• am
  • ru
  • en
Версия для печати
07.02.2022

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՍՈՐՈՍԸ ԵՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ

   

«Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր-սեփականատեր Ջորջ Սորոսը դեռեւս 2020 թվականի սկզբին հրապարակված իր հոդվածում քննադատել էր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, մինչդեռ սատարող մտքեր էր արտահայտել Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի մասին` կոչ անելով Եվրոպային սատարել վերջինիս՝ ՌԴ-ի հետ հակամարտության մեջ: Այս հայտարարությունից հետո՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» այն ժամանակվա գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ասել էր, որ վերոնշյալն իրենք չեն մեկնաբանելու: Իսկ այդ չմեկնաբանելու ֆոնին սորոսական շրջանակները Հայաստանում աչքի ընկան հակառուսական հիստերիկ զեղումներով եւ թրքասիրության համար պարարտ հող նախապատրաստելով, ինչի հետեւանքը եղավ 44 օրյա պատերազմն՝ իր դառը հետեւանքներով հանդերձ:

Իսկ այս տարի Ջորջ Սորոսը Սթենֆորդի համալսարանում դասախոսության ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Չինաստանին փոխել քաղաքական ռեժիմը: Նա նշել է, որ ՉԺՀ-ի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը պետք է լքի չինական պետության ղեկավարի տեղը: Ըստ նրա, Չինաստանն այժմ «աշխարհի ամենահզոր ավտորիտար պետությունն» է դարձել եւ Սի Ցզինպինը, ի տարբերություն Չինաստանի նախկին առաջնորդ Դեն Սյաոպինի (ով շուկայական բարեփոխումներ է իրականացրել երկրում), իսկապես հավատում է կոմունիզմին։ Այդպես, ըստ Սորոսի, Չինաստանի ներկայիս նախագահն իր կուռքերն է համարում կարմիր բռնակալներ Մաո Ցզեդունին եւ Վլադիմիր Լենինին։ Սորոսը Սի Ցզինպինին համեմատել է Հիտլերի հետ, թե իբր 2022 թվականի Օլիմպիական խաղերն օգտագործում է Չինաստանի ղեկավարն այնպես, ինչպես երրորդ ռեյխի ֆյուրերը՝ 1936 թվականին «խիստ վերահսկողության իր համակարգի քարոզչական հաղթանակի համար»: Ըստ էության, եթե վերջին երկու տարիները Սորոսի թիրախում Ռուսաստանն էր, հիմա՝ Չինաստանն է, եւ եթե վերջին տարիները սորոսականները հակառուսական էին, հիմա դառնալու են՝ հակաչինական: Թե ինչ հետեւանք կունենա այս ամենը Հայաստանի վրա, թերեւս դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Սորոսը ոչ մի կերպ մեր երկրից ձեռք չի քաշում, ավելին՝ անգամ հետպատերազմյան Հայաստանում Սորոսի հիմնադրամը Հայաստանի վրա շարունակում է դոլարներ ծախսել՝ իր ծրագրերի իրականացման համար, որը 2021 թվականին կազմել է մոտ 1 միլիոն 200 հազար դոլար:

Այսպիսով՝ ովքե՞ր են 2021-ին Սորոսի հիմնադրամից սնված հայտնի ու անհայտ դեմքերը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Սորոսի հիմնադրամն անհատական անձերի գրանտներ չի բաժանել, այլ հայտնի գրանտակերները թաքցրել են իրենց անուններն արդեն ճանաչված ու ոչ այնքան ճանաչված կազմակերպությունների անունների հետեւում: Բայց, իհարկե, մենք կներկայացնենք նաեւ, թե ով ով է: Այդ թվում՝ «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը», որի համահիմնադիրն է ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, Սորոսի հիմնադրամից նախորդ տարի ստացել է 24 500 դոլար: Իսկ Ժենյա Մայիլյանի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, որի գործունեության նպատակը թեպետ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը բարելավելն է, բայց հարկ էր համարել, օրինակ, հայտարարությամբ հանդես գալ, որ ՀՀ Կառավարությունը ձեռնպահ մնա Ղազախստանի դեպքերի ժամանակ ՀԱՊԿ կազմում զորամիավորումներ ուղարկելուց եւ դատապարտել էր այն, պարզվում է՝ 2021-ին Սորոսի հիմնադրամից ստացել է շուրջ 24 668 դոլար:

Վիոլետ Չոփունյանի «Իրավունքի զարգացման կենտրոն» հկ-ին էլ հաջողացրել է ստանալ շուրջ 37 750 դոլար, որպեսզի պաշտպանի քաղցկեղով հիվանդների առողջության հավասարությունը եւ սոցիալական արդարությունը Հայաստանում բժշկական ծառայություններ ստանալիս: Իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը համակարգում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը եւ վերջին շրջանում ակտիվորեն պայքարում է, որպեսզի ժամկետային զինծառայողները չծառայեն իրենց իսկ Հայրենիքի սահմաններում, Սորոսի հիմնադրամից ստացել է 28 հազար դոլար: Ի դեպ, այս գումարով նախատեսված է, որպեսզի կոալիցիան պատրաստի զեկույց՝ գենդերային բռնության եւ ֆեմիցիդների վերաբերյալ եւ առաջարկություններ ներկայացնի՝ գենդերային եւ ընտանեկան բռնության մասին օրենքների վերաբերյալ:

Իսկ սահմանադրական փոփոխությունների իշխանական «ճարտարապետներից» մեկի՝ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Սորոսի հիմնադրամից նախորդ տարի ստացել է 50 հազար դոլար: Մարգարիտա Քարամյանի «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ն էլ ստացել է 25 հազար դոլար, որպեսզի պաշտպանի Հադրութի շրջանի այն քաղաքացիների իրավունքները, ովքեր տեղահանվել են արցախյան պատերազմի հետեւանքով: Սա թերեւս հատկանշանական է նրանով, որ չնայած այսօր Արցախի անվտանգության եւ քաղաքացիների կյանքի երաշխավորը ռուս խաղաղապահն է, բայց Սորոսի հիմնադրամը փորձում է, այսպես ասած, իրենով անել գոնե փախստականներին: Եվ սա դեռ ամենը չէ, 4 595 դոլար էլ Սորոսի հիմնադրամը հատկացրել է «Հայաստանի կույրերի միության երաժշտական համույթներ» ՍՊԸ-ին, որպեսզի կազմակերպեն համերգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին։

FM-105.5 ՍՊԸ-ն եւս 2021 թվականին եղել է Սորոսի հիմնադրամի, այսպես ասած, շահառուներից մեկը՝ ստանալով 8 հազար դոլար, որպեսզի բարձրացնի հանրային իրազեկվածությունը՝ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ու Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Գրեթե նույն նպատակով Շիրակի մարզում գործող «Ցայգ TV»-ին ստացել է 6 500 դոլար + 11 650 000 դրամ, Գեղարքունիքի մարզում գործող «Քյավառ TV»-ին, ինչպես նաեւ Արմավիրում գործող «ԱԼՏ TV»-ին ստացել են յուրաքանչյուրը 6 500 դոլար + 11 650 000 դրամ՝ մարզում առկա խնդիրների վրա ուշադրություն սեւեռելու համար։ Թերեւս ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի թմբկահարմանն է ուղղված է նաեւ «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոն ՀԿ-ի ստացած 69 737 դոլարը:

Իսկ Սեդա Մուրադյանի Հանրային լրագրության ակումբը ստացել է 63 290 դոլար, որպեսզի «Մեդիա կենտրոն» հարթակում կազմակերպվի ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանում առկա կարեւոր խնդիրների վերաբերյալ հարցազրույցներ, վեբինարներ եւ այլ հանրային միջոցառումների միջոցով եւ եւս 8060 դոլար ստացել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն էլ ստացել է 24 500 դոլար, որի նպատակն է երկարատև եւ համապարփակ աջակցություն տրամադրել զինվորներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ բանտարկյալներին՝ մարդու իրավունքների խախտումների մասին պատմություններ հրապարակելու միջոցով:

Լուսինե Վասիլյանի «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն 2021-ին Սորոսի հիմնադրամից ստացել է 70 հազար դոլար՝ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի համար: Էդիկ Բաղդասարյանի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն 90 հազար դոլարի գրանտ է շահել, որպեսզի իրականացնի լրագրողական հետաքննություն՝ վերանայելու բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը, շահերի բախման հնարավոր դեպքերը, Հայաստանում եւ արտերկրում պատկանող բարձրաստիճան պաշտոնյաների հիմնական միջոցները, կրթության, առողջապահության, բնապահպանության, սոցիալական ապահովության եւ դատական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը:

«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիան», որի նախագահն է Լուսինե Քարամյանը, ստացել է 43 100 դոլար, որպեսզի նպաստի հակախտրական օրենսդրության ընդունմանը, բարձրացնել հանրային իրազեկությունն ու զգայունությունը խնդրի վերաբերյալ եւ ուժեղացնի խոցելի խմբերին: Իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի Գլոբալիզացիայի եև տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը ստացել է 36 490 դոլար՝ ապահովելու ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի (ուժի մեջ են 2014թ. հունվարից) հաշվետու կատարումը:

Պաշտոնապես սորոսականների շարքը համալրեց նաեւ «Դովեղ ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ն, որը ստացել է 10 460 դոլար՝ 2021-2022 թթ.-երին պատանեկան առաջնության մրցաշրջանում Տավուշի եւ Լոռու մարզերի համայնքների պատանիների ֆուտբոլային թիմի համար պրոֆեսիոնալ մարզում եւ սարքավորումներ տրամադրելու համար:

«Համայնքային մոբիլիզացիայի եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն, որի ղեկավարն է Օլեգ Դուլգարյանը ստացել է շուրջ 11 650 000 դրամ: Նույնքան էլ ստացել է Սուսաննա Շահնազարյանի «Գորիսի մամուլի ակումբը» եւ Լեւոն Բարսեղյանի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն: Լեւոն Բարսեղյանը ստացել է եւս 20 հազար դոլար, որպեսզի պաշտպաներ, այսպես ասած, ազատ եւ արդար ընտրությունների արժեքները՝ 2021-ի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Կարինե Դավթյանի «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն, որը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կից՝ երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի անդամ է, ստացել է 11 500 դոլար: Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցին պատկանող Վանաձորի« Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան» ստացել է 26 հազար դոլար, որպեսզի զբաղվի բանտարկյալների իրավունքներով եւ հնարավոր խախտումները կանխի՝ քրեակատարողական հիմնարկներ մոնիթորինգային այցերի եւ արդարադատության նախարարությանը զեկուցելու միջոցով: 161 545 դոլար էլ Վանաձորի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան» ստացել է խթանելու մարդու իրավունքների պաշտպանությունը խոցելի խմբերի համար: Ի դեպ, Սաքունցը եւս 45 հազար դոլար ստացել է՝ 2021-ի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված գործընթացների համապարփակ դիտարկման համար:

ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ստացել է 60 հազար դոլար, որպեսզի իր «Հոդված 3» ակումբն օգտագործվի, որպես բաց տարածք, մարդու իրավունքների կրթության եւ երիտասարդության վրա հիմնված նախաձեռնությունների բանավեճերի համար: Իսկ եւս 13 հազար դոլար ստացել է, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրությանը համապատասխան ընտրական գործընթացների մասին տեղեկացներ եւ երկրում կարեւորագույն հարցերի շուրջ բաց քննարկումներ անցկացներ, թե ովքեր են օգտվել այդ հարթակից, դատեք ինքներդ:

Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն, որի փոխնախագահն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ստացել է 6 հազար դոլար, որպեսզի օգնի հակազդել ներքաղաքական դիսկուրսի բեւեռացմանը՝ հանրությանը առաջարկելով ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն եւ նպաստելով Հայաստանում նախընտրական շրջանում երկրի ապագայի վերաբերյալ հիմնախնդրի վրա հիմնված քննարկումների զարգացմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտարկումներ իրականացնելու համար 35 հազար դոլար էլ ստացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որի ծրագրերի ղեկավարը Վարուժան Հոկտանյանն է: Նախընտրական գրանտներից անմասն չի մնացել նաեւ Դավիթ Պետրոսյանի «Ռեսթարտ» ուսանողական շարժումը, որը համանուն հիմնադրամի անունով ստացել է 6 հազար դոլար:

Մի կլորիկ գումար էլ կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինչ-ինչ գործառույթներ ստանձնելու համար Սորոսի հիմնադրամից հավելյալ գրանտներ են ստացել կրկին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ 8 000 դոլար, «Բուն» մշակութային-գիտական հիմնադրամը՝ 28 հազար դոլար, «Ալտ TV»-ին՝ 6 870 դոլար, «Ցայգ TV»-ին՝ 8 230 դոլար, «Քյավառ TV»-ին՝ 6 960 դոլար:

Փաստացի, ստացվում է, որ նախորդ տարի Սորոսը հիմնականում գումարներ ծախսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա, ինչի, այսպես կոչված, արդյունքն էլ թերեւս այն է, որ վերարտադրվեց այն իշխանությունը, որի առնվազն մի թեեւն ակնհայտ համագործակցել է Սորոսի հիմնադրամի հետ, եղել է շահառու կամ գործընկերը՝ սկսած պատգամավորներից վերջացրած կառավարության ներկայացուցիչներով ու նորանշանակ դեսպաններով: Ահա, թե ինչու է ԵԽԽՎ-ն գովասանքի արժանացրել 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, չէ՞ որ դրա համար բավական լուրջ գումարներ է ծախսել Սորոսը՝ նա, ում հորդորով Եվրոպան հակառուսական ագրեսիա է դրսեւորում եւ Թուրքիայի հետ «սիլի-բիլիով» զբաղվում: Արձանագրենք նաեւ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը երիցս ճիշտ էր դեմ քվեարկելով ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւին, որտեղ այդքան հիացած էին հայաստանյան խորհրդարանական ընտրություններով: Ստացվում է, որ իրականում նախապես վճարված էր այն արդյունքի համար, ինչպիսի պատկեր եղավ ընտրությունից հետո, երբ տեղի ունեցավ չլսված մի բան՝ պատերազմում պարտություն կրած իշխանությունը վերարտադրվեց: Թե որքանով աղերս ունի այս ամենը ժողովրդավարության հետ եւ ինչու չի կոչվում կոռուպիցիա, թերեւս այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնները կլռեն:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ