• am
  • ru
  • en
Версия для печати
13.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԼՎԱՆԱԼՈՎ ՁԵՌՔԵՐԸ ԱՐՑԱԽԻՑ, ՔԱՐՏ ԲԼԱՆՇ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ, ԻՆՉԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՀԵՆՑ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ. Արցախի նախկին արտգործնախարար

   

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը պետք է լինի Արցախը: Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել եւ պիտի փոխադարձաբար ճանաչեն մի-մյանց տարածքային ամբողջականությունը: Իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուր-դը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Իսկ նախօրեին՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկա-վարի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւը կրկին հոխորտացել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, եւ մենք կորոշենք՝ երբ եւ ինչպես նրանց հետ խոսել»:

Այս իրավիճակում ինչպե՞ս են արցախցի մեր հայրենակիցները տեսնում Արցախը հայկական պահելու ուղղիները արցախցիները, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանից, ով նկատեց.

– Այնպիսի մի իրավիճակ է, որ Հայաստանը, կոպիտ ասած, լվանալով ձեռքերը Արցախից քարտ բլանշ է տալիս Ալիեւին, ցույց տալով, որ Հայաստանն այլեւս բոլոր առումներով հրաժարվում է Արցախին օժանդակելուց եւ սատարելուց: Իսկ այսօրվա իրավիճակում հաշվի առնելով Ադրբեջանի հայտնի դիրքորոշումներերը, որոնք Ադրբեջանը չի էլ թաքցնում, ակնհայտ է դառնում, որ Արցախը ու արցախցին մնացել են մեն-մենակ իրենց խնդրի հետ: Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների քաղաքականության հետեւանքով Հայաստանը դադարում է աշխարհաքաղաքական գործոն լինել։ Նման անհուսալի իրավիճակում Հայաստանը կախված է ցանկացած երկրի քմահաճույքից ու ցանկությունից։ Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը։ Թերեւս նույնիսկ ամենաանհավանականին:

– Ուրեմն, որն՞ է ելքը:

– Նախեւառաջ Արցախում պետք է ապրեն շատ հայեր, առանց հայերի Արցախ գոյություն չի ունենա: Եթե գոյություն չունենա Արցախը, ապա ծանր հետեւանքներ են սպասվելու առաջին հերթին ՀՀ-ին, որպես կայացած պետություն հետագա զարգացման համար: Ի՞նչ պետք է անել` բանաձեւը շատ պարզ է, պետք ի հայտ բերել նոր ուժերի, ովքեր կկարողանան միավորել ազգին, այլ ոչ թե պառակտել: Երբ դու պարտվողական դիրք ես ընդունում եւ պատրաստ չես պայքարել քո շահերի համար ու ապացուցել, որ քեզ հետ ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել, քան կռվել, ապա ցանկացած երկրի դիրքորոշում դառնում է ճակատագրական։

– Իսկ այն ժառանգությունը, որը ստանալու հաջորդ ՀՀ ղեկավարը, հնարավոր կլինի՞ այլեւս որեւէ բան փրկել:

– Շատ լավ հարց տվեցիք, իհարկե ծանր ժառանգություն է փոխանցվելու, բայց ինչքան որ շատ մնա այսօրվա ապաշնորհ վարչակազմը, այնքան ավելի ծանր ու գուցե սխալները անդառնալիորեն ուղղելու հնարավորությունից կարող է զրկվել հայ ազգը: Այս պահին, ամեն դեպքում, ես համոզված եմ, որ հնարավոր է դեռ, եթե ոչ արմատապես շտկել իրավիճակը, ապա զգալիորեն բարելավվել եւ հասնել նրան, որպեսզի Արցախում եւ ՀՀ-ում ապրող հայերը ապրեն անվտանգ ու արժանաատիվ:

Ամփոփելով խոսքս կասեմ հետեւյալը, ստեղծված իրավիճակից ելքը համարում եմ այնպիսի իշխանության գալը, որը կկարողանա համախմբել ժողովրդին եւ գործել ի շահ պետության, այլ ոչ թե գնալ պառակտման ճանապարհով։

Զրույցը` Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ