոնե այս պահին այլեւս չունի նման պոտենցիալ դաշնակից: Իսկ ահա իսլամական աշխարհի նշված կողմնորոշումը Անկարայի համար եւս ցուցիչ է: Առավել եւս, որ Մոսկվան իրեն խոստանում է Եվրոպայի գազային հիմնական մատակարարներից մեկի կարգավիճակ:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ