
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԺԱՆԱՆԱԼ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ․ Վարդան Խաչատրյան
Պրահայի հանդիպման արդյունքներից դժվար է խոսել, քանի որ մենք տեղյակ չենք, թե ինչ է խոսվել սեղանի շուրջ։ Մենք տեսանք Մակրոնի ներկայությունը, որպես սատարում Հայաստանին, սակայն պետք է նշել, որ դա բավարար չէր հակակշռելու թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպմանը և դրա հնարավոր արդյունքներին, ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքական գործիչ Վարդան Խաչատրյանը։
«Ֆրանսիան, ըստ էության, չունի այնպիսի կշիռ, որպեսզի այդ սեղանի շուրջ լուրջ սատարում կարողանար ապահովել Հայաստանին։ Բոլորս էլ լավ հիշում ենք, որ Ֆրանսիան ի աջակցություն Հունաստանի ուղարկել էր ֆրանսիական ավիակիր, որը Թուրքիան Գերմանիայից ստացած ջրասուզակ նավերով ուղղակի ոչնչացրեց։ Ֆրանսիան այսօր լուրջ հակակշիռ չունի։ Ինչ վերաբերում է Պրահայի հանդիպման մեսիջներին, ապա գլխավորն այստեղ այն էր, որ այդ հանդիպումը առանց Ռուսաստանի և Բելառուսի էր, սրանով Եվրոպան ցույց էր տալիս իր միասնականությունը ընդդեմ Ռուսաստանի։ Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները վերջնական լուծման չէր ենթարկվելու, Պրահայում ընդամենը քննարկումներ էին»,- ասաց Խաչատրյանը։
Հարցին՝ արդյոք Եվոպան ունի այն ուժը և կշիռը, որով կարողանա միջամտել տարածաշրջանում քաղաքական և անվտանգային գործընթացներին, Խաչատրյանը պատասխանեց, որ չունի։
«Որո՞նք են Եվրոպայի հնարավորություններն այստեղ, այսօր Եվրոպան բացարձակ կախման մեջ է Թուրքիայից և Ադրբեջանից։ Կասպյան ավազանի նավթամթերքը և գազը Եվրոպա հասցնելը շատ կարևոր է Եվրոպայի համար, իսկ դա անցնում է Բաքվով և Թուրքիայով։ Հետևաբար Ադրբեջանը եվրոպացիների հետ կամայական իրավիճակ կարողանում է հարմարացնել սեփական քիմքին։ Ալիևը պարզ հասկացրեց՝ ինքը կաշխատի եվրոպացիների հետ այնքանով, որքանով դա կլինի իր ցանկությունը, իսկ Հայաստանը հասկացրեց, որ պատրաստ է աշխատել եվրոպացիների հետ»,- նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով հանդիպումից հետ տարածած այն հայտարարությանը, որով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը, Խաչատրյանը նշեց․
«Ես չեմ համարում, որ տարածքային ամբողջականությունը այն հարցն է, որի շուրջ պետք է նման հայտարարություն անել։ Տարածքային ամբողջականությունը այնպիսի բան է, որ կարող է վերանայվել․ երբ անհրաժեշտ է, իսկ երբ պետք չէ վերանայել, գտնվում են հազար ու ի պատճառներ՝ կարգեր, մեխանիզմներ, օրենքներ և այլն։ Տարածքային ամբողջականությունը հնարավոր է ընդարձակել միայն գոյություն ունեցող ազգային փոքրամասնությունների հետ տանելի վարվեցողության դեպքում։ Մեր դեպքում անընդհատ գենոցիդներ են տեղի ունեցել, ինչի՞ մասին է խոսքը, ինչո՞ւ մենք այս հարցը չենք բարձրացնում միջազգային ասպարեզում։ Երբ Ալիևը հայտարարում է, որ ԼՂ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներն են և իրենք կորոշեն՝ ինչպես խոսեն նրանց հետ, հարց է առաջանում՝ իրենց ո՞ր քաղաքացիներն են, իրենց պարիտետային իրավունքներով ապրած քաղաքացինե՞րն են արդյոք, իհարկե ոչ, հակառակը, այդ քաղաքացիների հանդեպ չհայտարարված պատերազմ է վարել տասնամյակներով և հիմա հայտարարում է, որ մեր քաղաքացինե՞րն են, ինչի՞ց ելնելով։ Եթե Հայաստանը շարունակի վարել չնախաձեռնող, պասիվ արտաքին քաղաքականություն, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետով, Արցախը ամենայն հավանականությամբ կարժանանա Նախիջևանի ճակատագրին և աստիճանաբար հայերին դուրս կմղեն այնտեղից»։
Վարդան Խաչատրյանը նշեց, որ միայն բանակցողին փոխելով չէ, որ հնարավոր կլինի փոխել իրադարձությունների ընթացքը։ Անհրաժեշտ է փոխել ՀՀ արտաքին քաղաքականությունը և այն դարձնել նախաձեռնողական։
«ՀՀ-ն պետք է կարողանա դառնալ Մերձավոր Արևելքում էական դեր խաղացող երկիր, մենք ունենք Սփյուռք, ինչի շնորհիվ ճիշտ գործողությունների դեպքում կկարողանանք ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որը զսպաշապիկ կլինի բոլոր ագրեսորների համար։ Մենք այսօր գտնվում ենք մի անվտանգային համակարգում, որի առանցքը Ռուսաստանն է, հիմա մենք ուզո՞ւմ ենք փոխել այդ համակարգը, թե ոչ։ Աքսիոմատիկ ճշմրատություն, որ այնպիսի իրավիճակում, ինչպիսին հիմա է, այն փոխել չի կարելի, հակառակ դեպքում մենք կունենանք երկրի դեֆոլտ կամ փլուզում։ Բոլոր այն երկրները, ովքեր պատերազմական իրավիճակի ընթացքում փորձել են փոխել անվտանգային միջավայրը, ունեցել են ծանրագույն հետևանքներ»,- ասաց Վարդան Խաչատրյանը։
Քաղաքագետը հավելեց, որ գոյություն ունեցող խնդիրների լուծման միակ և ճշգրիտ լուծումը միացյալ Հայաստանն է։ Նա շեշտեց, որ տեղի են ունենում տեկտոնիկ բնույթի աշխարհաքաղական իրադարձությունների և այդ համատեսքտում անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում վերջ դնել պառակտումներին։
դեպի ետ