• am
  • ru
  • en
Версия для печати
30.12.2021

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՅՈՒԹ ԴԱՐՁՆԵԼ ԱՌԱՆՑ ՆԱԽՕՐՈՔ ՄՇԱԿՎԱԾ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ․ ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ուշագրավ դիտարկումը

   

Արցախի ապագայի տեսլականի, արցախահայության անբուժելի ցավի, ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալիքների շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։


– Պարոն Ղուլյան, վերջին շրջանում Արցախի հարցը չի քննարկվում ցանկալի մակարդակում, հնարավոր համարո՞ւմ եք, որ մի օր առհասարակ Արցախի հարցը դուրս մղվի հայաստանյան օրակարգից:

– Մենք անասելի դժվարին կացության մեջ ենք. ոչ միայն 2020թ. 44 օրյա պատերազմի հետևանքների՝ հումանիտար աղետի հաղթահարման իմաստով, այլև քաղաքական այն անհասկանալի , բայց տիրապետող դրությամբ, որ ձևավորվել է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում: Հենց միայն այդ պատկերից կարելի է եզրահանգել, որ Արցախը գոնե այդ ժամկետից դուրս է մղված բանակցային գործընթացից, այսինքն, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ամբողջովին իր վրա է վերցրել հայկական երկու հանրապետությունների շահերի պաշտպանությունը, բայց թե ինչպես է դա իրականացնում, երկար բացատրելու կարիք չկա:

Այս արձանագրումների մեջ պետք չէ որևէ բացասական իմաստ փնտրել, թեկուզ վստահ եմ, որ Երևանում կգտնվեն մարդիկ, ովքեր խոշորացույց դրած են կարդալու և հայտնագործություն արածների պես միանգամից բացականչելու են՝ բա ինչու՞ այն ժամանակ չէիք խոսում, երբ Արցախի անմիջական ներկայությունը համարյա սիմվոլիկ էր: Ասե՛մ. այն ժամանակ վստահության մեծ պաշար կար, երկիրը սև ու սպիտակի բաժանված չէր և քաղաքական վերնախավի համար պարզ էր, որ այդ քննարկումներում խոսքը Արցախը Հայաստանին միացնելու մասին էր (2000-ականների սկզբներին), կամ էլ՝ Արցախի ապագան համաժողովրդական հանրաքվեով որոշելու դրույթը ֆիքսված էր ներկայացված առաջարկություններում (2010-15թթ.):

Իսկ հիմա ի՞նչ վիճակում ենք, ո՞րն է առավելությունն այսօրվա ձևաչափի, երբ ՀՀ-ն իրենով ներկայացնում է նաև Արցախը: Չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ, որովհետև ակնհայտ է, որ բացի զիջումներից այսօր որևէ օգտակար բան ստանալու ռեսուրս չունենք: Բայց այդ դեպքում ինչու՞ չենք օգտագործում գոնե Արցախի հետ պատասխանատվությունը կիսելու և երկու տարբեր դիրքեր խաղարկելու մարտավարությունը: Եվ ինչպե՞ս ենք պատկերացնում այդ ծանր բեռը միայնակ տանող ուժի կամ գործչի վիճակը՝ ով ուզում է լինի, և դա այն դեպքում, երբ 2018թ-ից մի քանի սկզբունքային կոշտ հայտարարություններ են եղել՝ «Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն», «Արցախի ժողովուրդը ՀՀ վարչապետին մանդատ չի տվել բանակցելու», «Արցախը Հայաստան է և վերջ» տրամաբանության մեջ: Թե՞ դրանք արդեն մոռացվել են: Այս դեպքում ո՞րն է երաշխիքը, որ այսօրվա ասածը վեց ամիս հետո մոռացության չենք տալու:

Այս հակասականությունը հաշվի առնելով՝ ես դժվարանում եմ ասել ո՞րն է ճիշտ. որ Արցախի հարցը հայաստանյան օրակարգում լինի՞, թե՞ չլինի (խոսքը ՀՀ գործող իշխանությունների օրակարգում լինելու նպատակահարմարության մասին է, բնականաբար):

Այս հետևությունն, իհարկե, անելանելիության չափ բարդ վիճակից ինքնաբուխ կարծիք է, իրականում մենք այսօր լուրջ պատրաստվածությամբ բանակցային թիմի կարիք ունենք, և ոչ թե ամեն անգամ 2016թ բանակցային իրավիճակը դրոշ դարձնելու ու դրանով ծածկելու մեր խնդիրները: Ինչպե՞ս կարելի էր, ղարաբաղյան բանակցային թնջուկն ունենալով, քայքայել երեսուն տարիների ընթացքում մեծ դժվարություններով կառուցած դիվանագիտական կուռ կառույցը:

Ես կոչ եմ անում, նույնիսկ պատրաստ եմ խնդրել, որ այս կարգի հարցերը մենք չդարձնենք ֆեյսբուքյան ասուլիսում հանպատրաստից, հենց այդ պահին գլխում ծագած պատասխանների թեմա: Չի կարելի ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերը քննարկման նյութ դարձնել առանց նախապատրաստական աշխատանքի և նախօրոք մշակված ձևակերպումների, դրանք ուղերձներ պետք է լինեն, երկիրը պահող սովորական մարդկանց քաջալերեն հողին կառչած մնալու և հայրենիքն ամեն գնով պաշտպանելու գործում:

– ԵԱՀԿ Մինսկի խմբից ի՞նչ ակնկալիքներ կան. այդ հարթակը մեկ տարի է՝ չի կարողանում վերակազմակերպել իր աշխատանքը եւ հակամարտության գոտի էլ չեն այցելել:

– Որևէ կասկած չունեմ, որ Մինսկի խմբի համանախագահությունը տարածաշրջան այցելելու և իր գործունեությունն ակտիվացնելու մեծ ցանկություն ունի, բայց այստեղ էլ խոչընդոտներ կան, այնպես, ինչպես Ադրբեջանի հետ կապված բոլոր մյուս հարցերում: Մի բան ակնհայտ է, որ 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը քանդել է միջազգային միջնորդության՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ որդեգրած հայեցակարգը. նրանց կողմից տարիներ շարունակ «թմբկահարած» երեք սկզբուքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, ոչ միայն չի պահպանվել Ադրբեջանի կողմից, այլև քամահրանքով դուրս է շպրտվել ցանկից, և ոչ մի կենտրոնից այդ հարցով հակազդեցության փորձ անգամ չի եղել:

Վստահ եմ նաև, որ եթե Ադրբեջանը շանս տեսներ ինքնորոշման իրավունքն էլ օրակարգից հանելու, մեծ ուրախությամբ կաջակցեր Մինսկի խմբի աշխատանքների վերագործարկմանը, բայց քանի որ այս պահին միջնորդական եռյակը պնդում է հակամարտության չկարգավորված լինելու թեզի վրա, փորձելու են գոնե հետաձգել Մինսկի խմբի եռանախագահության ծրագրերը:

Ամեն դեպքում, մենք լուրջ անելիքներ ունենք միջազգային կառույցներում, մշտական ու համակարգված աշխատանքի լայն ճակատ է բացվել նույն համանախագահ երկրներում, իշխանության տարբեր թևերի և տարբեր մակարդակների պատասխանատուների հետ: Բայց արդյո՞ք մենք այդ ուղղությամբ ենք շարժվում, թե՞ մեր անգործությունն ու անտեղյակությունը քողարկելու նպատակով այս թանկ ժամանակը վատնում ենք «նախորդ տարիների թերությունները վերհանելու» վրա:

Զրույցը Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ