
Ի՞ՆՉ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Ակօս» շաբաթաթերթի խմբագիրը
Թուրքական մամուլում ակտիվորեն տիրաժավորում է վերլուծություններ առ այն, որ այժմ Էրդողանին հաղթելու պատմական շանս կա, որովհետև երկրում նրա իշխանությունից դժգոհությունը բավականին մեծ է։ Թուրքիայում առհասարակ ի՞նչ տրամադրություններ կան հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանից, ով փաստեց, ընդգծելով սակայն․
– Այո՛, բավականին բարձր է դրա հավանականությունը։ Այսօր նշվում է, որ երկար տարիներ ի վեր Թուրքիայի առաջին կուսացկությունը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէ, այլ ընդդիմադիրներն են։ Հետևաբար կան մեծ հույսեր, որ ընտրությունն իշխանափոխություն էլ պետք է բերի։Այսինքն՝ Էրդողանի շրջանն ավարտված է՝ կա նման սպասում ու ակնկալիք։
– Իսկ ի՞նչ սպասել նրա հնարավոր թեկնածությունից։ Ինչո՞վ է տարբերվում Էրդողանից, հայկական հարցերի շուրջ արդյոք դիրքորոշումն այլ է։
– Ընտրություններին ընդառաջ երկու կարևոր դաշինք կա։ Դրանցից մեկն արդեն գործող իշխանության շուրջ է կազմավորված, իսկ երկրորդը՝ վեց կուսակցությունների միավորմամբ է ստեղծվել։ Այդ դաշինքը դեռևս չի հայտարարել, թե ով է լինելու նախագահի թեկնածու։ Լրագրողները հարցրեցին, թե Քեմալ Քըլըչդարօղլուն պատրա՞ստ է այդ պաշտոնը ստանձնել, իսկ նա պատասխանեց՝ այո՛, պատրաստ են։ Առայժմ միայն սա է։ Այս պահին պաշտոնապես հայտարարված չէ, թե Էրդողանի նախագահության դեմ ով պետք է մրցակցի։ Հավանական է, որ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը թեկնածու լինի, բայց պաշտոնապես հայտարարված չէ։
Ընդհանրապես տարբերությունը հետևյալն է․ Էրդողանն ավելի բռնատիրական վարչաձև է սահմանել՝ նախագահական համակարգ, իսկ ընդդիմադիներն ուզում են դարձյալ խորհրդարանական համակարգին վերադառնալ ու այդ մենատիրական վարչաձևին վերջ տալ։ Գործադիր, օրենսդիր ու դատական մարմինները նախկինում իրարից անջատ էին գործում։ Այսօր, ներկա դրությամբ՝ այդ մենատիրական համակարգի մեջ, բոլորը հավաքված են Էրդողանի ձեռքի մեջ։ Այս ընդդիմադիր շարժումն ուզում է նախկին դրությունը հաստատել՝ այդ երեք համակարգերն իրարից զանազանել։ Դա ավելի ժողովրդավարության ձգտող միտում է։
Բայց որպես քաղաքական հայացք, մանավանդ՝ հայ-թուրքական հարաբերությունների իմաստով, դժբախտաբար այս կուսացկությունն էլ շատ մեծ փոփոխություններ չի խոստանում։ Երկրի ժողովրդավարացման առումով խոստումներ ունի, բայց թուրք ազգայնական մտածողությունն այս խմբակի վրա էլ շատ մեծ ազդեցություն ունի։
– Պարոն Էստուկյան, ի՞նչ են սպասում Փաշինյան-Էրդողան հանդիպումից Թուրքիայում։
– Այդ հարցը ո՛չ տեղական մամուլը, ո՛չ էլ առանձին քաղաքական գործիչներ չեն անդրադառնում։ Առհասարակ Հայաստանին վերաբերող հարցերը այստեղ անգամ տասներորդական քննարկման թեմա չեն։ Ո՛չ հայկական սահմաններում տեղի ունեցողը, ո՛չ էլ խաղաղության օրակարգ՝ Թուրքիայում քննարկման թեմա չեն,միայն հայկական մամուլն է այդ հարցին անդրադառնում, այն էլ առանց առանձնակի ակնկալիքիների։
Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com
դեպի ետ