
«ԵԹԵ ԱՆԳԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵՆ, ՉԵՆ ԽԱՂԱՂՎԵԼՈՒ. ԹՇՆԱՄԻՆ ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿ ՈՒՆԻ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Բանակցություններ կոչված գործընթացներին զուգահեռ, որտեղ առաջ է մղվում «խաղաղության պայմանագիր» կնքելու օրակարգը, Ադրբեջանը շարունակում է դիմել սադրանքների, կրակահերթեր արձակում, պարբերաբար նաև ապատեղեկություններ է հրապարակում՝ փորձելով տեղեկատվական դաշտում ևս որոշակի տրամադրություններ գեներացնել: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքով, այս վարքագիծը ընդամենը մի իրողության մասին է վկայում:
«Սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել: 44-օրյա պատերազմը ընդամենը այդ պատերազմի մի մասն էր, որը, այսպես ասենք, ֆիզիկական բնույթ էր կրում: Ադրբեջանը, որի խորհրդականներն են թուրքերը, իսրայելական կողմը, շարունակում է պատերազմը, ինչպես և ընդունված է բոլոր հիբրիդային պատերազմների ժամանակ, որը չի ենթադրում միայն ռազմաճակատ՝ ֆիզիկական պատերազմ: Նրանք այս իմաստով շատ հմտորեն օգտագործում են փափուկ ուժը, որովհետև իրենց վերոնշյալ օգնականները փորձ ու գիտելիքներ ունեն այդ առումով: Նրանք շարունակում են պատերազմը, որը չի վերջանալու, եթե անգամ ադրբեջանցիների բոլոր պայմանները կատարվեն: Պատերազմը շարունակվելու է, որովհետև Հայաստանի՝ որպես սուբյեկտի վերացման խնդիրն է դրված: Շարժվելու են առաջ՝ օգտվելով հատկապես նաև այն հանգամանքից, որ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները, փաստորեն, բոլոր հարցերում իրենց կողմնակիցն են. չի բացառվում, որ իրենք ղեկավարվում են մի կենտրոնից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, այսօր չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին «խաղաղությունն» է, որի մասին այդքան խոսում են կողմերը: «Խաղաղություն հասկացությունը վաղուց վերացել է, իսկ այն ժամանակ, երբ համեմատաբար խաղաղ ժամանակներում էինք ապրում, ավելի քան 2000 հասարակական կազմակերպություն հիբրիդային պատերազմի, փափուկ ուժի կիրառմամբ աշխատում էր մեր դեմ: Հետևանքն Արցախի մեծ մասի զավթումն էր: Սա մշտապես շարունակվող գործընթաց է. ինչքան ավելի շատ ես զիջում, այնքան ավելի առաջ են գալու, քանի որ դիմադրություն չեն տեսնում: Ռազմական և քաղաքական իրողությունները նույն դաշտում են. նրանք թե՛ բանակցությունների, թե՛ պատերազմի միջոցով են փորձում իրենց ուզածին հասնել, իսկ դիմադրության բացակայությունը նրանց էլ ավելի արագ գործելու հնարավորություն է տալիս»,-նշեց մեր զրուցակիցը:
Գագիկ Հարությունյանը այս համատեքստում պատահական չի համարում «խաղաղության պայմանագրի» օրակարգն առաջ տանելու փաստը: «Այդ օրակարգն առաջ է տարվում, այդ մասին խոսվում է, որովհետև «խաղաղության պայմանագիրը» կատարված ու կատարվող բոլոր իրողությունների վերջնական գրանցումն է լինելու: Մինչդեռ հայկական կողմը, որպես սուբյեկտ, արդեն իսկ չի գործում՝ համաձայնելով բոլոր պահանջներին. մի օր պատրաստ է գնալ Մոսկվա, մի օր՝ Բրյուսել, մի օր՝ Վաշինգտոն: Այստեղ էլ ամերիկյան կենտրոնական հետախուզության խոշոր պաշտոնյաներ են հյուր գալիս: Մշտական գործընթաց է սա, որը վերջ չունի: Եվ եթե անգամ պահանջները կատարվեն, նոր պահանջներով են հանդես գալու, որոնց Հայաստանի, այսպես ասած, իշխանությունները կհամաձայնեն:
Ես առհասարակ դժվարանում եմ իշխանություն բառն օգտագործել այս պարագայում: Մենք ունենք օկուպացված երկիր, օկուպացված հենց այն ուժերի կողմից, որոնք ուզում են ոչնչացնել մեր պետությունը: Եվ շատ բնական է, որ իշխանություն կոչվածները կատարում են քայլեր, անում են հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերից չեն բխում: Ու միայն Նիկոլ Փաշինյանն ու իր պատգամավորները չեն: Մի ամբողջ լեգեոն բերել ու լցրել են Հայաստան՝ ԱԽ քարտուղարի ու այլ բազմաթիվ չինովնիկների տեսքով: Սա հենց այն 5-րդ շարասյունն է, որը գրավել է Հայաստանը: Նրանք անում են այն, ինչը պետք է իրեն: Նրանք ոչ թե մեր երկրի դեմ են պայքարում, այլ պարզապես կատարում են իրենց պարտականությունները»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ թշնամին մեծ ախորժակ ունի. «Նրանք չեն խաղաղվելու, մինչև չիրագործեն իրենց բոլոր նպատակները. քանի դեռ հայ բառը, Հայաստան հասկացողությունը կա, նույն ոճով են շարունակելու: Ամեն դեպքում որոշիչ դեր է ունենալու հատկապես աշխարհաքաղաքականությունը: Եթե ռուսները կարողացան հաջողությամբ ավարտել իրենց ռազմական գործողություններն Ուկրաինայում, ապա դա ինչ-որ չափով կլինի երաշխիք առ այն, որ գոնե ռուս խաղաղապահները դուրս չեն գա Արցախից: Իսկ այն օրը, երբ նրանք լքեն Արցախը, պետք է հասկանալ, որ Արցախում որոշ ժամանակ հետո ոչ մի հայ չի մնալու: Միևնույն ժամանակ, ինքներս պետք է փորձենք ինչ-որ բան անել: Պետք է դիմակայել: Միշտ չէ, որ ընդդիմությունը բարձրության վրա է: Պետք է ստեղծեն նաև մտավոր կենտրոններ, որոնք կմշակեն նույն ընդդիմության գործելակերպը: Կողմնակից լինելով ընդդիմությանը՝ ամեն դեպքում, պետք է նշեմ, որ նույն ընդդիմությունը կարող է ավելի շատ բան անել, եթե ավելի մտածված գործի»:
Աննա Բադալյան
past.am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]