• am
  • ru
  • en
Версия для печати
15.04.2022

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ Է․ Գագիկ Հարությունյան

   


Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նշանակված է գունավոր հեղափոխության մեխանիզմով, որպեսզի կատարի իր պարտականությունները։ Այդ պարտականությունների մեջ մտնում է նաև Արցախի հանձնումը։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին նշել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։

«Ակնհայտ է, որ գործընթացը ղեկավարում են որոշակի պետություններ, կազմակերպություններ, որոնց առջև դրված է վերոնշյալ խնդիրը։ Այն, ինչ ասում է Փաշինյանը, ընդամենը իրեն թելադրված սցենարի մաս է։ Իրականում թե՛ իրեն, թե՛ մյուս, այսպես ասած, քայլականներին, հրամայում են անել այս կամ այն գործողությունը։ Ի դեպ, քայլականներին հավաքել են հստակ չափանիշներով։ Խոսքն անկարող ու շուտ զոմբիացվող մարդկանց մասին է, որոնք արագ կատարում են հրամանները»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրականում միակ պետությունը, որը նաև քաղաքական նպատակներով շահագրգռվածություն ունի այս տարածքում, ՌԴ-ն է․

«ՌԴ-ն ուզում է, որ իր հսկողությունը լինի, ինչը ճիշտ է։ Միակ երաշխիքն այստեղ իրականում ռուսական ռազմական ուժի ներկայությունն է, որը, կարծում եմ, միակ փրկությունը կարող է լինել։ Հիշենք նաև, որ միակ երկիրը, որը բազմաթիվ պատերազմներ է վարել Թուրքիայի դեմ ու հաղթել է, Ռուսաստանն է»։

Նրա խոսքով՝ այսօր իրականում ծանր վիճակ է, և Արցախի ճակատագրից է կախված նաև Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը։ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ այսօրվա իրողություններում Արցախը Հայաստանի լինել կամ չլինելու խնդիրն է․

«Եթե վարվեն այնպես, ինչպես պատկերացնում են, Արցախը կարող է ամբողջովին անցնել Ադրբեջանի տիրապետության տակ։ Սա նշանակում է, որ թուրքերը շատ հմտորեն և մի քանի տարում Արցախն ամբողջովին կզրկեն հայ բնակչությունից»։

Նշենք, որ նախօրեին խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության հաշվետվությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ։ Նա նաև նշեց, որ այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը և դրանով ապահովենք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի և Արցախի շուրջ։ Նա նաև ուշադրություն հրավիրեց մի կարևոր նրբերանգի վրա, ըստ նրա, եթե նախկինում հիմք էինք ընդունում ԼՂ կարգավիճակը, և կարգավիճակից բխում էին անվտանգության և իրավունքների երաշխիքները, ապա այժմ հիմք ենք ընդունում անվտանգության երաշխիքները և իրավունքները, որոնցից պետք է բխեցնենք կարգավիճակը։ Նա հավելեց, որ դրանով Երևանը հայտարարում է, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։

armeniatoday.news


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր