• am
  • ru
  • en
Версия для печати
29.01.2022

«ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՍ, ԹԵ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԻՐԵՆՑ ԱՄԵՆԱՔԻՉՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ՄԻԱՅՆ ԹԵ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՉԼԻՆԵՍ». Թևան Պողոսյան

   

«Լավ, այդ մարդիկ չգիտեի՞ն, որ հունվարի 28 է գալու. Նրանք մեզ բոլորիս դասեր են տալիս, օրենքներ են գրում, կանոնակարգեր են ընդունում, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորենք, որ կորոնավիրուսով չվարակվենք, բա իրե՞նք: Հատկապես, երբ գիտես, որ մոտենում է միջոցառում, որի նշելու կարևորությունը կա. Այդ ի՞նչ վարքագիծ եք ցուցաբերում, դրանից հետո հանրությունը ո՞նց վերաբերվի այդ ամեն ինչին»,– 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելուն:

Ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջան բացելու իշխանությունների թեզերին, նա նկատեց. «Դուք լսե՞լ եք՝ Ադրբեջանն ասի, որ խաղաղության դարաշրջան է բացում: Նա պատրաստ է հայերին ստիպել պայմանագիր ստորագրել, բայց ադրբեջանական շահերը առաջ տանելով, այնպես որ, այդ մանիպուլյացիաները մեկնաբանելը նույնիսկ անիմաստ է: Այն մարդիկ, ովքեր հավատում են այդ թեզերին, թող տեսնեն, թե մի երկու շաբաթ առաջ Վերին Շորժայում ինչ էր կատարվում, Կարմիր շուկայի վրա ինչպես են կրակում: Կարմիր Շուկան մերը չէ՞, այնտեղ հայեր չե՞ն ապրում: Ադրբեջանի համար խաղաղության գաղափարը հայ չլինելն է: Գերեզմանում կլինես, թե Գլենդելում, իրենց ամենաքիչն է հետաքրքրում, բայց այս տարածաշրջանում չլինես: Ասում են՝ դուք դե՞մ եք, որ հարցը լուծում գտնի. Այդ լուծումը նկարագրեք, որ հասկանանք: Եթե այդ լուծումը պահանջելու է, որ ինքս ինձ կամրջից շպրտեմ և չլինեմ, դա ինձ համար լուծում չէ»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ, օրինակ՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ են փորձում կարգավորել, նա արձագանքեց. «Դե, եթե Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարել են, կարող է ասել՝ սրանից ավել նոր նախապայմաններ չեմ դնում: Դա առանց նախապայմանների՞ է, թե՞ ոչ: Գլխավոր նախապայմանը մարդիկ ասել են՝ ցանկացած բան սկզբից պետք է Ադրբեջանը հաստատի, հետո նոր իրենք դրան կհամաձայնեն: Ի՞նչ է ասում Ադրբեջանը՝ ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, կնքել իրենց ընկալմամբ խաղաղության պայմանագիր և տալ Զանգեզուրի միջանցք: 10 չէ՝ 20 հանդիպում թող լինի, ի՞նչ, թեմա է, էլի, ձգձգելու են»:

Թևան Պողոսյանը չգիտի՝ ինչ օրակարգով է հայկական կողմը գնում Թուրքիայի հետ բանակցությունների:

«Քիչ-քիչ մենք վերածվելու ենք տարածքի, որտեղ ապրելու են սկզբից՝ հայեր, հետո հայերը դուրս կգան, ուրիշները կլցվեն: Ցանկացած քաղաքացուց ես հիմա գործողություն եմ ակնկալում: Քաղաքացին ինքը պարտականություն զգո՞ւմ է իր պետականության հանդեպ: 670 հազար հոգի քվեարկեց իշխանության օգտին, 890 հազարը ցույց տվեց, որ ոչ ոքի բանի տեղ չի դնում և պետություն չի ուզում: Գիտե՞ք՝ այս րոպեին 670 հազարը գոնե ինչ-որ մի ձևի պետություն է ուզում, 860 հազար ձայն չտվողները ընդհանրապես որևէ տեսակի պետություն ունենալու ցանկություն չեն հայտնել, որովհետև անհասկանալի է 26 այլընտրանքից միայն 2-ին ընտրել, քանի որ միայն երկուսն են 5 տոկոսի շեմը հաղթահարել: Մեզ պետք է 88 թվականի նման նոր շարժում»,– ասաց նա:

Հարցին՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ էր իր ուղերձում Հայոց պետության զարթոնքի հավատում, նախադրյալներ կա՞ն, նա պատասխանեց. «Չգիտեմ, ցույց կտա փետրվարի 13-ը: Եթե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեսնենք լիքը հայերի, որոնք գնացել ասում են՝ 34-րդ տարեդարձն է Արցախյան շարժման, պարզապես եկել են՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկ ժամ կանգնելու՝ ի պատիվ այն մարդկանց, որոնք նախաձեռնեցին 88 թվականի շարժումը, միացումը բերեցին, զարթոնքը եղավ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



168.am


դեպի ետ