
ՄԱԿՐՈՆՆ ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՀԱՅԱՍԵՐ Է, ԲԱՅՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԲԱՆԵՑՆԵԼՈՒ ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ. Տիգրան Եկավյան
Yerevanlur-ի զրուցակիցն է ֆրանսահայ լրագրող, հետազոտող Տիգրան Եկավյանը։
– Պարոն Եկավյան, Բրյուսելում ԱլԳ գագաթաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի այս նախաձեռնությունը՝ հատկապես այն ֆոնին, որ Ֆրանսիայում սպասվում են նախագահական ընտրություններ և Հայաստանն ու արցախյան հարցը տարբեր թեկնածուների ուշադրության կենտրոնում են։
– Կարող ենք հստակորեն ասել, որ Ֆրանսիան հակված է, որ Մինսկի խմբի գործունեությունը պահպանվի։ Պատերազմից անմիջապես հետո իր դիրքերն այդ առումով թուլացել են, ուստի Փարիզը շահագրգռված է այդ ձևաչափի պահպանման հարցում։ Արձանագրենք նաև, որ Ֆրանսիան հունվարի սկզբից պետք է նախագահի Եվրամիությունը։ Ֆրանսիան զգում է, որ այս ամենի ֆոնին առիթ է ստեղծվել զարգացնել ավելի աշխույժ դիվանագիտություն։ Բայց ընդհանուր առմամբ Փարիզը չունի ավանդական ազդեցություն, չունի շահ Հարավային Կովկասում։
Գալով Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, նկատենք, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից Էրիկ Զեմուրը, որը ներկայացնում է արմատական աջակողմյան թևը, այցելեց Հայաստան։ Այդ այցելությունն առիթ տվեց, որ Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները ստիպված լինեն հայասեր հայտարարություններ անել, հայանպաստ կեցվածք որդեգրել։ Երբ խոսում ենք հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, կարող ենք խոսել բարեկամության, մշակութային կապերի մասին։ Ցավոք սրտի բարեկամությունը որևէ ազդեցություն չունի միջազգային հարաբերությունների վրա։ Ֆրանսիան չի կարող ռազմավարական հարաբերություն կառուցել Հայաստանի հետ։ Դժբախտաբար հայկական խնդիրը սահմանափակվում է Ցեղասպանության զոհերի հիշատակով, բայց նույնիսկ Ցեղասպանությունը ճանաչելը օգտակար չէ Հայաստանի անվտանգության կամ Արցախի կարգավիճակի հստակեցման հարցում։
– Դուք մատնանշեցիք Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրի այցը Հայաստան։ Նա այստեղ Մակրոնին մեղադրեց շատ խոսելու, բայց հօգուտ Հայաստանի գործնական քայլեր չիրականացնելու մեջ։ Արդյոք սրանք նախընտրական հայտարարություններ են, թե օրինակ, ընտրություններից հետո մենք գործնական քայլերի ականատես կլինենք՝ եթե նախագահ փոխվի։
– Մակրոնը հասկանում է, որ այն ինչ անում է հօգուտ Հայաստանի, քաղաքականություն չէ, չնայած ինքն անկեղծորեն հայասեր է։ Բայց Ֆրանսիայի ներկայիս նախագահը չունի որևէ լծակ քաղաքականություն իրականացնելու ու ճնշումներ բանեցնելու Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի վրա։ Եվ դա վերաբերում է բոլորին։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ Ֆրանսիայի քաղաքականությանը Հարավային Կովկասում, ապա պետք է արձանագրենք, որ Հայաստանի հետ բարեկամություն է ու Ցեղասպանության հիշողություն, իսկ Ադրբեջանի հետ ֆրանսիացիները բիզնես են անում։ Դա է Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ինչպես տեղյակ եք՝ Ֆրանսիան ունի շատ ներդրումներ ու շահեր Ադրբեջանում։ Ոչ միայն գազի ու նավթի ոլորտներում, այլ շատ ուրիշ ոլորտներում ևս։ Իսկ Հայաստանի հետ՝ ինչպես նշեցի հիշողություն ու բարեկամություն։
– Հիմա, երբ Մակրոնը նախաձեռնել էր Բրյուսելում եռակողմ հանդիպում, ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից։ Ֆրանսիան ի վիճակի՞ է նոր բան առաջարկել, բեկում մտցնել չլուծված հարցերի շուրջ։ Մակրոնն էլ հայտարարում է, որ իրենք երբեք չեն լքի հայերին, տևական խաղաղության ուղղված լուծումներ են փնտրելու։
– Այս փուլում ես չեմ տեսնում որևէ հեռանկար ու կոնկրետ առաջարկ ֆրանսիական դիվանագիտության կողմից՝ մանավանդ, որ Ֆրանսիան կատարյալ չեզոքություն է պահպանում ղարաբաղյան ողջ հակամարտության ընթացքում, չկարողացավ որևէ կոնկրետ քայլ անել։ Ընդ որում՝ այդ չեզոքությունը չէր բխում նաև Ֆրանսիայի շահերից, որովհետև ինչպես տեսնում ենք՝ Ֆրանսիայի ազդեցությունը նվազեց այս տարածաշրջանում։ Դա հիմք է տալիս, որ Փարիզն այլ մոտեցում ունենա այս հակամարտության հարցում, պետք է իր հարաբերությունները Հայաստանի հետ այլ կերպ մշակի՝ մանավանդ հաշվի առնելով, որ ղեկավարելու է Եվրամիությունն ու փաստացիորեն նաև եվրոպական շահերն է առաջ մղելու։ Դժբախտաբար Ֆրանսիայի քաղաքականության հարցում կա հակասություն, որովհետև մի կողմից ունենք ձգտում դեպի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելը, բայց մյուս կողմից Ֆրանսիան շատ կախված է մնում ամերիկյան քաղաքականությունից։ Դա է հակասությունը։ Հետևաբար Եվրամիության ձայնն էլ այստեղ շատ թույլ է, լսելի չէ։
Մարիամ Գրիգորյան
yerevanlur.am
դեպի ետ