
ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՄԱՆ ԲԱԺՆԵԿԻՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ՆԱԵՎ ԴՈՒՔ. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն Սարգսյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստին՝ գրում է.
«Մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն էր ընձեռվել ստեղծել իր անկախ պետությունը, բայց մենք չարժեւորեցինք անկախ պետության գոյության հիմնական իմաստը...
Այո, բայց նաեւ հենց ձեզ էր մեծագույն հնարավորություն տրվել այս բարդ ժամանակում ստանձնել համազգային համախմբողի եւ ճգնաժամային առաջնորդի դերը․ չարեցիք, չկարողացաք, չուզեցիք։
Մենք ենք մեր սեփական հաղթանակներ կերտողը եւ սեփական պարտությունների մեղավորը...
Այո, եւ դուք էլ ձեր մեղքի բաժինն ունեք մեր պարտությունների մեջ։ Նա դադարել է հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Այո, շատերն են դադարել․․․ եւ մեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք։
Պարտավոր էի անել ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումն ու բացասական հետեւանքները։
Այո, եւ ինչո՞ւ չարեցիք․․․
Գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարեւոր խնդիրների արմատները:
Այո, որոշ, բայց ոչ բոլոր եւ ինչո՞ւ էիք լռում այսքան ժամանակ՝ չբարձրաձայնելով մյուս խնդիրների մասին։
Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձեւով, բայց ոչ բովանդակությամբ։
Այո, եւ ինչո՞ւ չասել ողջ ճշմարտությունը, ինչո՞ւ եւ ո՞վ է մեղավոր, ի՞նչ անել։
Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ սպառնացող վտանգ։
Այո, եթե դառնում ես երկրի հակասահմանադրական ընթացքի եւ պետականության կորստի սոսկ դիտորդն ու վավերագիրը։
Անհրաժեշտ են գործողություններ, այլապես կհայտնվենք պատմության լուսանցքում:
Այո, ավելի քան ծանր են մեզ ուղղված սպառնալիքները։
Պետք է չկորցնել կազմակերպված ազգ լինելու վերջին հնարավորությունը։ Միասին հնարավոր է․․․
Իսկ իրականում՝ փախուստ եւ զրո պետական-ազգային պատասխանատվություն, թեեւ տեքստը լավն է․․․
Հ.Գ. – Նաեւ Սահմանադրական փոփոխությունների հիմնավորման դիվանագիտական պաս Նիկոլին․․․ Իսկ կարեւորը ոչ թե թուղթն է, այլ քաղաքական կամքը, ազգային-պետական մտածողությունն ու երկիր կառուցելու տեսլականը․․․ Թեւակոխում ենք նոր՝ պատասխանատու եւ շրջադարձային փուլ․․․»:
դեպի ետ