
ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵԿԵԼ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՐՑԱԽՆ Է ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ Արթուր Վանեցյան
Նպատակը, որի համար մենք եկել ենք Ազատության հրապարակ, մարդկանց ուշադրությունը գրավելն է, սա մեծ բողոքի ակցիա չէ, սա տեղային ակցիա է մարդկանց իրազեկելու և նրանց հետո հողի վրա կանգնած խոսելու համար։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով արդեն երրորդ օրն է Ազատության հրապարակում է և հայտարարել է անժամկետ գործողությունների մասին։
«Այս ընթացքում մեզ մոտեցել են տարբեր մարդիկ ուղղորդված ու ասում էին՝ թողեք թող աշխատեն, ինչ եք ուզում և այլն, բայց ընդհանուր առամամբ հանգիստ է անցել գիշերը։ Այս երկու օրվա մեջ այնքան մարդու հետ եմ խոսել և պատասխանել իրենց հուզող հարցերին և զգում եմ, որ մարդիկ ամբողջապես տեղեկացված չեն ինչ է կատարվում։ Այստեղ գալիս են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլև քաղաքացիներ, ովքեր դժգոհ են իշխանություններից և չգիտեն՝ ինչ անել»,- ասաց Վանեցյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը իրեն ստիպել է դուրս գալ փողոց։
«Այստեղ են եկել 30-ից ավելի զոհված զինծառայողների ծնողներ, ովքեր մեզ ասում են, որ մեզ քննադատել են, որովհետև, երբ ընդդիմությունը պատերազմից հետո սկսել էր բողոքի ակցիաները, իշխանություննեը ասում էին, որ եթե այդ ակցիաները չլինեն, ձեր երեխաներին կգտնենք և այլն»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատերազմը կարող էր չլիներ, բայց կունենայինք նույն վիճակը, առանց զոհերի, արդյո՞ք չպետք է հետևեր իրավական գործընթաց, Վանեցյանը նշեց․
«Միանշանակ հիմք է հանդիսանում իրավական գործընթաց սկսելու, դա լրջագույն հայտարարություն է հանցագործության մասին, ինքնախոստովանական ցուցմունք է, դրա հետ կապված պետք է լուրջ հետաքննություն իրականացվի»։
Վանեցյանը նշեց, որ իրենց պայքարը բացառապես իշխանափոխության համար չէ։
«Մենք չենք եկել այստեղ պահանջում բացառապես իշխանափոխություն։ Մենք ասում ենք իշխանափոխությունը պետք է իրականցվի, որ մենք հասնենք մեր գլխավոր նպատակին։ Մեր գլխավոր նպատակը մեր հայրենիքի անվտանգությունն է։ Ես չեմ ասում սրանց քշենք, ես ստանձնեմ իշխանությունը, մեր նպատակը անվտանգ երկիրն է ու Արցախը։ Այս մարդկանց գնալուց հետո է միայն հնարավոր լինելու շտկել այդ բոլոր հարցերը»,- ասաց Վանեցյանը։
դեպի ետ