
«ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ». Չալաբյանի գործով դատաքննությունը կսկսվի հուլիսի 26-ին
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով մեկնարկում է դատաքննությունը: Նա արդեն 2,5 ամիս է` զրկված է ազատությունից: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը «Համախմբում» շարժման անունից մի քանի կարևոր արձանագրում կատարեց` նախ ընդգծելով, որ Ավ. Չալաբյանի գործին առնչվող այս ապօրինությունները հերթական անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում խախտված է սահմանադրական կարգը և մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորություններն ուզուրպացված են: «Երեք փաստ` ի ապացույց այս հայտարարության: Առաջին` թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ Դատախազության, թե՛ դատարանների կողմից քաղաքական պատվերի կատարումը: Երկրորդ` Ավ. Չալաբյանի գործի առնչությամբ ԱԺ-ի մեկ խմբակցությունը մեկ մարդու նման Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարում` հանուն նրա, որ Ավ. Չալաբյանին մեղսագրվող հոդվածը շարունակի պարունակել հանցակազմ, երրորդ` անկախ մարմին հանդիսացող Կենտրոնական բանկը, որի խորհրդի անդամն է Ավ. Չալաբյանի եղբայրը` Արա Չալաբյանը, իշխանության թելադրանքով նրա նկատմամբ հալածանք է սկսում»,-ասաց Սողոմոնյանը: Նա վստահ է, որ ապօրինությունների, սահմանադրականության խախտման այս միտումը խորանալու է այն պատճառով, որ Հայաստանի գործընկեր կառույցներն իրենց դիրքորոշումներով խրախուսում են դա: Խոսքը ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի վերջին օրերի այն հայտարարության մասին է, որ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»:
Ասուլիսին ներկա էր Ավ. Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը: «75 օր է, ինչ Ավետիքն ապօրինի կալանավորված է: Նա բաց է թողել մեր չորս երեխաներից երկուսի ծննդյան օրերը, ծնողների ծննդյան օրը, երեխաների մեկի հիմնական դպրոցի ավարտելը, իր հոր վիրահատությունը: Այս բոլոր օրերին նա չի կարողացել լինել իր ընտանիքի կողքին: Չնայած դրան` Ավետիքն ուժեղ է»,-նշեց Ադամյանն` ընթերցելով Չալաբյանի ուղերձը` գրված Արմավիր ՔԿՀ-ում:
Այնուհետև խոսքը փոխանցվեց Ավ. Չալաբյանի շահերը պաշտպանող փաստաբանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Հարությունյանին: «Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում կիրառված կալանքի պայմաններում, երբ քրգործը հարուցվել էր այն իրադրության պայմաններում, երբ նոր Քրեական օրենսգրքի մեջ այլևս հանցակազմը չկար, այսինքն` նյութապես շահագրգռելը հավաքներին մասնակցելու նպատակով արարքն ապաքրեականացված էր, Չալաբյանի կալանքի ժամանակ իշխանությունները, ԱԺ մեծամասնությունը, գաղտնի, առանց որևէ հանրային քննարկման Քրեական օրենսգրքի նախագծի մեջ ներառեց այդ հոդվածը և ընդունեց այն: Հուլիսի մեկին արարքը կրկին քրեականացված էր: Սա արվեց հատուկ Չալաբյանի համար: Նա 2,5 ամիս է` կալանավորված է: Մասնակցել ենք կալանքի երկարացման միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել էր քննիչի կողմից, իսկ նախագահող դատավորն Արուսյակ Ալեքսանյանն էր: Երկրորդ անգամ մեր մաշկի վրա զգացինք դատավորի պրոմեղադրական դիրքորոշումը: Քննիչը ներկայացրել էր կալանքի երկարացման միջնորդությունն իրեն հատուկ շտապողականությամբ և վարույթային անփութությամբ: Ինչո՞ւ, որովհետև միջնորդության հիմքում դրել էր նախկին Քրեական օրենսգրքի կարգավորումները նախկին մեղադրանքով: Մինչդեռ այդ պահին հին Քրեական օրենսգիրքն արդեն մի քանի օր չէր գործում: Նիստը բացվելուն պես դատավորը զայրացած տոնով քննիչին կշտամբեց, թե այս ինչ միջնորդություն եք բերում, վերջում էլ հավելեց` ձեզ որքա՞ն ժամանակ է պետք միջնորդության հիմքում ընկած մեղադրանքն օրինականացնելու: Դատավորը քննիչին մինչև հաջորդ օրը ժամը 12-ը ժամանակ տվեց: Սա մեզ համար շոկային էր: Հաջորդ օրը քննիչը գործողությունները կատարած եկավ, դատավորին բացարկ հայտնեցինք, որը մերժվեց: Այդ օրը դատավորը քննիչին նաև հարցրեց, թե որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի դուրս գրեք, թե ինչ քննչական գործողություններ եք կատարել և հիմնավորեք, որ պատշաճ ջանասիրությունն ապահովված է: Մանրամասնեմ` եթե կալանքի երկարացման միջնորդություն եք ներկայացնում, ապա պետք է հիմնավորեք, որ այն ընթացքում, երբ անձը գտնվել է արգելանքի տակ, նախաքննություն իրականացնող մարմինը անգործության մատնված չի եղել: Քննիչը դա չէր հիմնավորել»,-հավելեց Հարությունյանը: Ընդգծում է` դատավորը նաև մեկ այլ հարց է ուղղել քննիչին` ի՞նչ քննչական գործողություններ պետք է իրականացնեք, որ դրանք կատարելու համար ցանկանում եք երկարաձգել Չալաբյանի կալանքը. «Քննիչն ասաց` ինչ պլանավորել էինք, կատարել ենք, մնացել է գործն ուղարկել դատարան»: Հաջորդ օրը դատավորը բավարարեց քննիչի բողոքը մասնակի` 15 օրով երկարացրեց Չալաբյանի կալանավորման ժամկետը: Փաստաբան Վ. Հարությունյանը ներկայացրեց նախաքննության ընթացքին վերաբերող մի շարք մանրամասներ: Նա ընդգծեց` այս ամիսների ընթացքում քննիչը բացարձակ անգործության է մատնված եղել: «Տարատեսակ քննչական գործողություններ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, բավարարվել է մեկը` դատատեխնիկական փորձաքննությունը, որով առաջադրել էինք հետևյալ հարցերը` ձայնագրությունը մոնտաժված է, թե՞ ոչ, ի՞նչ սարքով է կատարված այն և բնօրինակ է այն, թե՞ ոչ: Դատատեխնիկական փորձաքննության պատասխաններն են` ձայնագրությունը մոնտաժված է, բնօրինակ չէ, անհնար է պարզել, թե ինչ սարքով է կատարված ձայնագրությունը»,-ասում է փաստաբանը: Ընդգծում է` Ավ. Չալաբյանի գործով ապօրինությունները բազմաթիվ են: Վարազատ Հարությունյանը հիշեցրեց Մենուա Սողոմոնյանի` ավելի վաղ արտահայտած այն միտքը, որ Ավ. Չալաբյանը կալանավորված է քաղաքական դրդապատճառներով: Ասաց` «վերջինիս հետ զրույցների ու տարաբնույթ հարցերի արդյունքում Չալաբյանը բացահայտել է այլ` անձնական պատճառ Նիկոլ Փաշինյանի կողմից իր նկատմամբ իրականացվող քաղաքական այս հետապնդման համար»: «Ինքս դա անել լիազորված չեմ, բայց հորդորել եմ պարոն Չալաբյանին խոսել այդ մասին: Կարծում եմ` նա դատական դռնբաց նիստերից մեկի ժամանակ պատեհ առիթով այդ մասին կխոսի»,-ընդգծեց Վարազդատ Հարությունյանը:
Հ. Գ. Հուլիսի 26-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կմեկնարկեն Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատալսումները: Նիստերը լինելու են դռնբաց:
Լուսինե Առաքելյան
past.am
դեպի ետ