• am
  • ru
  • en
Версия для печати
13.03.2022

«70 ՏԱՐԻ ԱՆՑ ՆԱՑԻԶՄՆ, ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, ԱՐԵՎՄՏՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՌՆՈՒՄ Է ԳՈՐԾԻՔ»

   



«Դենացիֆիկացիա», «Ո՛չ անգլոսաքսոնական նացիզմին», «Ո՛չ ստի կայսրությանը» պաստառներով «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն իրականացրեց ինքնաբուխ բողոքի ակցիա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-յից դադարեցնել աջակցել Ուկրաինայի իշխանությունների նացիստական դրսեւորումները եւ չկիրառել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ:

Ակցիայի մասնակիցները դեսպանատուն փոխանցեցին նաեւ շարժման «Աշխարհն առանց նացիզմի եւ հանուն ավանդական արժեքների» խորագրով նախօրեին տեղի ունեցած համաժողովի ընդունած հռչակագիրը:

«ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՄԱՆՔ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»

«Ուզում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են իմ հետեւում գտնվող շենքում եւ ցույց տալ մեր ձեռքի պաստառը: Այստեղ գրված է «դենացիֆիկացիա»: Եվ հիմա հարց եմ ուղղում՝ ինչպե՞ս պատահեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ամբողջ առաջադեմ մարդկությունը դատապարտեց եւ մերժեց Հիտլերի նացիստական ռեժիմը, ընդամենը 70 տարի անց նացիզմն, այսպես կոչված, արեւմտյան ժողովրդավարության համար դառնում է գործիք Ուկրաինայում, Վրաստանում՝ փաստացի ամբողջ աշխարհում ռուսալեզու փոքրամասնություններին ճնշելու եւ տանջելու համար», - իր ելույթում ընդգծեց Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար խորհրդի անդամ ՆԱՏԱԼԻ ՍԱՂԻՅԱՆԸ եւ հարց ուղղեց ամերիկացիներին. «Ինչպե՞ս պատահեց, որ, այսպես կոչված, լուսավորված արեւմտյան ժողովրդավարությունը դիտավորությամբ անտեսում է Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված զանգվածային սպանությունները, երբ ֆոսֆորային արկերը ընկնում էին մեր, մեր զինվորների գլխներին, երբ 8 տարիների ընթացքում ռուսալեզու ժողովուրդը ճնշվում էր ուկրաինացի նացիստների կողմից, եւ սա, կարծես, ոչ ոք չէր նկատում: Բայց այսօր հանկարծ ուկրաինական ժողովրդավարությունն օրակարգ է դառնում, եւ բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ Ռուսաստանն իրավունք չունի պաշտպանել ռուսալեզու փոքրամասնությանը: Բոլոր այս հարցերը պատասխաններ են պահանջում»:

Նատալի Սաղիյանն ընդգծեց, որ բոլորն արդեն հասկացել են, որ կա ժողովրդավարություն եւ կա արեւմտյան «ժողովրդավարություն». «Եվ այս երկուսը փաստորեն տարբեր բաներ են: Արեւմտյան «ժողովրդավարական» երկրները, որոնք դեռ չեն կարողացել հաշտվել իրենց անցյալի հետ՝ ստրկատիրության, ռասիզմի, եւ, եկեք անկեղծ լինենք, բնիկ ամերիկացիների նկատմամբ շատ վատ վերաբերմունքի, այսօր փորձում են մեզ ժողովրդավարություն սովորեցնել: Ո՛չ, այդպես չի լինում, ժողովրդավարությունը փոխադարձ գործընթաց է, եւ բոլոր մարդիկ հավասար են, այլ ոչ թե ոմանք ավելի հավասար են, քան մյուսները: Մենք մերժում ենք այդ սկզբունքը եւ պահանջում ենք, որ դուք ձեր ձայնը բարձրացնեք ոչ միայն Ուկրաինայի նախագահ Զելենսկու համար, այլ նաեւ հայ ռազմագերիների, ովքեր պահվում են Ադրբեջան կոչվող ահաբեկչական պետությունում: Մենք պահանջում ենք, որ ձեր ձայնը լսելի լինի հօգուտ ամբողջ աշխարհում բոլոր ճնշվածների, այլ ոչ թե ընտրովի, միայն ձեր համար դաշնակից հանդիսացողների համար: Եթե խոսում ենք ժողովրդավարության եւ հավասարության մասին, ապա այդ սկզբունքները պետք է կիրառվեն հավասարապես բոլորի նկատմամբ: Պարզապես մտածեք այդ մասին: Համոզված եմ, եթե բոլորս սկսենք մտածել այդ կարեւոր հարցերի մասին, ապա վերջապես կկարողանանք հասնել իրական խաղաղության»:

«ՈՒԹ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԷՐ ԵՆԹԱՐԿՈՒՄ ԴՈՆԲԱՍԻ ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ էլ շեշտեց, որ արդեն 30 տարի է՝ ականատես են լինում ամենաթողությանը, որ ԱՄՆ-ն եւ իրենց դաշնակիցներն իրականացնում են ամբողջ աշխարհում։

«30 տարի նրանք փորձում են աշխարհի ժողովուրդների վզին փաթաթել եւ պարտադրել աշխարհի իրենց տեսլականն ու արժեքները՝ իրականում չարժեքները եւ, այսպես կոչված, դեմոկրատիան։ Իսկ այն ժողովուրդներն ու երկրները, որոնք համաձայն չէին դրա հետ, ովքեր դիմադրում էին, կամ նրանք, ովքեր այլեւս պետք չէին Արեւմուտքին, ենթարկվում էին ագրեսիայի: Օրինակ, Հարավսլավիան, Իրաքը, Լիբիան, Սիրիան, որտեղ հարյուրհազարավոր մարդիկ էին զոհվում ՆԱՏՕ-ի ագրեսիայի հետեւանքով՝ այդ թվում նաեւ երեխաներ», - հիշեցրեց Այվազյանը:

Ըստ Հայկ Այվազյանի, Միացյալ նահանգները փորձել է տարբեր երկրներում արյունալի պետական հեղաշրջումներ իրականացնել. «Նման պետական հեղաշրջում տեղի ունեցավ 2014 թվականին Ուկրաինայում, երբ Միացյալ նահանգները կազմակերպեցին եւ իրականացրեցին այդ հեղաշրջումը, ու իշխանության բերեցին նացիստական ռեժիմին, որը ութ տարի շարունակ ցեղասպանության էր ենթարկում Դոնբասի ռուսալեզու ժողովրդին: Իսկ ՆԱՏՕ-ն այդ տարիներին զինում էր Կիեւի նացիստական ռեժիմին՝ նախապատրաստելով օգնել, որպեսզի նրանք ձեռք բերեն միջուկային զենք: Պատկերացնու՞մ եք՝ ինչ կկատարվեր տարածաշրջանի ժողովուրդների հետ, եթե թմրամոլների այդ խունտան ձեռք բերեր միջուկային զենք։ Այսօր Ռուսաստանը Ուկրաինայում իրականացնում է դենացիֆիկացիայի հատուկ օպերացիա։ Դա անում են, որպեսզի Կիեւի նացիստներին զրկեն իրենց ժանիքներից, որպեսզի նրանք այլեւս չկարողանան որեւէ մեկին սպառնալ։ Ռուսաստանի գործն արդար է»։

«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ՁԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ՛, ԱՅԼ ՁԵ՛Ր ԵՎ ՁԵՐ ՄՏԵՐԻՄՆԵՐԻ ՏՆԵՐԸ»

Մեջբերում կատարելով «Աշխարհն առանց նացիզմի եւ հանուն ավանդական արժեքների» խորագրով համաժողովին ընդունված հռչակագրից՝ «Ուժեղ Հայաստան հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ դիմեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականներին. «ՆԱՏՕ-ի ծավալապաշտական քաղաքականությունը դեպի Արեւելք վտանգ է հանդիսանում ո՛չ միայն մեր երեխաների եւ ընտանիքների համար, այլեւ Ձե՛ր: Արեւելքի եւ Արեւմուտքի բախման արդյունքում դժբախտությունը մտնելու է ոչ թե Ձեր ղեկավարների՛, այլ Ձե՛ր եւ Ձեր մտերիմների տները: Բոլոր սովորական մարդիկ՝ Չինաստանից մինչեւ Բրազիլիա, Ռուսաստանից մինչեւ Ամերիկա, ուզում են մեկ բան՝ խաղաղություն: Անհրաժեշտ է Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ պետությունների հետ համատեղ ձեւավորել համաշխարհային նոր կարգեր, որոնք կապահովեն ազատ եւ անվտանգ ապրելու իրավունք աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Մայրական կոչով մենք դիմում ենք նախկին Խորհրդային Միության ժողովուրդներին: Մենք՝ բոլորս միասին, ջախջախել ենք ֆաշիզմի ողնաշարը՝ հասնելով Բեռլին եւ պարտադրելով կապիտուլիացիա նենգ թշնամուն: Մի՞թե այսօր մենք թույլ կտանք, որ այդ նույն թշնամին, որի անունը նացիզմ է, մասնատելով մեզ միմյանցից, առանձին-առանձին հաղթի մեզ եւ տիրանա ողջ Եվրասիա մայրցամաքին: Մենք կոչ ենք անում պահպանել մեր ընդհանուր եվրասիական քաղաքակրթության ավանդական արժեքները, ճշմարտացի եւ անաչառ գնահատել մեր համատեղ պատմությունը եւ վերկանագնել ինտերնացիոնալիզմի մթնոլորտն ու փոխադարձ հարգանքը»:

Ալլա Հակոբյանը ցավով նշեց, որ անասելի դժվար է միայն խոսքով դադարեցնել արյունահեղությունը. «Բայց մենք՝ արյան գինն իմացող հայերս, պարտավոր ենք բարձրացնել մեր ձայնը եւ դիմել Ուկրաինայի մայրերին: Սիրելի մայրեր, ե՛տ պահեք ու թույլ մի տվեք Ձեր զավակներին մասնակցել տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի կողմից հրահրած այդ պատերազմին: Նրանք կզոհվեն ոչ թե ձեր Հայրենիքի՛, այլ իշխանությունը զավթած եւ ձեր երկիրը հակառուսական պլացդարմի վերածած մի խումբ անձանց համար, կզոհվեն պատերազմի ռահվիրաների հարստանալու համար, որոնց միակ նպատակը սեփական իշխանավարման երկարաձգումն է»:

Նշենք, որ ակցիային մասնակցում էին նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամներ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր Սոնա Աղեկյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Գայանե Ներսիսյանը, «Ազգի Ձայն» կուսակցության նախագահ Մհեր Մեսրոպյանը, դրամատուրգ, ռեժիսոր Լիանա Անթառանյանը:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ