
ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ՝ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՓՆՏՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ. Արման Ղուկասյան
Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծի շուրջ ՀՅԴ գրասենյակում արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ քննարկմանը ներկա չէր «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ: Իսկ թե ինչով էր պայմանավորված, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ հրավիրված չի եղել:
– Ամեն դեպքում, պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերում ներկայացված նախագծի բովանդակությանը եւ ինչպիսի՞ն է Ձեր կուսակցության դիրքորոշումը:
– Իհարկե, նման նախագիծը չի կարող ընդունելի չլինել: Բայց կան շատ հարցեր գործող խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ընդդիմությանն՝ իրենց հռչակած ճանապարհային քարտեզի վերաբերյալ, ինչն ինձ համար պարզ չէ: Մեկ ամսից ավել է իրենք պայքարում են, բայց, կարծես թե, այդ պայքարն ավարտին չի հասցվել, իշխանափոխություն տեղի չի ունեցել, որ մի հատ էլ հայտարարություն ընդունեն խորհրդարանում ու որոշեն, թե ինչ հունով է ընթանալու հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունները: Ինչ վերաբերում է այն շեշտադրմանը, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, այստեղ թյուրըմբռնում կա, կարծում եմ՝ չի կարող լինել ինչ-որ հայ, որը համաձայն չլինի այս ձեւակերպման հետ: Սակայն, կարեւոր է նաեւ ընդգծել, թե ինչպիսի լուծումներ են տեսնում այս հարցի շուրջ այն ընդդիմադիրները, ովքեր նախաձեռնել են այս ամենը: Ի վերջո, ո՞րն է իրենց տեսլականը:
– Ասում եք, թե չի կարող լինել ինչ-որ հայ, որը համաձայն չլինի «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձեւակերպման հետ: Բայց այս ձեւակերպումից այսօր խուսափում է ամբողջ իշխանությունը` նախարարներից սկսած պատգամավորներով վերջացրած: Ի՞նչ կասեք այս մասին:
– Կներեք, բայց յուրաքանչյուր հայի, որը հստակ չի կարող ասել եւ խուսափում է ձեւակերպումից, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», չեմ համարում, թե հայ է: Բայց միայն այսքանն ասելը բավարար չէ, պետք է ձեւակերպել նաեւ, թե ինչպիսի գործիքակազմ կա այս հարցի լուծման համար: Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը հակապետական է եւ հակաարցախյան, բայց ինչպիսի՞ օրակարգ ունի հրապարակում կանգնած ընդդիմությունը, մինչեւ այսօր չեմ լսել:
– Բայց չէ՞ որ Ֆրանսիայի հրապարակում հնչել է առաջարկվող ծրագրային դրույթները, որոնց թվում շեշտվել է, որ մինչեւ հավանական խաղաղության պայմանագրի կնքումը՝ առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
– Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբ դեռ գոյություն ունի՞: Այսօր կա մոսկովյան ձեւաչափ եւ բրյուսելյան, որտե՞ղ է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իրականում ԵԱՀԿ Մինսկի խումբը գտնվում է պատային վիճակում, ինչի մասին բացմիցս նշել է նաեւ ՌԴ արտգործնախարարը: Այդ խումբը ճգնաժամ է ապրում եւ պետք չէ այս առումով պատրանքներ ունենալ: Կարող ենք իրողություններից չբխող օրակարգերով առաջնորդվել, բայց կասկածում եմ, թե սա կարող է մեզ բերել իրական կյանք եւ լուծումներ տալ մեր այն խնդիրներին, որոնք ունենք: Ըստ իս, այս հարցը կարող է լուծում ունենալ միմիայն Ռուսաստանի օժանդակությամբ՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը մեր տարածաշրջանի գործընթացների վրա: Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության արդյունքում չկան հստակ լուծումներ: Այնպես որ, առանց Ռուսաստանի միջնորդության՝ առարկայական լուծումներ փնտրել հնարավոր չէ: Իսկ ի՞նչ է առաջարկում հարթակում կանգնած ընդդիմությունը եւ անձամբ Իշխան Սաղաթելյանը, անկեղծորեն պետք է ասեմ, որ մինչեւ այսօր չեմ հասկանում:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ