
ԱՅՍՕՐՎԱ ԷԼԻՏԱՆԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ԹԵԼԵՐՈՎ ԵՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ. Այվազյան
Ըստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ժամանակն է, որպեսզի Հայաստանում եւս USAID-ին դադարեցնի իր գործունեությունը, ինչպես Բելառուսն է հայտարարել այդ մասին:
– Բելառուսում չեն եկել այս որոշման, որովհետեւ Լուկաշենկոն շատ էր ուզում եւ ակտիվ աշխատանք էր տանում այդ գրասենյակների փակման ուղղությամբ: Ուղղակի, հանգամանքներն այնպես դասավորվեցին, ինչը նրան ստիպեց գնալ այդ քայլին: Այնպես չէ, որ Լուկաշենկոն շատ էր ուզում Արեւմուտքի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնել: Նույնիսկ վերջին մի քանի տարիների ընթացքում նա փորձում էր ջերմացնել այդ հարաբերությունները` հույս ունենալով, որ Արեւմուտքի «ծանր ձեռքը»` հեղաշրջումներ իրականացնելու գործիքակազմով, Բելառուսին կշրջանցի: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն որեւէ խոստման տեր չի կանգնում եւ շատ հանգիստ կարող է խոստումը դրժել, ինչը երեւաց Լուկաշենկոյի նկատմամբ մահափորձի տեսքով: Այնպես որ, Լուկաշենկոն ուզած-չուզած գնաց այս քայլին, որովհետեւ հասկացավ, որ Արեւմուտքի հետ լինելով` ուղղակի կարող է իր կյանքից զրկվել, նաեւ իր ընտանիքի անդամների կյանքը կարող է վտանգի տակ դրվի: Եվ դրա համար նա գնաց ՌԴ-ի հետ որոշակի համատեղ քայլերի, որն էլ ապահովում է իր անվտանգությունը: Վերջերս ստորագրված Միութենական պետությանը վերաբերող փաստաթղթերում հայտարարվեց նաեւ, որ արտաքին սպառնալիքի դեպքում Ռուսաստանի ու Բելառուսի զինված ուժերը համատեղ կգործեն: Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ էլ նույն իրավիճակն է: Այսինքն` ո՛չ Հայաստանի, ո՛չ Բելառուսի էլիտաները մեծ հաշվով չեն գնա այն քայլին, որը Միացյալ Նահանգների դեմ է: Հետեւաբար, նման քայլի գնալու համար պետք է լինի ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ, ինչպես եղավ Լուկաշենկոյի դեպքում, երբ անձամբ իր կյանքին էր վտանգ սպառնում: Օրինակ, երբ Հայաստանի գոյությունը այդ կազմակերպության պատճառով վտանգի տակ հայտնվի, ստիպված Ռուսաստանի օգնությամբ` գնալու են այդ քայլին, բայց ինքնուրույն երբեք չեն անի:
– Ի՞նչն է պատճառը, որ սպասում են` մինչեւ, այսպես ասած, «դանակը ոսկորին հասնի»:
– Այսօրվա էլիտաները չափազանց շատ թելերով են Արեւմուտքի հետ կապված: Օրինակ, Սիրիայի նախագահ Ասադը եւ իր կինը ժամանակին Լոնդոնում սովորած, աշխատած ու ապրած Արեւմուտքի մարդիկ էին: Եվ միայն այն պահին, երբ Արեւմուտքը որոշեց, որ Ասադն իրենց այլեւս պետք չէ եւ իրեն կարելի է կյանքից զրկել կամ դատել, նա ստիպված արդեն գնաց Ռուսաստանի հետ մերձեցման, բայց ինքնուրույն նա չէր գնա այդ քայլին, որովհետեւ այդ համակարգի ծնունդ է: Հետեւաբար, Հայաստանի էլիտաները եւս չեն գնա նման քայլի այնքան ժամանակ, մինչեւ չստեղծվի համապատասխան իրավիճակ: Օրինակ, եթե աշխարհում գլոբալ պատերազմ սկսվի, դրա ածանցյալը տեսնենք մեր տարածաշրջանում, այդ ֆորսմաժորային իրավիճակում հայաստանյան իշխանությունն ուզած-չուզած փրկվելու համար կգնա այդ քայլին: Իհարկե, եթե լիներ այլ իշխանություն, որոնք կիմանային, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Արեւմուտքը եւ տարբեր պարտավորություններով կապված չլիներ նրանց հետ, ինքնըստինքյան, բնականոն հունով կդադարեցներ USAID-ի գործունեությունը` հետեւելով մյուս երկրների փորձին:
– USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը մատնանշում է, թե մեկ միլիարդ դոլարի մասնավոր ներդրումներ են արել Բելառուսում, աջակցության ծրագրեր իրականացրել, իսկ պաշտոնական Մինսկը, ըստ էության, անշնորհակալ դուրս եկավ...
– Պարզ է, որ այդ գումարների մի մասը կամ մի զգալի մասն ուղղվել է ներքին քաղաքական դաշտի ապակայունացմանը, ինչը տեսանք պետական հեղաշրջման փորձի տեսքով: Իսկ իրենք, բնականաբար, չէին հայտարարելու, թե եկել էին Բելառուսը ՌԴ-ի դեմ տարածք օգտագործելու համար եւ դրա համար էին ֆինանսավորում, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությանը, որպեսզի հարմար պահի այդ ռեսուրսներն օգտագործվեն Բելառուսին Ռուսաստանից պոկելու եւ դեպի Արեւմուտք տանելու համար: Իհարկե, պետք է որպես բարերար ներկայանան, թվացյալ լավ ծրագրեր իրականացնեն, չնայած որոշ դեպքերում, օրինակ, թվում է, թե մարդու իրավունքներն են պաշտպանում, բայց դրա տակ իրականում այլ բան է թաքնված: Այսպես փորձում են ստեղծել հասարակության մեջ լավ վերաբերմունք դեպի Արեւմուտքը` որպես դեմոկրատիայի բնօրրան եւ որոշակի տրամադրություններ ստեղծել Լուկաշենկոյի դեմ: Երբ Արեւմուտքին Լուկաշենկոն ինչ-որ ձեւով ձեռնտու է, նրանք այդպես կոշտ չեն արտահայտվում, բայց երբ ձեռնտու չէ, սկսում են ասել, թե «բռնապետ է ու մարդու իրավունքների խախտող»:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ