• am
  • ru
  • en
Версия для печати
11.11.2021

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ

   

Այն, ինչ 44-օրյա պատերազմից հետո կատարվում է Հայաստանի ու Արցախի հետ, լայն իմաստով իրենից ներկայացնում է սնանկության գործընթաց, որում շահում են գրեթե բոլոր կողմերը, բացի սնանկացողից՝ Հայաստանից։

Պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում տեղի են ունենում գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներ, գծվում են նոր քարտեզներ, բացվում են ճանապարհներ ու միջանցքներ․․․ այս ողջ գործընթացում Հայաստանը միայն տվողի դերում է։ Շահառուների ցանկը երկար է՝ սկսած Ադրբեջանից ու Թուրքիայից, վերջացրած Ռուսաստանով, ԱՄՆ-ով, Մեծ Բրիտանիայով, այլ աշխարհաքաղաքական կենտրոններով։ Հայաստանի սնանկացման այս գործընթացում բոլոր այդ բևեռները հանդես են գալիս այն սուբյեկտների դերում, որոնք ֆինանսական սնանկացման պարագային ստանում են այն ամենը, ինչ հնարավոր է ստանալ սնանկացողի գույքի ու ակտիվների իրացումից։

Նաև դրանով է պայմանավորված Ադրբեջանի ու Թուրքիայի անընդհատ աճող ախորժակը․ նրանք գրեթե ամեն օր նոր տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանին՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ սնանկացող սուբյեկտը պատրաստ է լինելու ցանկացած նոր զիջման։

Այս գործընթացում, սակայն, բացի արտաքին շահառուներից, կա ևս մեկ սուբյեկտ, առանց որի Հայաստանի սնանկացումն այսքան ողբերգական ու անդառնալի չէր լինի։

Խոսքը ՀՀ իշխանության և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի մասին է, որը տվյալ դեպքում հանդես է գալիս՝ որպես Հայաստանի սնանկության կառավարիչ։ Ճիշտ այնպես, ինչպես սնանկության կառավարիչներ են նշանակվում որևէ բիզնեսի սնանկության պարագային։ Հայաստանում, օրինակ, դա բավական շահավետ զբաղմունք է, որովհետև սնանկության կառավարիչները միջնորդի դեր են խաղում սնանկացողի ու պարտատերերի միջև, և ինչպես ցանկացած միջնորդ՝ աշխատում են ստվերային միջնորդավճարով՝ այս կամ այն կողմի համար գործարքն ավելի շահավետ դարձնելու դիմաց։

Հիմա, ահա, Նիկոլ Փաշինյանն այն սնանկության կառավարիչն է, որը բավարարում է Հայաստանի սնանկացման բոլոր շահառուներին՝ դրա դիմաց ստանալով միջնորդավճար՝ դեռևս պահպանվող իր իշխանության ու, որպես դրա հետևանք՝ սնանկացող Հայաստանից իր մասնաբաժինը պոկելու հնարավորության տեսքով։ Եվ եթե արտաքին շահառուների թիրախը ռազմավարական նշանակության ճանապարհներն ու տարածքներն են, ապա Նիկոլ Փաշինյանը՝ ինչպես ցանկացած միջին մակարդակի խաբեբա, զբաղված է առաջինների համեմատ մանր գողությամբ՝ բյուջետային միջոցների անվերահսկելի ծախսով ու իր մերձավորների հարստացմամբ։

Արդյունքում՝ Հայաստանի սնանկացման գործընթացի ավարտին դրա բոլոր արտաքին շահառուները ստանալու են իրենց հասանելիքը, Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակը՝ սեփական հարստությունը, իսկ Հայաստանը՝ որպես միջազգային քաղաքականության խաղացող, այլևս դառնալու է ոչ իրացվելի՝ լավագույն դեպքում պահպանելով պետության ցուցանակը, ճիշտ այնպես, ինչպես սնանկացած ընկերությունների շենքերին իներցիայով պահպանվում են դրանց հին անվանումները։

Հարություն Ավետիսյան
168.am


դեպի ետ