• am
  • ru
  • en
Версия для печати
11.09.2022

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՄՈԹԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՑԱԽԱՎԵԼՈՎ ՄԱՔՐԵԼ. Վոլոդյա Հովհաննիսյան

   

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ պատմությունից քաղելու անհրաժեշտ դասերի մասին «Իրավունքը» զրուցել է պահեստազորի գնդապետ, պատմաբան, ազատամարտիկ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

«ԲԱՆԱԿԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴԱԳԱՂԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԽԸ ԽՓԵՑԻՆ»

– Պարոն Հովհաննիսյան, իրավիճակը մեր երկրում շարունակում է անելանելի մնալ: Ի՞նչ սպասել նախապես խոստացված քաղաքական թեժ աշունից:

– Հայաստանը պետք է ոտքի կանգնի: Այս դավաճան, թուրքահպատակ, խայտառակության, ամոթի ու արյան իշխանությանը պետք է ցախավելով մաքրել: Այնուհետեւ ստեղծել ազգային իշխանություն եւ զարգացնել մեր ազգային ապագան: Հասել ենք այն կետին, որ եթե մինչեւ հունվարի 1 այս խայտառակ իշխանությունից չազատվենք, դառնալու ենք խարխուլ մակույկ, որը փոթորկոտ ծովում, պարզապես, ալիքից ալիք է թռչում` չկարողանալով ղեկավարվել, որովհետեւ նավավար չունի: Երբ չի ղեկավարվում նավը, ալիքը նրան կկործանի: Այսօր մենք այդ վիճակում ենք: Պետք է համախմբվել եւ մեր հզոր դաշնակից Ռուսաստանի հետ միասին կերտել մեր ապագան: Իսկ մենք դեռ պոտենցիալ ունենք, մինչեւ վերջ չենք ոչնչացվել:

– Շատ չե՞նք ուշացել, երբ արդեն Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 24 մլն դրամով վաղաժամկետ արձակվել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

– Սրանով բանակի ոչնչացման դագաղի վերջին մեխը խփեցին: Սա իրենց երեխաների համար ստեղծված օրենք է, որպեսզի իրենց երեխաներն արդեն ազատվեն բանակից: Նիկոլականները հարստացել են` պետական բյուջեն թալանելով, կոռուպցիան սարսափելի չափերի է հասել: Դուք գիտե՞ք, որ մեր պետական պարտքը արդեն 15 միլիարդ է: Միայն այս տարի 706 մլն 150 հազար դոլար պետական պարտք է ավելացել, եւ ոչինչ չի արվել այս երկրի համար: Ո՞ւր են այդ փողերը: Բոլոր ոլորտներում խայտառակություն է տիրում, եւ մեր կործանումը դեռ շարուրակվում է:

– Ասացիք «մեր մակույկը նավավար չունի փոթորկոտ ծովում», բայց, կարծես թե, ընդդիմությունն էլ չի առաջարկում իր «նավավարի» թեկնածուին: Ի՞նչն է խանգարում, որ ընդդիմությունը համախմբվի մեկ «նավավարի» շուրջ:

– Պատմության ընթացքում ցանկացած հեղափոխությունների եւ հեղաշրջումների ժամանակ առաջնորդները փոխվել են: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եղան Ռոբեսպիերը, Մարատը, Նապոլեոնը եւ այլն: Այսինքն` փոխվեցին մի քանի «նավավար»: Ռուսական հեղափոխության ժամանակ եւս փոխվեցին առաջնորդները` Լենին, Տրոցկի, Ստալին: Լենինը կերտեց գաղափարախոսություն, Տրոցկին ավերեց ռուսական երկիրն ու բանակը, իսկ Ստալինը կարողացավ զրոյից կերտել: Այնպես որ, հասարակական շարժումը կբերի նոր առաջնորդի: Այդ առաջնորդը կարող է այսօր մեզ ոչ մեկիս հայտնի չէ , բայց երբ հասարակական պահանջարկը կլինի, առաջնորդը հանդես կգա: Ի վերջո, ոչ թե առաջնորդն է ստեղծում հասարակական պահանջարկ եւ հզոր շարժում, այլ հասարակությունն է ծնում իր շարժման առաջնորդին, որը ղեկավարում է այն:

«ԵԹԵ ՄԵՐ ՄԵՋ ՈՒԺ ՉԳՏՆԵՆՔ, ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԵՎ ՄԵՐ ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

– Դուք մասնակցում էիք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նախաձեռնությամբ կայացած «Օշականի ճակատամարտ. Արեւելյան քրիստոնեության քաղաքակրթական հիմքերի պաշտպանությունը դարերում եւ այսօր» գիտագործնական կոնֆերանսին: Որպես պատմաբան, ի՞նչ կասեք 195 տարի առաջ տեղի ունեցած այս ճակատամարտի մասին:

– Օշականի ճակատամարտի դերն այն է, որ առաջին անգամ երկար դարեր անց սեփական զինվորականության եւ պետականության բացակայությունից հետո, Ներսես Աշտարակեցու եւ ռուսական կառավարության համատեղ ջանքերով ստեղծվեց Հայոց աշխարհազորը: Առաջին անգամ ստեղծվեցին երեք գումարտակ, որոնք պետք է կռվեին ռուսական կողմում Հայաստանի ազատագրության համար: Ճիշտ է, այդ գումարտակները պետք է լինեին 100 մարդուց բաղկացած, սակայն հասնում էին մինչեւ հազարի, որովհետեւ այդքան շատ էին հայ կամավորները, որոնք ցանկանում էին մտնել աշխարհազոր եւ կռվել Հայաստանի փրկության համար: Ասեմ, որ Օշականի ճակատամարտի հաղթանակի մեջ մեծ դեր է ունեցել հայազգի Հակոբ Հարությունյանը, ով պարսկական կողմում որպես հրետանավոր էր կռվում: Նա ճակատամարտի ամենաթեժ պահին, երբ Աբբաս-Միրզայի 25 հազարանոց բանակն արդեն գերիշխում էր ռուս գեներալ-լեյտենանտ Կրասովսկու դիվիզիայի նկատմամբ, պարսկական բանակի թիկունքից անգլիական հրանոթներով կրակում է Հակոբը եւ խուճապի ու փախուստի մատնում Աբբաս-Միրզայի բանակին: Այդ պահին Կրասովսկին կարողանում է ճեղքել եւ հասնել Էջմիածին: Այդպիսով փրկվում են Կրասովսկու դիվիզիան եւ հայ կամավորականները, ովքեր այդտեղ էին, փրկվում է նաեւ Էջմիածինը: Եթե այդ իրավիճակը չստեղծվեր, 700 ռուս զինվորները եւ 400 հայ կամավորականները չէին կարողանա դիմադրել պարսկական բանակին, իսկ Էջմիածինը կգրավվեր: Այդ ժամանակ պարսկական իշխանությունը այս տարածաշրջանում հայաթափման քաղաքականություն էր վարում: 7 հազար ընտանիք արտաքսել էին Արարատյան դաշտավայրից, որոնք պետք է տեղափոխվեին Էրզրում, 400 ընտանիք կոտորել էին Փամբակում, Լոռիում, Լենինականի մոտ:

– Ձեր գնահատմամբ` ի՞նչ դասեր պետք է քաղենք Օշականի ճակատամարտից այսօր` 195 տարի անց, եթե փորձենք զուգահեռել մերօրյա իրողությունների հետ:

– 1809 թվականին կնքվեց պարսկա-անգլիական համաձայնագիր, որով անգլիացիները 12 հազար հրացան եւ 22 թնդանոթ տվեցին պարսիկներին` հրահրելով նրանց ռուսների դեմ: Ֆրանսիացիները, համաձայն պայնանագրի, ֆինանսավորում էին պարսիկներին ընդդեմ ռուսների: Արդյունքում եվրոպական կառույցների ֆինանսավորմամբ եւ պարսկական յաթաղանով լուծվում էր Հայաստանի հարցը, նույնն այսօր է կրկնվում: Արեւմտյան տերությունների լուռ համաձայնությամբ` ադրբեջանա-թուրքական զորքերը հարձակվեցին, ջարդեցին ու կոտորեցին հայերին: Նույն եվրոպական գաղափարներով ու փողերով Հայաստանում բերեցին մի իշխանություն, որը Հայոց ազգային բոլոր շահերը ոչնչացրեց եւ ենթարկեց թուրք-եվրոպական ցանկություններին: Մենք կորցրինք Արցախը` մեր պատմական Հայրենիքի մասերը եւ դեռ կորցնում ենք մեր սարերը, մեր բանակը, մեր ազգային ինքնությունն ու հպարտությունը: Պատմությունը կրկնվում է: Եթե մեր մեջ ուժ չգտնենք, չհասնենք ազգային վերելքի եւ ճիշտ դաշնակցի հետ ճիշտ աշխատելու, կորցնելու ենք նաեւ մեր այս վերջին Հայրենիքը:

Հրանտ Սարաֆյան

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.


www.iravunk.com


դեպի ետ