• am
  • ru
  • en
Версия для печати
30.08.2022

ԵԹԵ ԱԶԳՈՎԻ ՈՏՔԻ ՉԿԱՆԳՆԵՆՔ, ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՈՒԿՐԱՆԻԱ. Մանասերյան

   

Հայաստան ներքաղաքական իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, իրավաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ:


«ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ՀԵՏՈ Ի՞ՆՉ ԹԵԺ ԱՇՈՒՆ»

– Քաղաքական դաշտում տեւական ժամանակ է, ինչ անոնսավորում են, թե աշունը թեժ է լինելու: Ի՞նչ եք կարծում՝ քաղաքական այրերը շատ չե՞ն ուշացել, երբ արդեն Բերձորում ադրբեջանական դրոշն է ծածանվում:

– Թեժ քաղաքական աշուն չի լինելու, ընդդիմությունը իրեն ամբողջովին սպառել է։ Չորս ամիս եւ ավել տեւող ընդդիմության հանրահավաքները գնալով մարեցին՝ գլխավորապես այն պատճառով, որ հստակ ծրագիր եւ գործողությունների պլան այդպես էլ չներկայացվեց։ Ավելին՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից այսօր քար լռություն է հայկական գյուղերի հանձման վերաբերյալ։ Չի արվում որեւէ հիմնավոր հայտարարություն, թե ինչպիսի փաստաթղթի կամ պայմանվորվածության արդյունքում է թշնամուն հանձնվում հայկական գյուղերը, առավել եւս, բնակիչներից պահանջվում, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը կատարյալ վիճակում պետք է հանձնեն թշնամուն։ Ընդդիմությունը որեւէ կոչ, հանրահավաք չարեց, որի միջոցով կարող էր համախմբել ժողովրդին։ Այս ամենից հետո ի՞նչ թեժ աշուն։

– Երկիրը կործանվելուն հինգ է պակաս, իսկ մենք ունենք արդեն մի քանի վարչապետի թեկնածու՝ ծռերի Վարուժան Ավետիսյանն, ինքնաառաջադրված Էդգար Ղազարյանը, նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածուներ՝ Տիգրան Արզաքանցյանի տիկին Ռոտենբերգն ու ՔՊ-ի Տիգրան Ավինյանը, բայց ընտրություն, որպես այդպիսին, չի էլ նախատեսված: Այս ամենի տակ որեւէ լուրջ գործընթաց տեսնո՞ւմ եք:

– Լուրջ գործընթացներ, իհարկե, տեսնում եմ, դա Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ թեժ պայքարն է տարածաշրջանում՝ «գերիշխանության» համար։ Այսպես, Վարուժան Ավետիսյանը ներկայացնում է Արեւմուտքը, ԱՄՆ-ն, Էդգար Ղազարյանը՝ Ռուսաստանը, տիկին Ռոտենբերգն ու ՔՊ-ի Տիգրան Ավինյանը սնվում են հիմնականում Անգլիայից: Իսկ ինչ վերաբերվում է ոմն տիկին Ռոտենբերգի հայտնվելուն, ապա նա ընդամենը ՔՊ-ի համար նախատեսված մի մարիոնետ է։ Քաղաքականության մեջ հիմնականում նման դերակատարում ունեցող անձանց համարում են «քաղաքական ծաղրածուններ», որոնց միակ զբաղմունքը պետք է լինի հանրությանը զբաղեցնելը։ Իսկ, թե ինչու հրապարակ «նետվեց» Վարուժան Ավետիսյանն ու Էդգար Ղազարյանը, ապա հստակ է, որ երկու բեւեռի համար էլ հստակ է, որ հաջողության հասնելու համար նոր դերակատարներ են պետք եւ համեմատաբար մաքուր անցյալով։ Չմոռանանք այն, որ այս անձինք սկսեցին իրենց ակտիվ կամ ավելի ակտիվ գործողությունները, երբ Հայաստան այցելեցին ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի հետախուզության ղեկավարները։ Նրանց համար պարզ էր, որ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության լիդերներն իրենց «մարել» են եւ կորցրել վստահությունը հանրության մոտ, իսկ այսօրվա իրադարձություններում Հայաստանը բավականին կարեւոր խաղաքարտ է, որ պետք է իրենց ձեռքում ունենան, այդ իսկ պատճառով հրապարակ հանվեցին նոր անձիք՝ ավելի մաքուր ձեռքերով։ Այս պահին կշեռքի նժարը Ռուսաստանի կողմն է։

«ԼԻՆԵԼՈՒ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ»

– Դեպքերը Հայաստանում շատ արագ են զարգանում: Էրդողանն ու Ալիեւը, կարծես, շտապում են, որպեսզի հայաստանյան իշխանություններից բոլոր ցանկալի համաձայնությունները կորզեն: Ի վերջո, այս գործընթացը կասեցնելու սահմանադրական ճանապարհ կա՞, ինչի հետ դեռ հույս են կապում մի շարք ընդդիմադիր գործիչներ:

– Սահմանադրակաան ճանապարհ կա, սակայն մինչ այս պահը ընդդիմադիր գործիչները երբեք չեն վիճարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը, չնայած Ազգային ժողովում ունեն ներկայացվածություն, հետեւաբար նաեւ որոշակի լծակներ միջազգային կառույցներում այն վիճարկելու համար։ Հիշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը միջազգային պայմանգիր էր, եւ այն պետք է անցներ իրավական որոշակի գործընթացով, որը չի արվել, դա է հիմնական վիճարկման հիմքը։ Եթե ընդդիմության լիդերները մտածում են, որ դա պետք է անեն իշխանություն գալուց հետո, ապա վստահ եղեք, որ այն լինելու է Արեւմտյան Հայաստանի հողերի պահանջատիրության նման մի բան։

– Ի դեպ, լակմուսի թուղթ դարձավ Էդգար Ղազարյանի հրավիրված հանրահավաքը, ինչը ցույց տվեց, որ խնդիրն այս կամ այն ընդդիմադիր լիդերի կամ քաղաքական ուժի մեջ չէ, միեւնույն է, հանրության լայն զանգվածները փողոց դուրս չեն գալիս: Հետեւապես, փողոցով իշխանության հրաժարականին հասնելու ճանապարհը չե՞ք կարծում, որ այլեւս սպառել է իրեն:

– Իսկ դուք մտածո՞ւմ էիք, որ Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքը պետք է բազմամարդ լիներ։ Ես վստահ էի, որ չէր կարող լինել։ Հիշեք նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, որին լավագույն ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան կարելի է համարել, մարդ, որը իսկապես կայացրեց այդ կառույցը եւ մեծ ջանք ու եռանդ դրեց Մարդու իրավունքների ոլորտը զարգացնելու համար, սակայն, երբ «փորձնական» սեմինար անցկացրեց Մարտիրոս Սարյանի այգում, ապա սպասվածից շատ ավելի քիչ մարդիկ կային այդ հանդիպմանն՝ այն դեպքում, որ նույնիսկ հասկանալի էր, որ շատ հարցերի մասնագիտական բարձր որակի պատասխան կարող էին ստանալ։ Ի տարբերություն Արման Թաթոյանի՝ Էդգար Ղազարյանը չունի այնպիսի հանրային ճանաչում, ներդրում պետության զարգացման գործընթացներում, հետեւաբար նույնչափ նաեւ հանրային վստահություն։ Եվ էական չէ, որ նա բավականին բարձր մարդկային եւ մասնագիտական արժեքների կրող անձ է, առաջինը կա մի բաց՝ նա իր էությամբ լիդեր չէ եւ չի կարող իր հետեւից մեծ թվով մարդկանց տանել։ Սկզբից եւեթ Էդգար Ղազարյանի գործողությունները սխալ էին, այսպես օրինակ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օր եւ ժամ հայտնելը, կառավարության դիմաց հանրահավաքի ոչ աշխատանքային ժամը եւ պահանջը ոչ աշխատանքային ժամին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Իհարկե, նաեւ ելույթը, որը հարուստ էր պոպուլիզմով։ Մեկ այլ հարցազրույցի ժամանակ ավելի մանրամասն կանդրադառնամ այդ հանրահավաքին եւ ապագայում սպասվելիք իրադարձություններին:

«ԱՇՆԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

– Աշխարհաքաղաքական զարգացումների համար եւս Հայաստանը, կարծես, դարձել է հարմար թատերաբեմ: Այստեղ շտապեցին ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի հետախուզության ղեկավարները: Ի՞նչ է մեզ սպասվում աշնանն այս համատեքստում:

– Աշնանը սպասվում է Հայաստանի նոր տարածքների հանձնում Ադրբեջանին։ Բացի այդ, նաեւ կախված ռուս-ուկրանիական պատերազմի արդյունքից՝ կլինի տարածաշրջանը նոր ազդեցության գոտիների բաժանելու գործընթացի ավարտը։ Ապաշնորհ իշխանության (մեղմ բառ եմ օգտագործում) ձեռքով Հայաստանն այսօր դրված է գերտերությունների զոհասեղանին եւ ում որ «պատառը» հարկավոր է, այն էլ համտես է անում, դեռեւս՝ համտես։ Այս ամենի վառ ապացույցն էր ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի հետախուզության ղեկավարների այցելությունը Հայաստան եւ տարածաշրջան։

– Օգոստոսի 31-ին տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը ու էլի կա մտավախություն, որ ինչ-որ վտանգավոր բան է ստորագրվելու: Ի՞նչ կասեք այս մասին:

– Առաջինը, կքննարկվի իրենց բնորոշմամբ խաղաղության պայմանագրի կետերը, կնշանակվի ժամանակացույցը՝ այդ պայմանգրի կնքման եւ կետերի կյանքի կոչման համար։ Կքննարկվի Արարատի, Տավուշի եւ Վարդենիսի տարածաշրջանից նոր տարածքների զիջման հարցը։

– Իսկ 44 օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները կրկին Դատախազության դիմաց Արթուր Դավթյանից պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ եք կարծում՝ օրեր անց պաշտոնին հրաժեշտ տվող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից դեռ կարելի՞ է նման ակնկալիք ունենալ:

– Ոչ միայն վստահ եմ, այլ նաեւ հավատում եմ 44 օրյա պատերազմում զոհվածների ծնողների ու հարազատների ե՛ւ պահանջին, ե՛ւ բարի ու հայրենանվեր մղումներին, սակայն կարծում եմ՝ նրանց գործողությունները անպտուղ են եւ ոչ համակարգված։ Նույնիսկ հստակորեն կարող եմ ասել, որ ոչ հեռանկարային, եթե անգամ ստվերային որեւէ անձեր փորձում են այդ գործողությունները ուղղորդել։ Պարզաբանեմ, թե ինչու։ Առաջին, 44 օրյա պատերազմում զոհվածների ծնողների ու հարազատների միջեւ չկա փոխըմբռնում եւ համաձայնություն գործողությունների կատարման միջոցների եւ եղանակների առումով։ Երկրորդ, չկա հստակ գործողությունների կատարման պլան, ժամանակացույց, պրոֆեսիոնալ ղեկավարներ կամ կազմակերպիչներ, որոնք նրանց գործողությունները հստակ կուղորդեն։ Երրորդ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալի եւ կալանավորի՝ այն պարագայում, որ նույնիսկ գործով անգամ վկա չի հարցաքննել այդ անձը, պարզապես, միամտություն է։ Եվ ցավալին այն է, որ որոշ անձինք, նույնիսկ տուժողի կարգավիճակ ստացած անձանց ներկայացուցիչի կողմից արվում է հայտարարություն, ըստ որի «թե գլխավոր դատախազը հանձնարարել է գործողություններ իրականացնել, որի արդյունքում պետք է անհապաղ ձերբակալվի Նիկոլ Փաշինյանը»: Սա, մեղմ ասած, անպատասխանատու կամ պոպուլիստական հայտարարություն կարելի է որակել։ Այս հայտարարություններն էլ ծնողների մոտ թյուր կարծիք է ստեղծել այն առումով, որ գլխավոր դատախազն ունի նման կամք, ղեկավարվելով օրենքով եւ գործում եղած ապացույցների հիման վրա՝ Նիկոլ Փաշինյանին կներգրավի, որպես մեղադրյալ, մեղադրանք կառաջադրի եւ կձերբակալի, կամ դատարան միջնորդություն կներկայացնի կալանավորման վերաբերյալ։

Պետք է հստակ ասեմ, որ գործող իշխանության օրոք որեւէ մեղադրանք չի առաջադրվի Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ պատերազմի ժամանակ, դրանից առաջ եւ հետո ռազմական հանցագործություններ կատարած որեւէ անձի նկատմամբ, որի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել իրական մեղավորներին։ Հայաստանում ժողովրդավարությունը եւ արդարադատությունը մահացել են: Ո՛չ Արթուր Դավթյանը, եւ ո՛չ էլ նորանշանակ գլխավոր դատախազը երբեք ցանկություն չեն ունենա բացահայտել պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների իրական մեղավորներին։ Ուստի՝ այսօր պահանջել Արթուր Դավթյանից կատարել որեւէ գործողություն, որը կբխի օրենքից եւ ի շահ պետության, մեղմ ասած, միամտություն է՝ մի պաշտոնյայից, որը իմ խորին համոզմամբ՝ կարող եմ ասել, որ ապագայում, իշխանափոխությունից հետո կանգնելու է արդարադատության առջեւ։

– Ի՞նչ նկատի ունեք:

– Հիշե՛ք, այսօր ակնհայտորեն թաքցվում է Արթուր Դավթյանի եղբոր եւ եղբոր տղայի կողմից կատարված հանցագործությունները, իսկ դա գին ունի, եւ այդ գինն էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լռությունն է։ Հիշեցնեմ՝ նրանք մեղադրվում էին մարդու առեւանգման մեջ եւ եւս այլ հանցագործությունների, նույնիսկ ես մեկ անգամ նշել եմ քրեական գործի համարը։ Արթուր Դավթյանը ձկան պես միշտ լուռ է լինելու, ծնոողները իրենց գործողությունները եւ պահանջը այլ ուղղությամբ պետք է ուղորդեն։ Անդրադառնամ նաեւ զոհվածների ծնողների եւ հարազատների հայտարարության բովանդակությանը։ Այն շատ պարզ եւ հստակ ոչինչ չասող հայտարարություն է։ Հայրենիքը հայտարարություններով չեն փրկում, այլ հստակ գործողություններով, օրինակ, այդ ծնողներն ապրիլիից սկսած մեկ օր չպետք է դադարեցնեին իրենց նստացույցը գլխավոր դատախազության դիմաց, չպետք է իրենց վրանները հավաքեին՝ հայտարարելով, որ միանում են հրապարակում ընդդիմության մասնակիցներին։ Այդ պահից եւեթ նրանք իրենք իրենց պահանջը չկատարված ավարտ համարեցին։ Այժմ ամեն գործողություն արդեն ժամանկավրեպ է։Այսօր ցավալիոորեն կարելի է հստակ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ավտորիտար, դիկտատուրական, մի անձի կողմից կառավարվող պետություն է, իհարկե, հստակ ուղղորդվելով արտաքին ուժերի կողմից, որի արդյունքը կարող է լինել մի նոր «Ուկրանիա» Անդրկովկասում։ Հայաստանը այս գերտերությունների մեծ խաղից հաղթած, անգամ փոքր վնասով դուրս չի գա, եթե չլինի իշխանափոխություն, կամ ինչպես հաճո է որոշ քաղաքական ուժերի՝ «հեղափոխություն»։ Եթե ազգովի ոտքի չկանգնենք եւ չպայքարենք Հայաստան պետության, պետականության եւ ազգի ինքնության համար, ապա կարճ ժամանակ անց Հայաստանը կդառնա Անդրկովկասի Ուկրանիա։

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ