
ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐ
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում օրերս գումարվել է նիստ, որի օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկութան եւ հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը: Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ հանձնաժողովի անդամները փակ եւ գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:
Պարզվում է՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «Բուն» գիտամշակութային հիմնադրամ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Յան թիվի» եւ «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար՝ 101, 73, 84 եւ 69 միավոր:
Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, ինչն, իհարկե, բոլորովին էլ զարմանալի չէ ու ոչ թե նրա համար, որ իրենք վստահաբար լավագույնն էին, այլ խիստ քաղաքականացված, ավելի ճիշտ՝ ՀՀՇաֆիկացված հանձնաժողովում, որտեղ հետեւողականորեն մերժում են լիցենզիա տալ իր պրոֆեսիոնալիզմով տարիներ շարունակ հեռուստաեթերում ուրույն տեղ զբաղեցրած «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ին, հանկարծ նրա փոխարեն՝ հաղթող է ճանաչվում «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որն առավել հայտնի է Սորոսի հիմնադրամից տարբեր տարիներին ստացած խոշոր դրամաշնորհներով: Իսկ այն, ինչ սորոսական հետք ունի, այս իշխանության գլխի վրա տեղ ունի:
Հիշեցնենք, որ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիրն է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ դարձած, ապա աշխատանքից ազատված Գեմաֆին Գասպարյանը: Նրա հիմնադրած հիմնադրամի ներքո՝ գործում է «Բուն TV» առցանց ալիքը, որը պարբերաբար դրամաշնորհներ է ստացել Սորոսի «Բաց հասարակություններ-Հայաստան» հիմնադրամից: Օրինակ, 2014 թվականին՝ մոտ 15 000 դոլար՝ ԼԳԲՏ-ականների թեմայով, 2017 թվականին՝ 68 հազար դոլար՝ բանակային հարցերի վերաբերյալ: Մամուլում առկա տարբեր հաշվարկներով՝ տարիների ընթացքում նրանց ստացած սորոսական դրամաշնորհները կազմել է շուրջ 433․000 հազար ԱՄՆ դոլար: Սակայն, սա դեռ ամենը չէ, «Բուն TV»-ին ներկայացնող համանուն գիտամշակութային հիմնադրամը նախորդ տարի 90.200 ԱՄՆ դոլար էլ ստացել է Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամից՝ NED-ից, որն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համարել Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի քույր կառույցը:
Ինչեւէ, ինչու հենց հիմա «Բուն TV»-ին հայտնվեց հեռուստաեթերում, առավել ուշագրավ է դառնում, երբ ուսումնասիրում ենք առցանց ալիքի գործունեությունը: Հենց նրանք էին հարթակ տրամադրում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական «խաղաղասիրական» թեմաներով լոլոներ կարդացող բանախոսներին: Եվ, ըստ էության, ստացվում է, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի այս հարթակով շարունակվի մարդկանց «ուղեղների լվացումը»՝ մինչեւ օրվա իշխանությունը կկտրի, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» արյունոտ գույնով ժապավենը: Որպեսզի պարզ լինի, թե ինչ բովանդակություն ունեն նման հաղորդումները, նշենք, որ, օրինակ, Բաքվի, Սումգայիթի ջարդերի եւ Հայաստանից ադրբեջանցիների տեղահանության միջեւ հավասարության նշան է դրվում, իսկ Արցախյան ազատամարտում մեր ինքնապաշտպանությունը՝ բնութագրում է, որպես հայ զինվորի՝ գլուխ ցխելու, սիրտ հանելու, արյուն խմելու, մի խոսքով՝ գազանաբարո մոլուցք, որը իր բնութագրմամբ, խանգարում է խաղաղություն հաստատելուն: Ի դեպ, այս մասին բարձրաձայնել է բժիշկ Զաքար Խոջաբաղյանը դեռ տարիներ առաջ, ով այն ժամանակ պնդում էր, որ «Բուն TV»-ով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն, ռազմական հետախուզությունը եւ հակահետախուզությունը: Ավելին՝ նույն այդ հարթակում բազմաթիվ ելույթներ են եղել նաեւ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու: Ու այս ամենի ֆոնին՝ «Բուն TV»-ին խոստանում է, որ իրենց նպատակն է՝ «չլսված ձայների հանրայնացումը եւ բազմակարծությունը խթանելը»: Դե պատկերացրեք, թե դրա տակ ինչ է սպասվում առաջիկայում հեռուստադիտողին:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ