
ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԷՐ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ՄԱՏԱՂԱՑՈՒ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԴԵՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱԶՄՈՒՄ. Կարապետյան
Սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ 18 համայնքից ընդամենը 6-ում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել մյուս քաղաքական ուժերին: Այսպիսով՝ ՔՊ-ն չի հաղթել Քաջարանում, Անիիում, Տաշիրում, Չարենցավանում, Բերդում, Ալագյազում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
– Փաստորեն, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում մեր երկրի սահմաններում եւ սահմաններից ներս՝ դեռ ՔՊ-ին ընտրողներ կան: Ինչպե՞ս սա կբացատրեք:
– Նախ ասեմ, որ ինձ թվում է արդեն բոլորին պարզ դարձավ, թե Նիկոլ Փաշինյանն ինչու ռազմական դրություն չհայտարարեց, ընդ որում՝ երբ ընդամենը 3 օրում ունեցանք 300-ից ավել զոհ, անհայտ թվով անհետ կորածներ եւ գերիներ: Զուտ նրա համար չհայտարարվեց, որ իրենց պետք էր ամեն գնով ՏԻՄ ընտրություններ կայացնել եւ ապացուցել, որ դեռ Սիսիանում, Իշխանասարում, Արենիում իրենց ընտրող կա, եւ այդ մատաղացու ընտրազանգվածը մեծամասնություն է կազմում: Ոչինչ, որ թուրքը ներխուժել է մեր սուվերեն տարածք, ոչինչ, որ Եռաբլուրում նոր շիրիմներ ունենք, կարեւորը՝ նա մեր տղաների տաք շիրիմների վրա պահի իր իշխանությունը եւ ի կատար ածի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ստանձնել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ։ Ինչ վերաբերվում նրանց, ովքեր ընտրել են իրենց դահճին, իրենց տան դռները թուրքի առաջ բացողին, ասեմ, որ խեղաթյուրված հոգեբանության տեր անառողջ մարդիկ են: Չեմ ուզում խիստ կոպիտ որակավորումներ տալ, բայց թող պատրաստվեն տեր կանգնել իրենց ընտրությանը՝ թուրքին իրենց օջախներում դիմավորելուն։ Նաեւ չեմ կարող բացառել, որ ընտրությունները կեղծվել են, դրա մասին մի փոքր ուշ երեւի խոսենք, երբ արդեն ընտրությունների արդյուքները վերջնական պատրաստ կլինեն:
– Այդուհանդերձ, ՏԻՄ ընտրություններն արդյոք արտացոլում են երկրում առկա քաղաքական տրամադրությունների ողջ պատկերը, թե՞ այստեղ կա առանձնահատկություն, որ միեւնույն է, մարդիկ ընտրելու են իրենց ծանոթին ու բարեկամին՝ անկախ նրանից, թե ով որ կուսակցությունից է առաջադրված:
– Ի՞նչ առկա քաղաքական տրամադրություն արտացոլելու մասին է խոսքը։ Դուք ճիշտ եք, իրականում առողջ հասարակություն, բարձր քաղաքակրթություն ու իրավագիտություն ունեցող երկրներում այդպես է, բայց ոչ մեզ մոտ։ Ցավոք սրտի, վաղուց կուսակցական գաղափարախոսություն ասված գեղեցիկ բառակապակցությունը միայն բանախոսության ժամանակ է կիրառելի դառնում, բայց ոչ առարկայական քաղաքական գործընթացներում։ Մարդիկ գնում ընտրում են ոչ թե գաղափարը, այլ թե ով է իրենց ավելի մոտ կանգնած ու հասանելի։
– Ի վերջո, որտե՞ղ է թերանում ընդդիմությունը, որ ՔՊ-ականները դեռ այսքան արյան ու պարտության մեջ՝ հաղթանակներ են արձանագրում տարբեր համայնքներում:
– Ընդդիմության հարցը շատ ավելի լուրջ է: Ասեմ, որ վերջին իրադարձություններից հետո՝ հստակ պարզ դարձավ, որ չկա մեկը, ով իր ուսերին կվերցնի այդ մեծ ու նաեւ շատ վտանգավոր պատասխանատվությունը՝ Նիկոլին դուրս շպրտելու եւ պետության անվտանգության հարցը կայունացնելու խնդրում: Դրանում, իհարկե, ոչ ոքի չի կարելի մեղադրել. երեւի պետք է գերմարդ լինես այս կազուսային վիճակում նման քայլի գնալու համար, այլ կերպ ասած՝ Վազգեն պետք է լինես, բայց, ցավոք, Վազգեն էլ չկա... Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, կարծում եմ՝ ընդդիմությունը վաղուց շատ անելիքներ ուներ շրջաններում, ինչը չի արել: Չգիտես ինչու, ընդդիմությունը կենտրոնացած է Երեւանի վրա, եւ դա է հենց իր մեծագույն սխալը։ Ամեն դեպքում, այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները դատավճիռ չեն, դրանք կարող է կեղծված լինեն, կարող է գնված լինեն, հազար ու մի բան։ Խնդիրն այն է, որ մենք չունենք այն միակին, ով կառաջնորդի ժողովրդին, այն ժողովրդին, որը չի ուզում ապրել թուրքի հետ, որը չի ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Առաջնորդ չկա, ով կազատագրի մեր երկիրը թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամուց։ Ու քանի դեռ չկա նա, Նիկոլ Փաշինյանն արագ կերպով կործանելու է մեր պետությունը, որպեսզի հետագայում ազատվի պատասխանատվությունից: Չկա պետություն, չկա պատիժ ու պատասխանատվություն։ Այս իրողությունը մենք պետք է հասկանանք եւ ընդունենք։
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ