• am
  • ru
  • en
Версия для печати
04.11.2021

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է»

   

Երեք պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպման, նախատեսվող հարցերի փաթեթի, տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների, եւ այն մասին, թե ինչ ակնկալել ընդդիմության փողոցային ցույցերի նոր ալիքից, «Իրավունքը» զրուցել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ.

– Վերջերս ՌԻԱ Նովոստին տեղեկություն էր տարածել նոյեմբերի 8-9-ին Մոսկվայում երեք պետությունների ղեկավարների նախապատրաստվող հանդիպման եւ նոր հայտարարության ստորագրման մասին, ինչը հետագայում պաշտոնապես հերքվեց: Պատահակա՞ն էր արդյոք ՌԻԱ-ում նման տեղեկատվության հայտնվելը:

– Սա պատահական չէր: Ղեկավարների հանդիպումը, անկասկած, նախապատրաստվում է: Կա հարցերի փաթեթ, որը նախապատրաստվում է այս հանդիպման համար: Պարզ է, անհնար է, որ այն չլիներ: Հայաստանն ու Ադրբեջանն ունեն հարցերի որոշակի փաթեթ, որոնք պետք է լուծվեն: Եվ, բնականաբար, այս հանդիպմանը որպես միջնորդ հանդես կգա Ռուսաստանը: Հասկանալի է, որ քննարկվելու են այն հարցերը, որոնք կարեւոր ու լուրջ են այս երկրների համար` սահմանների կոնֆիգուրացիայի հարցը, ճանապարհների հարցը: Ինչու այն հայտնվեց մամուլում. գուցե հասարակական կարծիքի շոշափում էր, թեեւ իշխանություններն իրենց ունակ են զգում որոշակի ձեւաչափեր իրականացնելու: Դա ցույց է տալիս անցած տարվա ողջ պատմությունը: Բնականաբար, ընդդիմությունը սրա դեմ է գործում: Մտնում է այս սյուժեները` նման զարգացումներին դիմակայելու համար: Համաձայնագիրը հստակորեն նախապատրաստվում է: Եվ վաղ թե ուշ այն կընդունվի հայտարարության կամ ճանապարհային քարտեզի տեսքով: Կոմունիկացիաների մասին կետը միակ հետկոնֆլիկտային կետն է, որը նշված է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համաձայնագրում: Մնացածը վերաբերում է կրակի դադարեցմանը: Սա ուզում են Ռուսաստանը, Արեւմուտքը, Ադրբեջանը, Թուրքիան` մոտեցումների մի փոքր տարբերությամբ` Հայաստանը գնալու տեղ չունի: Գործընթացը սկսված է, եւ այն ինչ-որ բանի կբերի:

– Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին իշխանափոխության պահանջով փողոցային բողոքի ցույցերի վերսկսման մասին: Ըստ Ձեզ` դրանք իսկապես կարո՞ղ են հանգեցնել նման ելքի:

– Չեմ կարծում, որ առաջիկա ամիսներին իշխանափոխություն կլինի: Որպեսզի դա հնարավոր դառնա, ընդդիմությունը պետք է լինի համախմբված, բավականաչափ միատարր կերպով տրամադրված նման սցենարին, եւ որ ամենակարեւորն է, պետք է ունենա բավարար ռեսուրս` փողոց դուրս բերելու 300 հազար մարդու, որոնք բավականաչափ մոտիվացված կլինեն մեկ ամիս այնտեղ կանգնելու համար: Ես դեռեւս նման ռեսուրս չեմ տեսնում: Դա ցույց տվեցին ընտրությունները, որտեղ իշխանությունը վերալեգիտիմացվեց: Բայց ընդդիմությունն ակնհայտորեն փորձում է հանրահավաքներ սկսել, ակտիվությունը վերածել իշխանափոխության մասին խոսակցության հարթության: Դա կլինի ոչ թե ակտ, այլ՝ գործընթաց: Փողոցային ակտիվությունը մեզ մոտ քաղաքական պայքարի մշտական մասն է:

– «Վալդայ» քննարկման ակումբում ելույթ ունենալիս Վլադիմիր Պուտինն ասել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորումն անհնար է, քանի քարտեզները գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում: Նա խոսեց նաեւ փոխզիջումների անհրաժեշտության մասին: Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը:

– Նա միանգամայն հիմնավոր էր խոսում, քանի որ դժվար է պատկերացնել որեւէ այլ միջնորդ մի իրավիճակում, երբ Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, իսկ սահմանի անվտանգությունը ապահովվում է Ռուսաստանի հետ կապված մեխանիզմներով: Պուտինը խոսում էր ռազմական գործողությունների գործընթացը բանակցային գործընթաց տեղափոխելու մասին: Թե ինչպես կընթանա այս գործընթացը, այլ հարց է: Ռուսաստանին անհրաժեշտ է, որ լինի սահման, որը կճանաչվի երկու կողմերից եւ կլինի քիչ թե շատ անվտանգ կամ առնվազն ցածր ռիսկերով:

– Վերջին շրջանում Իրանը սկսել է ավելի ակտիվորեն արտահայտել իր դիրքորոշումը տարածաշրջանում: Նա կարո՞ղ է դառնալ իրավիճակի զարգացման վրա ազդող գործոն:

– Իրանը չի կարող գոհ լինել բոլոր փոփոխություններից, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում` սկսած պատերազմից: Իրականում այն ամենը, ինչ պետք է տեղի ունենար, տեղի է ունեցել մինչեւ նախորդ տարվա նոյեմբերի 9-ը: Պատերազմն ավարտվել է, եւ այժմ տեղի է ունենում Ադրբեջանի ռազմական հաղթանակի գրանցումը: Իրանը չի կարող լրջորեն ազդել դրա վրա: Նրանք փորձեցին իրենց վերաբերմունքն արտահայտել: Իրանա-ադրբեջանական վիճաբանությունների եւ փոխադարձ մեղադրանքներով հայտարարությունների մի ամբողջ շարան է եղել: Բայց Ադրբեջան-Թուրքիա տանդեմում եւ այն դեպքում, երբ սկզբունքորեն Ռուսաստանը կողմ է ճանապարհների բացմանը, Իրանը դժվար թե կարողանա վետո դնել այդ իրավունքի վրա: Այժմ փորձում են ինչ-որ մոդելներ մշակել, որոնցով Իրանը նույնպես կօգտվի ճանապարհներից:

– Տարածաշրջանում ակտիվացել է Հնդկաստանը. վերջերս հանդիպումներ տեղի ունեցան երկու երկրների ղեկավարությունների միջեւ: Խոսակցություններ կան առեւտրային ուղիների բացման մասին, որոնք կկապեն Հնդկաստանը, Հայաստանը եւ Իրանը: Որքանո՞վ է այս ուղղությունը հեռանկարային զարգացման համար:

– Վաղուց ժամանակն է, որ հայկական դիվանագիտությունը դադարի ապրել Ատլանտյան օվկիանոսում` Լոնդոնի, Բրյուսելի, Վաշինգտոնի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ, եւ ժամանակն է փորձել աշխատել մնացած աշխարհի հետ, տեսնել, թե ինչ է կատարվում ոչ միայն բաղձալի Եվրոպայում կամ հեռավոր Ամերիկայում: Շատ չզարգացված ուղղություններ կան այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը կա: Դրանք են` Հնդկաստանը, Եգիպտոսը, Չինաստանը, Ճապոնիան: Իսկ այն, որ նման շփումներ են տեղի ունենում Հնդկաստանի հետ, մասամբ հայկական կողմի ջանքերի արդյունքն է, մասամբ էլ` հնդկա-պակիստանյան հարաբերությունների առանձնահատկությունների: Պակիստանը պատերազմի ընթացքում բացահայտ կերպով աջակցել է Ադրբեջանին: Առեւտրային ուղիների զարգացումը անհրաժեշտ եւ կարեւոր բան է: Իսկ թե ինչպես դրանք կանցկացվեն` լուրջ հարց է: Չեմ կարծում, որ մեկ հայտարարությունից հետո սա կարող է արագ զարգանալ: Բայց մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ: Եվ դա անհրաժեշտ էր սկսել դեռեւս 20 տարի առաջ:

Զարուհի Բաբուխանյան
www.iravunk.com


դեպի ետ