
«ՇՈՒՏՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿՀԱՆՁՆՎԵՆ ՏԱՎՈՒՇԻՑ»
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 17-ին անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով: «Իրավունք TV»-ի տաղավարում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ օրերս Սյունիքում տեղի ունեցած ադրբեջանական ռազմական օպերացիան շարունակություն կստանա Տավուշում:
«ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂՆԵՐԸ ԿՈՐՈՇԵՆ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԻՆՉՊԵՍ Է ԼԻՆԵԼՈՒ»
– Պարոն Նահապետյան, ի՞նչ նպատակ է այս ամենը հետապնդում եւ ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ:
– Սա դեռ սկիզբն է: Հիմա խնդիր են դրել Հայաստանը Ռուսաստանից կտրել` միջնորդավորված ցամաքային ճանապարհով, այսինքն` Վրաստանով: Տավուշում տարածքներ կան, որ Ադրբեջանն ասում է, թե Խորհրդային Ադրբեջանի մաս է եղել եւ պետք է հանձվեն իրենց: Իսկ հայաստանյան իշխանությունները ձեւն արդեն գտել են` այն, ինչ հնարավոր է, տալիս են` առանց կռվի, իսկ որտեղ հնարավոր չէ` առանց դիմադրելու հանձնել, տալիս են կռվով, ինչպես եղավ վերջին օրերին Սյունիքում, երբ հանձնվեցին կարեւոր նշանակություն ունեցող բարձունքներ: Նույնը լինելու է Տավուշում` մինչեւ Հայաստանն ամբողջությամբ «անկլավ» դառնա: Օրվա իշխանությունը մեր երկրի պետականության եւ տարածքային ամբողջականության, ժողովրդի անվտանգության մեր ապագայի հույսն ամբողջովին ոչնչացնելու է, քանի դեռ մեր ժողովուրդը ասում է, թե «Փաշինյան Նիկոլի հետ ապագա կա»: Այդ ժողովուրդն անցնում է քավարանով եւ տալիս է իր կատարած սխալների հատուցումն արյունով, թեեւ ասում են, որ մարդկության նախկին, ներկա եւ ապագա մեղքերի համար Հիսուս Քրիստոսն է քավել իր արյունով: Բայց հիմա փաստն այն է, որ սխալների համար մենք ենք հատուցում` տեսնելով մեր զավակների խեղվելն ու զոհվելը:
– Մեկ ամիս է` ասում էին, թե ոչ մի փաստաթուղթ էլ չի պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, հիմա հենց ինքն է հայտարարում, որ ստորագրելու է, իսկ թե ինչ բովանդակություն է ունենալու այն, ինչպես միշտ գաղտնի է: Ի վերջո, ի՞նչ է այս անգամ սպասվում, երբ առանց փաստաթղթի էլ տարածքներ են հանձնվում:
– Եթե փաստաթղթով շատ մեծ լինեն զիջումները, կարող է դրա դեմ ընդվզումն էլ մեծ լինի, դրա համար մաս-մաս են տալիս: Երեւի, ինձնից բացի, էլի մեկ-երկու հոգի կան, որ հիշում են Սեւ լճի կամ Փայլասարի, Սոթք-Խոզնավարի մասին, նոր հանձնվող բարձունքների մասին էլ վաղը կմոռանան, հիմա էլ Տավուշից տարածքներ կտան ու կմոռանան: Ամեն դեպքում, կարծում եմ` Տավուշից տարածքներ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո են հանձնելու, թեեւ չեմ բացառում նաեւ, որ մինչեւ ստորագրելը հանձնեն: Այսպես փոքր-փոքր հանձնելով` ժողովրդի մոտ հավաքական լայն ընդվզվում չի լինում, սա հստակ աշխատող մարտավարություն է: Ընդ որում` այդ մարտավարությամբ Փաշինյան Նիկոլին տանում են, որպես մանեկեն, որովհետեւ ինքն իրականում մեծ հաշվով ոչինչ չի որոշում: Վերջում էլ Բերեզովսկու նման կա՛մ կկախեն, կա՛մ Կադաֆիի նման նախ տաբատը կիջացնեն, հետո կսպանեն, կա՛մ էլ Յանուկովիչի նման կարող է ապրի: Աշխարհի ուժեղները կորոշեն Փաշինյանի եւ իր ընտանիքի ճակատագիրն ինչպես է լինելու:
«ՍՅՈՒՆԻՔԸ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԿՏՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»
– Ըստ էության, Սյունիքի սահմաններում օրեր առաջ տեղի ունեցավ «մինի» պատերազմ, որտեղ ունեցանք թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստներ եւ գերիներ: Ինչո՞ւ այն հիմա տեղի ունեցավ:
– Սա «մինի» պատերազմ չէր, պարզապես, հակառակորդն իր դիրքերը բարելավելու համար ռազմական գործողություններ էր սկսել: Ընդ որում` կոնկրետ Իշխանասարի հարակից շրջանում 4-5 օր առաջ էլ փորձել էր գործողություններ իրականացնել, սակայն այն դեռեւս պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ժամանակ, կասեցվել է: Սա հաստատ կարող եմ ասել, թեեւ Պաշտպանության նախարարությունը մի բան է ասում, ոչ կողմնակալ կեցվածքով լրատվամիջոցները` այլ: Ավելին` հայկական կողմն այդ ժամանակ գերեվարել էր «խաղաղությամբ» հայկական դիրքերի մոտ «հյուր» եկած 6 ադրբեջանցու, որի տեսանյութն էլ կա: Բայց հետո, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն այդ գերիներին վերադարձրել է Բաքու:
– Ինչի՞ դիմաց...
– Ոչինչի: Ավելին` դրան հաջորդեց Արշակ Կարապետյանի հրաժարականը: Ամենայն հավանականությամբ` կոնֆլիկտ է եղել: Ըստ էության, Արշակ Կարապետյանի ժամանակ հակառակորդը փորձել է բարձունքներ վերցնել, իսկ Սուրեն Պապիկյանի նշանակվելուց հետո`վերցրել է այն: Հիմա Երեւան-Գորիս ավտոմայրուղին ամբողջությամբ հսկողության տակ է: Սա նշանակում է, որ եթե Սյունիքի նկատմամբ ինչ-որ մի պահ ռազմական գործողություն սկսվի, Հայաստանի կենտրոնական շրջաններից ու այլ վայրերից զենք-զինամթերքի, զինանձնակազմի տեղափոխումը միայն այդ ճանապարհով է հնարավոր, իսկ այն ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական օպերացիայից հետո` այսօր ամբողջովին անհասանելիության ներքո է գտնվում: Ցանկացած ռազմական կրթություն ստացած սպայից մինչեւ գեներալ ու գլխավոր շտաբի պետ լավ գիտեն, որ այդ բարձունքներն ունեին մեզ համար ռազմավարական նշանակություն: Ինչպե՞ս կարելի էր դրանք թողնել: Այդ տարածքում ադրբեջանցիների գրոհի ժամանակ ամեն քառակուսի միլիմետրի վրա հրետանու եւ հրթիռների արկերի, ծուղակի փոսերի տարափ պետք է լիներ, էլ չեմ ասում անհրաժեշտության դեպքում ավիացիա էլ կարող էր աշխատել: Բայց չարեցին, ու Սյունիքը կտրվեց Հայաստանից: Պատերազմում հաղթանակն այն չէ, որ հաղթելուց հետո գաս եւ այդ երկրի կառավարության շենքերի վրա դրոշ բարձրացնես: Սա արդեն կապիտուլիացիան է, իսկ հաղթելն այն է, որ դու իշխող բարձունքները վերցնում ես, եւ հակառակորդը քո կրակի խոցելիության տիրույթում է, իսկ դու մեծ հաշվով` անխոցելի: Հիմա, երբ երկու բարձունքները վերցրել են, իսկ դրանից առաջ էլ չորս մարտական հենակետ էին վերցրել, դրանով ադրբեջանցիները, կարելի է ասել, վերահսկում են ամբողջ ճանապարհը, այսինքն` իրենք իշխող բարձունքների վրա են նստած:
«ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ՀԱՊԿ-Ն ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔՅԱՆՆ Է»
– ՔՊ-ական պատգամավորները ձեն ձենի տված քննադատում էին ՀԱՊԿ-ին, թե չեն արձագանքում, չեն օգնում, եւ եթե այսպես շարունակվի, դուրս կգանք այդ կազմակերպությունից: Բայց պարզվեց, որ Հայաստանը պաշտոնապես նույնիսկ չի էլ դիմել: Ինչպե՞ս սա հասկանալ:
– Չեն դիմել, դիմելը գրավոր է լինում, ընդ որում` գաղտնիք չէ, այն հրապարակավ կարող ես ասել: Բայց ուզում եմ հիշեցնել, որ երբ Սեւ լիճ կոչվող վայրում հակառակորդն էլի մեր տարածք էր մտել, մարզպետից սկսած ասում էին, թե ադրբեջանցիները մոլորվել են: Բաքվից երեւի զանգել էին Մելիքսեթ Պողոսյանին եւ ասել, թե սխալմամբ են եկել ու մեր բարձունքները վերցրել: Հետո Փաշինյան Նիկոլն ասաց, որ` այո՛, ադրբեջանցիները մտել են մեր տարածք, բայց դե Սեւ լճի 30 տոկոսի համար հո կռիվ չենք անելու: Ինքը 100 դոլարի համար կռիվ կտա, բայց մեր տարածքի 30 տոկոսի համար` ոչ: Բայց, այնուամենայնիվ, քարոզչական դաշտում լուրջ ճնշումներից հետո ստիպված դիմեցին ՀԱՊԿ-ին, բայց կոնսուլտացիաների հոդվածով: Հիմա եւս նույնն է կատարվում` չեն դիմել, այլապես այն կհրապարակվեր, ինչպես եղավ Սեւ լճի շրջակայքի հարցով դիմելուց, երբ շատ արագ հրապարակայնացրին դիմումի ձեւը: Բայց դիմելու փոխարեն` Քաղպայմանագրի կարկառուն դեգենարտները փրփուրը բերաններին ամբիոնից հայտարարում էին, որ եթե հանկարծ մեզ չօգնի ՀԱՊԿ-ը, կդիմենք այլ պետությունների, այլ դաշինքների: Արմեն Գրիգորյան կոչեցյալ անվտանգության խորհրդի քարտուղարը մի հատ էլ «հաթաթա է» տալիս Հանրային հեռուստատեսության եթերով, որ եթե հանկարծ մեզ չօգնեն, կանենք այլ քայլեր, իբրեւ թե ՆԱՏՕ-ի աչքերն էլ ցավո՞ւմ էր սպասելով, թե երբ է իրենց դիմելու Արմեն Գրիգորյանը: Ըստ այդ դեգեներատների, պարզվում է` Վլադիմիր Պուտինը պետք է նստեր ու «Հ1»-ի եթերով անհամբեր լսեր Արմեն Գրիգորյանի խոսքն ու ասեր` ԱԽՔ-ը բանավոր դիմել է մեզ, անպայման արձագանքենք:
– Բայց ո՞րն էր նպատակը` մի կողմից` չդիմելու, մյուս կողմից էլ` բողոքելու, թե չօգնեց ՀԱՊԿ-ը:
– Հուզումնառատ ելույթներ են ունենում, թե մեզ դավաճանեցին, չօգնեցին, բայց երբ հարցնում են` դուք գրավոր դիմե՞լ եք, ասում են` ի՞նչ կարեւոր է: Այս մարդիկ մտածում են, թե ՀԱՊԿ-ը իրենց հոր դուքյանն է: Իհարկե, պետք է գրավոր եւ հիմնավոր դիմես, որի համար կոնկրետ ժամկետներ կան` շատ արագ արձագանքման: Հիմա հարց եմ տալիս` Փաշինյան Նիկոլն այդ դեպքերի հետ կապված Անվտանգության խորհրդի նիստ արեց, ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ խոսք եղա՞վ` զրո: Պատմաբան կոչեցյալ նորանշանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երբ խոսել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, այդ թեմային անդրադարձե՞լ է, պաշտոնապես` չկա նման փաստ: Արմեն Գրիգորյանը` որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտոնապես դիմե՞լ է, էլի` ոչ: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ-ում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը դիմե՞լ են, նորից` ոչ: Այսինքն` բոլոր այն ի պաշտոնե հնարավոր խողովակները, որոնք կան, եւ որով պետք էր դիմել, չեն դիմել: Բայց մի քանի դեգեներատ Ազգային ժողովում ասում էր, որ ռուսները մեզ գցեցին: Դե մշտական օգտագործման «Սորոսի ծռերն» էլ, որոնք պարբերաբար դեն են նետվում, հետո նորից, ըստ անհրաժեշտության, օգտագործվում են, ցույց էին անում, թե ռուսները պետք է դուրս գան այստեղից: Ասեմ, որ իրականում այս ամենը նախապատրաստվել է շատ վաղուց, երբ Մեծ Բրիտանիայում մի 20 տարի առաջ պլանավորում էին մեր տարածաշրջանի հերթական վերաձեւումը: Սա այդ օպերացիայի հերթական փուլն է` Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դեմ կոնկրետ վարկաբեկման քարոզչություն պետք է իրականացվեր: Ավելին` վարկաբեկելով հանդերձ` փորձում են մեր տղաների արյան գնով հանձնված բարձունքների մեղքը, ինչպես եւ Արցախի պարտությունն էր, գցել ռուսների ու ՀԱՊԿ-ի գրպանը: Մինչդեռ 44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ Պետդումայի հայտնի պատգամավոր Զատուլինը Մոսկվայում Ալեն Սիմոնյանին ասում էր` ինչո՞ւ չեք դիմում ՀԱՊԿ-ին, որ Ռուսաստանի գործողություններն էլ միջազգային իրավունքի նորմերի մեջ լինեն:
Հարցազրույցն ամբողջությամբ `
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ