• am
  • ru
  • en
Версия для печати
02.10.2022

ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԼԻՆ ԷԼԻ ԳՏՆՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՅԴ ԲԱՆԱԼԻՆ ԳՈՂԱՆԱԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ․ արցախցի քաղաքագետ

   

Ինչպե՞ս են Արցախում արձագանքում Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում տեղ գտած մտքերին՝ կապված Արցախի ու արցախցու ճակատագրի վերաբերյալ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻՑ, ով փաստեց․

– ՀՀ վարչապետի ասուլիսը Արցախյան խնդրի հետ կապված որևէ բացահայտում չէր պարունակում, ըստ էության ևս մեկ անգամ կրկնել է այն ինչն արդեն հայտնի փաստ է, բայց ամբողջ խնդիրն էլ հենց կայանում է նրանում, որ ՀՀ վարչապետի ինստիտուտը իր ֆունկցիոնալ առանձնահատկություններով պետք է տարբերվի տեղեկատվական դեպարտամենտից։ Այն որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ընդհանրապես որևէ մեկը պատրաստ չէ ճանաչելու արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը գաղտնիք չէ, բայց մեր խնդիրը ոչ թե ընդամենը աշխարհաքաղաքական իրողությունների արձանագրումն ու դրանց հետ հաշվի նստելն է, այլ դրանք մեր ազգային ու պետական շահերի նկատառումներով վերափոխման ենթարկելը։ ԱՄՆ -ն ու հավաքական արևմուտքը շատ լավ գիտակցում են, որ Արցախը ունի ինքնորոշման իրավունքի իրացման շատ ավելի կայուն պատմաիրավաքաղաքական հիմքեր, քան Կոսովոն և նաև Ռուսաստանը շատ լավ տեղյակ է մեր հակամարտության պատմությանը, ուստի գիտակցում է, որ մեր դեպքում ինքնորոշման իրավունքն ունի միանշանակ ավելի ուժեղ պատմաիրավաքաղաքական հիմքեր, քան Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները, բայց անկախ այդ գիտակցումից միջնորդ կողմերը երբեք էլ հաշվի չեն նստել պարզ իրողությունների հետ, քանի որ դա չի բխել նրանց շահերից, նրանց ոչ թե հետաքրքիր է եղել հակամարտության վերջնական լուծումը, այլ քաղաքական կառավարման ստանձնումն ու դրանով հակամարտ կողմերի վրա ազդեցություն ունենալը։

– Պարոն Ազիզյան, ՀՀ առաջին նախագահն ասաց Արցախի հարցի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում էր, բայց նա էլ է կորցրել։Ո՞ւմ ձեռքում է Արցախի բանալին այսօր։

– Չէի ասի թե կորցրել է, բանալին էլի գտնվում է Ռուսաստանի ձեռքում, պարզապես ամուր բռնած չէ, քանի որ ամբողջ մարմնով պայքարի մեջ է գտնվում իր համար ավելի կարևոր դռների բացման համար, իսկ Թուրքիան և Ադրբեջանը բնական է, որ փորձում են օգտագործել հարմար առիթը հարավային Կովկասում այդ բանալին գողանալու առումով։ Մենք տեսնում ենք հողի վրա ռուսական խաղաղապահ զորակազմը, տեսնում ենք Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սադրանքներն ու խաղաղապահների կողմից դրանց արձագանքման տրամաբանությունը։

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ