
ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱՐԱՐ Է ՊԵՏՔ
Իշխանության երրորդ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը պաշտպանության չորրորդ նախարարն է փոխում՝ Դավիթ Տոնոյան, Վաղարշակ Հարությունյան, Արշակ Կարապետյան, Սուրեն Պապիկյան։ Ի տարբերություն նախորդների, նորանշանակը՝ զտարյուն հեղափոխական Սուրեն Պապիկյանը, ճիշտ է` բանակի գեներալ չէ եւ չունի զինվորական կենսագրություն, սակայն ծառայության ընթացքում աչքի է ընկել «հերոսական» պահվածքով` դանակահարել է վերադասին եւ 2006-ին ազատազրկման դատապարտվել, մեկ տարի անցկացրել բանտում, ապա համաներմամբ ազատ արձակվել։ Պապիկյանի դատվածության մասին «Հրապարակը» գրեց, իշխանությունը եզրակացրեց, որ ԱԱԾ մի սպա` Սերոբ Հարությունյանն է արտահոսքը կազմակերպել, եւ նրան ազատեցին գործից, քրեական գործ հարուցեցին, որը հետո կարճվեց, հիմա էլ ապօրինի գույքի անվան տակ ուզում են նրա գույքը խլել։
Վերադառնանք նախկին նախարար Արշակ Կարապետյանին։ Ավանդույթի համաձայն, պաշտոնական պարզաբանում այս անգամ էլ չներկայացվեց, սակայն նախորդող իրադարձություններից որոշակի եզրահանգումներ հնարավոր է անել։
Կիրակի օրը համացանցն ահազանգում էր Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի հատման տարածքում հայկական դիրքեր կորցնելու մասին։ Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, ծանր տեխնիկա են մտցրել այդ տարածք եւ, ի վերջո, մեր զինվորներին հետ մղել հայկական դիրքերից։ Տեղեկատվության տարածումից ժամեր անց ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ հերքելով, թե տեխնիկա է մտել հայկական տարածք, սակայն միջադեպի փաստը չհերքվեց։ «Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռեւս շարունակում է լարված մնալ»,- հայտնեցին ՊՆ-ից։ Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութից պարզ դարձավ, թե ինչպես է թշնամին մեր զինվորներին դուրս հանում մեր դիրքերից։
Մինչ համացանցն ակտիվ քննարկում է, թե ինչու հայ դիրքապահները գործողություններ չեն ձեռնարկում սահմանախախտների նկատմամբ, ո՞ւր մնաց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրաման-խոստումը՝ «կասեցնել ՀՀ պետական սահմանը հատելու հակառակորդի ցանկացած փորձ», մեզ տեղեկություններ հասան, որ թշնամուն հակահարված տալու փորձերն էլ դարձել են Կարապետյանի պաշտոնանկության պատճառը: Վերջինս դեռ նախորդ օրն է դիմում գրել, իշխանական լրատվամիջոցները երեկ կեսօրին գուժեցին Կարապետյանի պաշտոնանկության եւ Պապիկյանի նշանակման մասին՝ փորձելով Կարապետյանին ներկայացնել որպես կատարվածի թիվ մեկ մեղավոր։ Ինքը` Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի նիստում այնպիսի լղոզված տեքստ արտաբերեց, որ հանրությունը կարծի, թե սահմանը չպաշտպանելու համար է Կարապետյանը հեռացվում:
Իսկ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրներն էլ հաղորդեցին, որ Արշակ Կարապետյանը վաղուց էր հայտնվել վարչապետի թիրախում, քանի որ ուղիղ աշխատում էր Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ եւ ՌԴ հրահանգներով։ Պատահական չէ, որ նոյեմբերի 6-ին նա այցելել էր Արցախ, ուր 10 ամսվա ընթացքում ոչ մի ՀՀ ռազմաքաղաքական բարձրաստիճան պաշտոնյա չէր այցելել: Վերջինը 2021թ. հունվարի սկզբին էր՝ արտգործնախարար Արա Այվազյանի այցը, որին հաջորդեց Բաքվի կոշտ արձագանքը, եւ վերջ: Այդ այցին հաջորդեց ադրբեջանցիների սադրանքը՝ Շուշիում հայ երիտասարդի գնդակահարության տեսքով։ Մեզ ասացին, որ Փաշինյանին ահավոր նյարդայնացրել է Կարապետյանի ինքնագործունեությունը եւ որոշել է պահն օգտագործել ու կամակատար մեկին նշանակել առանցքային այդ պաշտոնում, որ խնդիրներ չունենա, ինչ ասի, հնազանդորեն կատարեն։
Իսկ ԳՇ պետ Արտակ Դավթյանը կառավարելի է, քանի որ նրա նկատմամբ մեղադրանք կա առաջադրված` Դավիթ Տոնոյանի գործով։
Սակայն Նիկոլ Փաշինյանը երեկ հատուկ շեշտեց, որ Կարապետյանին պաշտոնանկ անելու որոշումը կայացվել է նախորդ օրը ծավալված «իրադարձությունների վերլուծության արդյունքում»։ «Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ եւ շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա»,- երեկ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Փաշինյանը։
Երկրորդ վարկածով՝ իբր Կարապետյանը Փաշինյանին ճիշտ չի զեկուցել սահմանային իրավիճակը, որի արդյունքում էլ այն դարձել է օրհասական։ Այս թեման էլ դրել են շրջանառության մեջ եւ հիմնավորում են Անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հաղորդագրությամբ առաջին տողերով, թե Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «զրահատեխնիկայի աջակցությամբ» ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Այն դեպքում, երբ մեկ օր առաջ ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքում էր «սոցցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել», ըստ ՊՆ հաղորդագրության՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել, Արշակ Կարապետյանից չկարողացանք պարզել, նա երեկ հեռախոսով բարեւեց մեզ ու անմիջապես անջատեց։
Արշակ Կարապետյանին բանակի եւ ռազմական գործի հետ կապ չունեցող Սուրեն Պապիկյանով փոխարինելու որոշումը խոսում է մի մասին, որ Հայաստանին բանակ ու բանակի հրամանատար պետք չեն, այլ պետք են նահանջի հրաման կատարող եւ մեր սահմանները թշնամուն հանձնող գործիչներ, ու դրա լավագույն թեկնածուն Պապիկյանն է։
դեպի ետ