
ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ԱՌՋԵՎ, ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՇՈՒՏՈՎ ՀԱՑԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՆԱ. Սարգիս Սեդրակյան
«Գյուղատնտեսական բերքի ստացման առումով անցած տարին լավ էր՝ արտադրված որոշ մրգերի առատությամբ, սակայն վատ էր՝ բանջարեղենի (կաղամբ, գազար, կարտոֆիլ, և այլն) սակավության պատճառով»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով գյուղատնտեսական տարին՝ ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ ընդգծելով, որ բերքի առատությունը կապ ուներ ոչ թե կառավարության կամ Էկոնոմիկայի նախարարության աշխատանքի հետ, այլ բնության նպաստավոր պայմանների և գյուղացու չարչարանքի հետ:
«Կառավարության կողմից գյուղացուն ցուցաբերած հիմնական աջակցությունն այն եղավ, որ որոշ գյուղացիներ ստացան անտոկոս վարկեր: Սակայն բազմաթիվ գյուղացիներ, տարբեր պատճառներով (գրավի համար անշարժ գույքի բացակայության, բանկին պարտք լինելու, և այլն), զրկվեցին այդ վարկի ստացումից: Փոխարենը՝ այդ գյուղատնտեսական վարկերից օգտվեցին որոշ ունևոր քաղաքաբնակներ:
Ըստ իս, զրոյական վարկի տրամադրման նպատակը ոչ միայն երկրում գյուղատնտեսության զարգացումն է, այլ նաև՝ գյուղական աղքատության և արտագաղթի կրճատումը: Որոշ գյուղացիների տրվեցին վարկով սուբսիդավորված սերմեր, բայց, օրինակ, Շիրակի մարզի Գետափ և այլ գյուղերում Էկոնոմիկայի նախարարությունը սխալմամբ գարնանը գյուղացիներին տվել է աշնանացան գարու սերմը: Հանրապետության որոշ մարզերի գյուղացիներից եղան բազմաթիվ դժգոհություններ՝ ոռոգման շրջանում ջուր չլինելու հետ կապված: Ոռոգման ջուր չլինելու պատճառով, որոշ գյուղացիներ զրոյական տոկոսով ստացած վարկով չկարողացան նորմալ բերք ստանալ, որի պատճառով զուր համարվեց նրանց կատարած չարչարանքը, իսկ բանկի վարկը մնաց: Ստացվեց այնպես, որ կառավարությունը մի կողմից՝ գյուղացուն լավություն արեց, մյուս կողմից՝ վատություն, գցեց պարտքերի տակ: Որոշ տեղերում էլ գյուղացու ջուրը տալիս էին մասնավոր հէկ-երին»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահի խոսքով, 2021թ․ գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց նաև Ադրբեջանի կողմից Արցախի հողերի օկուպացումը:
«Արցախում մենք կորցրել ենք մեծաքանակ խաղողի և պտղատու այգիներ, հիմնականում՝ նռան, ծիրանի, դեղձի, Արցախի ցանքատարածությունների 90 %-ը (ցորենի, գարու, սոխի, և այլն), մոտ 50.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ: Նախկինում, յուրաքանչյուր տարի, Արցախից ներկրվում էր 100.000 տոննա հացահատիկ, որը, Հայաստանում արտադրվածի հետ միասին, կազմում է մեր երկրի հացահատիկի պահանջմունքի մոտ 75 տոկոսը: Ըստ վիճակագրության, ՀՀ-ում և Արցախում տարեկան 500-600 հազար տոննա հացահատիկ է սպառվում, Արցախն ապահովում էր դրա 20-30%-ը (հիմնականում՝ Քաշաթաղի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններից): ՀՀ ներմուծվող ցորենի 90 %-ը գալիս է ՌԴ-ից մնացածը՝ Ուկրաինայից և Վրաստանից: Այսինքն՝ ՀՀ-ի սպառման 600 հազար տոննայից 250.000 տոննան ներմուծվում է:
Արցախից անասնապահության և բերքի կորուստը կազմում է մոտ 100-130 մլն դոլար՝ յուրաքանչյուր տարի: 2021թ․ մի կերպ հանեցինք, բայց կարծում եմ, որ այս տարի կանգնած ենք պարենային անվտանգության լուրջ մարտահրավերի առջև, և հնարավոր է՝ շուտով հացի գինը թանկանա: Որոշ արոտավայրեր կորցրեցինք նաև Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից: Ներկայումս անասնակերի դեֆիցիտ է, որոշ գյուղացիներ ստիպված մորթում են իրենց անասուններին՝ անասնակեր չլինելու պատճառով, մյուսներն էլ մորթում են անասունների մի մասին, որ այդ գումարով անասնակեր ձեռք բերեն մնացած անասունների համար: Ընդհանրապես գյուղացին չի զգում Էկոնոմիկայի նախարարության գոյությունը: Ծախսվում են գումարներ, բայց դրանից գյուղացու սոցիալական վիճակը չի լավանում, աճել է գյուղերից արտագաղթողների թիվը: Իշխանությունների նախընտրական խոստումները, որով խոստանում էին գյուղացիների կյանքը լավացնել, չի կատարվել:
Վերջերս Հաշվեքննիչ պալատը բացահայտել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունն այս տարի 24 միլիոն դրամի պարգևավճարներ է բաժանել աշխատակիցներին, ընդ որում՝ օրենքի խախտումներով: Անցած տարի աշխատակիցները պարգևատրվել են մոտ 121 միլիոն դրամի չափով, նախարարությունը թափուր աշխատատեղեր է ունեցել, սակայն աշխատող չեն ընդունել և նրանց հասանելիք գումարը բաժանել են մյուսներին, որով օրենք են խախտել: Աշխատակիցների որակյալ աշխատանքների կամ հատուկ առաջադրանքներ կատարելու վերաբերյալ հիմնավորումները բացակայում են:
Գյուղատնտեսությունում տիրող վատ վիճակին գումարվեց նաև իշխանությունների կողմից երկրում իրականացված գյուղաքանդ՝ համայնքների խոշորացման գործընթացը, որը, կարծում եմ, հիմնականում մեկ նպատակ ունի՝ պայմաններ ստեղծել՝ ազդելու ընտրությունների արդյունքների վրա»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կուզեր տեսնել այս ոլորտում, նա պատասխանեց.
«Հարկավոր է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, որտեղ կաշխատեն ոլորտի բանիմաց, փորձառու մասնագետներ, այլ ոչ թե պատահական մարդիկ: Հարկավոր է, որպեսզի նախարարությունը դեմքով շրջվի դեպի գյուղը և գյուղացին, հարկավոր է, որպեսզի գյուղացին զգա նախարարության գոյությունը և անհրաժեշտության իմաստը: Ոլորտի փորձառու և խելացի մասնագետներն էլ կմշակեն ոլորտի զարգացման և երկրի պարենային ապահովվածության ճիշտ ռազմավարություն»:
դեպի ետ