• am
  • ru
  • en
Версия для печати
13.08.2022

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ՝ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ. ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՀԻՄԱ ԲԵՐՁՈՐՈՒՄ

   

Թեեւ խուճապային լուրեր էին հասնում Բերձորից ու Աղավնոյից, սակայն լինելով հենց տեղում տպավորությունը բոլորովին այլ էր: Նախ բերձորցիների մեծ մասն արդեն տեղափոխվել է, հիմնականում մնացել էին մեծահասակները, ովքեր «Իրավունք»-ի հետ զրույցում նշեցին, որ մինչեւ օգոստոսի 25-ն էլ մնալու են տեղում: Իսկ դրանից հետո՝ մտադիր են տեղափոխվել Հին Շեն եւ Մեծ Շեն համայնքներ, ինչպես իսկզբանե էին ասում, որ բերձորցիներին տեղափոխելու են այդ համայնքներ: Իհարկե, տունուտեղը հեշտությամբ չեն լքում բերձորցիները, սակայն հասկանում են, որ օգոստոսի 25-ից հետո մնալ տեղում նշանակում է գերի հանձնվել ադրբեջանցիներին:

Այսօր Բերձորում դեռ մնացածների հիմնական խնդիրը տեղափոխման հետ կապված բարդություններն են: Սակայն հենց այսօր նրանց էր այցելել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, Բերձորում է նաեւ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը: Բերձորցիները վստահեցնում էին, որ իրենք իրենց մենակ չեն զգում՝ Արցախ կառավարությունն էլ է աջակցում, Կարմիր Խաչից էլ են օգնություն ստացել, լրատվամիջոցներին էլ խնդրեցին հորդորել, որ առանց այն էլ եղած ծանր իրավիճակը չվերածեն էմոցիոնալ պոռթկումների:

Հատկանշական էր այն, որ բերձորցի տիկին Աիդան, ում տեղացիները շատ լավ են ճանաչում, շարունակում է աշխատեցնել իր խանութը: Ասաց, որ թեեւ հոգեպես կոտրված են, բայց այլ ելք չունեն: Լիահույս է՝ արցախցիները այսպսի բաներ չէ, որ տեսել են ու հաղթահարել, մի օր էլ անպայման իրերը հետ են հավաքելու ու վերադառնան Բերձոր: Բերձորցիներն այսօր շատ հարցերի պատասխաններ չգիտեն, բայց մի բան հստակ է, ասել են, որ օգոստոսի 25-ին ադրբեջանական շարասյունը մտնելու է Բերձոր:

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ