
ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԿՌՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ. «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏ» ԲԱՑԵԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՉԵՐԸ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ ԵՆ
Վրաստանում քաղաքական գործիչները քննադատել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու կոչը Վրաստանին և Մոլդովային։
«Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու Վրաստանին ուղղված կոչը չի բխում վրաց ժողովրդի շահերից»,- ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Սարջվելաձեն։ Նա հավելել է, որ նման հայտարարությունները «սխալ են ու չարդարացված»։
Իր հերթին խորհրդարանական ընդդիմադիր «Բարեփոխումների խումբ» խմբակցության ներկայացուցիչ Թեոնա Ակուբարդիան ասել է, որ պատերազմի մեջ մտնելու կոչերը «անհիմն և բարոյապես չարդարացված հայտարարություն են»։
Նա ընդգծել է, որ «Վրաստանը միջազգային պարտավորություններ ունի՝ տարածքները վերադարձնելու բացառապես խաղաղ ճանապարհով։ Մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ, պաշտպանում ենք նրա ինքնիշխանությունը, և միայն Ռուսաստանին է բավարարում վրաց-ուկրաինական հարաբերությունների վատթարացումը այսօր»։
Վրաստանը չի աջակցել նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այդ պատճառով Զելենսկին այնտեղից հետ է կանչել դեսպանին։
դեպի ետ