• am
  • ru
  • en
Версия для печати
07.10.2022

ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ, ԱՅԼ ԱՆՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈՒՅԹ Է. Կոստանյան

   

Միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ գնահատմամբ` Հայաստանում գեներացվող հակառուսական տրամադրությունները հենց այնպես չեն բարձրացվում, այլ հստակ ուղղորդվում են արեւմտյան տեխնոլոգիաների միջոցով: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում նա ուշագրավ փակագծեր բացեց:

— Մենք գիտենք, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները կիրառվում` մեկն ասում է, մնացածը թութակի նման կրկնում են: Սա հիվանդագին սովորույթի նման է: Հստակ է, որ այդ տեխնոլոգիաներին տիրապետում է Արեւմուտքը եւ սկսեց այն կրկին կիրառել, երբ արցախյան վերջին պատերազմում ռուս խաղաղապահները Արցախի որոշ չափը գոնե կարողացան փրկել: Եվ փոխանակ Ռուսաստանի հանդեպ ավելի ընկերական վերաբերմունք լիներ Հայաստանում, ընդհակառակը՝ հենց այդ վայրկյանից սկսվեց հակառուսական մթնոլորտը խորանալ: Սա աբսուրդ է` ռուսական խաղաղապահ ուժերը գալիս են եւ Արցախն ամբողջականորեն կորստից փրկում, մենք բացասական արձագանք ենք տալիս: Իսկ հիմա այդ ամենը շարունակվում է ավելի ուժգին, որովհետեւ այն կենտրոնները, որոնք գեներացնում են այս հակառուսական տրամադրությունները, իրենց թվում է, թե Ռուսաստանն արդեն պարտվում է եւ հող են նախապատրաստում իրենց համար:

— Ըստ Ձեզ` ինչի՞ կհանգեցնի այս ամենը, հատկապես, որ հակառուսական տրամադրություններ հրահրողների ետեւում երեւում է իշխանության ու իշխանամերձ շրջանակների ականջները:

— Սա, իհարկե, վտանգավոր է, որովհետեւ չկա աշխարհում այսպիսի երեւույթ, ինչ Հայաստանում է տեղի ունենում: Սա ոչ թե հակառուսական, այլ աննորմալ երեւույթ է: Օրինակ` Սաուդյան Արաբիայում կամ Սինգապուրում երբեւէ այդպիսի հակաամերիկյան ալիք չի կարող բարձրանալ: Այո՛, անհամաձայնություններ կարող են լինել` նավթի գների եւ այլնի վերաբերյալ, բայց դուք չեք տեսնի ԱՄՆ-ի դաշնակից երկրներում, որտեղ ամերիկյան ռազմաբազան է պաշտպանում այդ երկրների սահմանները, հակաամերիկյան տրամադրություններ գեներացվեն: Իհարկե, Հայաստանում ներկա իշխանությունն իր ամբողջ հոգեբանությամբ պրոարեւմտյան է եւ բնականաբար` հակառուսական: Սակայն չեմ կարող ասել, թե արդյոք նրանք անձամբ են հրահրում այս հակառուսական տրամադրությունները, բայց անկասկած կարող եմ ընդգծել, որ այս տեխնոլոգիաները պատրաստված են արեւմտյան կենտրոնների հաստատություններում:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ