• am
  • ru
  • en
Версия для печати
05.05.2022

ԵԹԵ ԷԼԻ ԸՆԿՆԵՆՔ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԱՂԵՏԻ ՄԵՋ, ԱՊԱ ԿՄՆԱՆՔ ԱՌԱՆՑ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ. Այվազյան

   


Ըստ «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, այսօր աշխարհը բաժանվել է երկու ճամբարի:

– Մի կողմում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայող եւ ՄԱԿ-ի անվտանգային համակարգը քանդող ԱՄՆ-ի ճամբարն է, մյուս կողմում` Ռուսաստանի ճամբարն է` իր ռազմվարական գործընկերոջ Չինաստանի հետ, որոնք հանդես են գալիս Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների պահպանման օգտին: Եվ հիմա եթե, իրոք, ակնկալում ենք, որ այս ծանր վիճակում Ռուսաստանն ընդառաջի մեզ Արցախի հարցում, ապա գոնե պետք է մեր քաղաքական օրակարգը համապատասխանի այն օրակարգի հետ, որն իրենք են տեսնում: Իսկ Ռուսաստանի օրակարգում երեք փաստաթուղթ է դրված: Երկուսը՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին ներկայացված անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերն են, իսկ երրորդը` փետրվարի 4-ին Պեկինում ստորագրված ՌԴ-ի եւ Չինաստանի կողմից նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների մասին փաստաթուղթն է, որը վերաբերում է անվտանգ ինտերնետին, կենսաբանական անվտանգությանը, ժողովուրդների ինքնիշխանությանը եւ այլն: Մինչդեռ բացի որոշ բացառություններից, եթե ռուսաստանյան համապատասխան կառույցները թերթեն հայկական լրահոսը, տպավորություն կստանան, որ այդ երեք փաստաթղթերը Հայաստանում չեն քննարկվում: Բայց, եթե մենք էլի ընկնենք բազմավեկտոր աղետի մեջ, ապա, վերջիվերջո, կմնանք առանց դաշնակիցների:

– Առնվազն Արցախում խոսում են այն մասին, որ պետք է բարձրացնել համագործակցության արդյունավետությունը ռուս խաղաղապահների հետ եւ անժամկետ ամրագրել նրանց ներկայությունն այնտեղ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ակնկալում եմ, որ Ռուսաստանի կողմից փոխադարձ քայլեր կլինեն, բայց նախ իրենք պետք է քայլ անեն, որպեսզի առնվազն բարոյապես անկաշկանդ ՌԴ-ն ցանկանա ընդառաջ գնալ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու ռիսկերը: Էլի եմ ասում` Ռուսաստանը պետք է տեսնի, որ մեր քաղաքական օրակարգը եւս համահունչ է իր աշխարհաքաղաքական այն գծի հետ, որը վարում է: Բայց ընդամենը մեկ օրինակ բերեմ` ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն, որի վերջին երկու կետի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Դիմում են ՌԴ ղեկավարությանը, թե՝ «Մեզ համար խիստ կարեւոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որեւէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք»: Սա մի տեսակ Ռուսաստանի ղեկավարությանը խելք սովորեցնելու մասին կետ է, եւ կարծում եմ` այս պարագայում ընդունելի չէ նման տոնով դիմելը: Եվ երկրորդ` հայտարարության մեջ դիմել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, թե՝ «Անկախ առկա այլ տարաձայնություններից` ջանքեր գործադրեք` պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը»։ Բավականին մեղմ է ասված, որ իրենք տարաձայնություններ ունեն, այսօր իրենք պատերազմի մեջ են: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակ հայտարարեց, որ Մինսկի խումբը փաստացի չի գործում: Ընդ որում` ոչ թե չի գործում այն պատճառով, որ իրենք չեն ուզում, այլ ռուսատյացության հետեւանքով: Այսինքն` Ռուսաստանի նկատմամբ ատելության պատճառով Մինսկի խումբը չի գործում: Մինսկի խմբում այսօր մնացել է միայն Արեւմուտքը:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ