
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԾԵԼՈՒ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը միանգամայն տեղին հիշեցրեց, թե ինչպես էր ժամանակին Նիկոլն իր յուրաքանչյուր արտաքին այց օգտագործում սեփական քարոզչության համար: Մինչդեռ վերջերս տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո նման բան չկար: Ուստիեւ. «Մոսկվայում ամեն ինչ այնքան վա՞տ է անցել, կամ արդյոք այնպիսի բա՞ն է խոստացել, որն անգամ մանիպուլյատիվ իրականության մեջ, իր սովորության համաձայն, ներկայացնելու հնարավորություն չի տալիս»: Ու անգամ նման «հրապարակային ապտակից» հետո իշխանություններից որեւէ բացատրություն չեղավ՝ որեւէ բան խոստացե՞լ է Նիկոլը Մոսկվայում եւ ի՞նչ:
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ՆԻԿՈԼԸ
Ու իրոք, թեեւ նիկոլյան թիմը քանիցս ինչ-որ հայտարարություններ ներկա գործընթացների մասին հնչեցրել է, եւ նույն հարցուպատասխանի շրջանակներում էլ որոշ բաներ ասացին, թե, օրինակ, սահմանազատում ենք իրականացնելու, նաեւ՝ ճանապարհների վերագործարկում, սակայն հարց է՝ միայն դա՞ է եղել Պուտինի հետ հանդիպման օրակարգում: Եթե այո, ապա ինչպե՞ս հասկանալ իշխանական թեւի ներկայիս համառ լռությունը: Իհարկե, պետք է որ հիշատակված հարցերը եւս մոսկովյան հանդիպման օրակարգում եղած լինեին: Բայց նաեւ նման հանգամանք հաշվի առնենք: Նիկոլը նույն հարցուպատասխանի ժամանակ խոսեց նաեւ Մոսկվայում պահվող քարտեզների մասին՝ նման միտք ընդգծելով. սահմանագիծ ստեղծելու համար պետք է հասնել այդ քարտեզների իրավական հիմքերին: Այսինքն, որ թվականի քարտեզն է ԽՍՀՄ օրենքներով հիմնավորված, եւ հենց այդ քարտեզն էլ սահմանազատման հիմք է դարձնել: Դա Ալիեւի երազանքների տարբերակը չէ, հաշվի առնելով, որ միգուցե պարզվում է, որ իրավական է անցած դարի 20-30-ականների քարտեզները, որտեղ, օրինակ, ադրբեջանական անկլավներ գոյություն չունեին, Արծվաշենը միացած էր Հայաստանին եւ այլն: Նինչդեռ, Նիկոլի ասածին է նաեւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, թե՝ Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ.-ին, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձեւավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը: Դա պարզ ակնարկ է, որ հենց այդ քարտեզներն են դրվելու օրակարգում: Առավել եւս, որ Գրիգորյանը նաեւ պնդում է. «Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում»:
Ալիեւի համար, հասկանալի է, լավագույնը կլիներ 1988թ. քարտեզներով սահման գծելը, ու նաեւ հասկանալի է, որ Նիկոլն այլ տարբերակ նրան պարտադրելու որեւէ հնարավորություն չունի: Բայց եթե իրոք բանը հասել է քարտեզների օրենսդրական հիմքերը պարզելուն, ապա դժվար չէ կռահել, որ նման հարց առանց ռուսական «դաբրոյի» չէր կարող լուծվել: Ու եթե ընդունենք, որ նման քննարկումներ եղել են Պուտինի եւ Նիկոլի վերջին հանդիպման օրակարգում, ապա կա նաեւ այն հարցը, թե հանուն ինչի՞ Մոսկվան, որի համար եւս ամենահեշտ տարբերակը կլիներ 1988թ. քարտեզներով սահման գծելը, մտել է նման գլխացավանքի մեջ՝ գնում-հասնում է օրենսդրական հիմքերը ու դեռ մի բան էլ՝ դա պետք է Ալիեւին պարտադրի: Մյուս կողմից, եթե ենթադրենք, որ Մոսկվան Հայաստանին դիտարկում է, որպես ստեղծվելիք նոր Միության ապագա մաս, ապա նման գլխացավանքն արդարացված կլինի: Այսինքն, որքան լավ լինեն Հայաստանի սահմանային դիրքերը, այնքան լավ կլինեն նաեւ Միության դիրքերը, եթե Ադրբեջանը որոշի գնալ այլ ուղղությամբ: Այսինքն, եթե իրոք Նիկոլի հետ քննարկվել է հին, ըստ ամենայնի՝ անցած դարի մինչեւ 20-30-ականների քարտեզների տարբերակը ¥տարբեր աղբյուրներ են ակնարկում, որ հետագա փոփոխություններն իրականացվել են ներքին պայմանավորվածություններով, առանց խորհրդարաններում հաստատելու, ինչն իրավական չէ¤, ապա դա հուշում է, որ նման քննարկումը չէր կարող շրջանցել նոր Միությանն անդամակցելու թեման: Այնպես, ինչպես այդ հարցը, ըստ հրապարակային լուրերի, քննարկվել է նաեւ հայաստանյան այլ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների հետ: Այս դեպքում արդեն հասկանալի կդառնա, թե ինչու է Նիկոլը համառորեն շրջանցում Պուտինի հետ վերջին հանդիպումը մեկնաբանելու թեման:
ԲԱՔՈՒՆ՝ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Իսկ մյուս կողմից, հայտնի փաստ է, որ ներկա Ադրբեջանն իր իսկ օրենսդրությամբ իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի ճանաչել: Այսինքն, 1918-20թթ. Ադրբեջանի իրավահաջորդն է, որն էլ ավելի տարօրինակ է դարձնում ներկա իրավիճակը, ընդ որում՝ Բաքվին դարձնելով բավականին խոցելի: Այսպես, ինչո՞ւ պետք է Բաքուն առաջնորդվի խորհրդային քարտեզներով: Բայց եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա է սահմանազատման ուզում հասնել, եթե, Նիկոլի ասածով, ցանկանա լուծումներ գտնել օրենսդրական դաշտում: Եվ ահա, այս ֆոնին է, որ էական է դառնում ՌԴ-ի դերը, ինչի մասին այդքան միանշանակ հայտարարեց նաեւ Պուտինը՝ «Վալդայ» ակումբում իր վերջին աղմուկ հանած ելույթում: Այսինքն, հենց Մոսկվան է, որ Բաքվի առաջ կարող է դնել պարզ պահանջներ՝ եթե 30 տարի խոսում ես տարածքային ամբողջականությունից, ապա բարի եղիր հիմա էլ այդ թեզով առաջնորդվել: Ու այդ դեպքում, ո՞րն է քո տարածքը, Ադրբեջա՛ն: Եթե ոչ խորհրդային իրավիճակը, ապա ո՞րը, նախախորհրդայի՞նը: Բայց չէ՞ որ այդ ժամանակ էլ որեւէ հստակ սահմանազատում չի եղել, առավել եւս՝ Արցախն Ադրբեջանի կազմում որեւէ մեկը չի ճանաչել: Ու եթե սրա կողքին էլ դրվի ուժային բաղադրիչ, ապա դա Բաքվի համար լուրջ փակուղի է: Բնական է, որ այս իրավիճակում Բաքուն կդիմի «մեծ եղբոր» օգնությանը, եւ Ֆիզուլիում օրերս կայացած Ալիեւ-Էրդողան հանդիպման ժամանակ պետք է որ այս հարցերը եւս մանրակրկիտ քննարկած լինեն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Մոսկվան ի զորու է նույն հարցերը նաեւ Էրդողանի առաջ դնել: Կարճ ասած, թուրք-ազերիական տանդեմին կմնա՝ կա՛մ գնալ խնդրի ուժային լուծման, կա՛մ՝ կոմպրոմիսի: Առաջին տարբերակը էլի մնում է քիչ հավանական: Իսկ կոմպրոմիսի մասին, որքան էլ տարօրինակ թվա, կարծես թե Ֆիզուլիում Էրդողանը որոշ շատ նուրբ ակնարկներ հնչեցրեց:
ԷՐԴՈՂԱՆԻ ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿԸ
Իհարկե, սպասելի էր, որ Ալիեւն ու Էրդողանն այս հերթական հանդիպման ժամանակ սկսեին խոսել «եղբայրությունից», ապա դրանից հետո հասնեին երկկողմ ծրագրերին, վերջապես՝ «Զանգեզուրի միջանցքին», եւ երկուսի ելույթն էլ այդ սպասելիքները չխախտեցին: Միայն թե այսքանից հետո էրդողանի խոսքում մեկ հետաքրքիր դրվագ նկատվեց: «Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության եւ համապարփակ կարգավորման օգտին: Ճանապարհներն ու երկաթուղիները, որոնք կանցնեն այս աշխարհագրական տարածքով, տնտեսական եւ առեւտրային հնարավորություններ կբացեն ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների համար: Կգա մի օր, երբ մենք Զանգեզուրից կկարողանանք մեկնել Ստամբուլ, Իգդիր ու Կարս, եւ տարածաշրջանը տարանցիկ եւ լոգիստիկ կենտրոնի վերածելու հնարավորությունները կընդլայնվեն...»:
Ինչո՞ւ Էրդողանն ընդգծեց Ստամբուլը, Իգդիրն ու Կարսը: Ստամբուլը, միգուցե կարելի է համարել ընդհանրական հասկացություն: Բայց Կարսը, որ Զանգեզուրից շատ հեռու է, ի՞նչ կապ ունի: Իհարկե, հնարավոր է, որ Էրդողանը հնչեցրեց պատահաբար այդ պահին «լեզվին եկած» անուններ: Բայց նաեւ հնարավոր է այլ տարբերակ: Այսպես, Իգդիր կարելի է հասնել նաեւ Նախիջեւանից, այսինքն՝ Զանգեզուրից: Բայց նաեւ, Իգդիրը Հայաստանից Թուրքիա տանող հիմնական (չգործող) ավտոմայրուղու՝ Մարգարայի ուղղությամբ գտնվող առաջին հիմնական բնակավայրն է: Իսկ ահա Կարսը Հայաստանից Թուրքիա մտնող առանցքային քաղաքն է: Այսինքն, պատահաբար, թե՝ ոչ, բայց Էրդողանի մտքին այդ պահին, չգիտես ինչու, եկան այն Հայաստանի հետ կապող երկու հիմնական բնակավայրերի անունները: Ենթագիտակցորե՞ն, թե՞ սա շատ նուրբ ակնարկ էր, դժվար է ասել: Բայց մասնավոր կարծիքի կարգով ասենք, որ ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը: Իսկ այդ դեպքում, պետք է ենթադրել, որ հստակ պայմանավորվածություն ռուսների հետ կան, որ գործարկվելու է ողջ տարածաշրջանային կոմունիկացիոն համակարգի, այդ թվում՝ Հայաստանից դեպի Թուրքիա տանող: Ընդ որում, երբ Իրանը եւս պաշտոնապես հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խնդիրները հարթված են, ապա դա էլ իր հերթին է ակնարկում այն մասին, որ Թեհրանն իր համար «կարմիր գիծ» հանդիսացող «Զանգեզուրի միջանցքի» թեման այլեւս չի տեսնում: Ու եթե իրոք այս տարբերակն է, ապա մնում է միայն սպասել, թե երբ կհայտարարվի Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման օրը, որը հազիվ թե ուշանա:
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ՍՈՎՈՐԱԿԱՆ «ԲԼԵ՞Ֆ» Է
Ի դեպ, որոշ փորձագետներ վերջին օրերին քննարկում են նաեւ հարցը, թե անգամ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ռեա՞լ է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, թե՞ դա ընդամենը քարոզչական տրյուկ է: Այս հարցադրման հիմնավորումը հետեւյալն է: Այսպես, թեեւ Ալիեւն ու Էրդողանը համառորեն խոսում էն «Զանգեզուրի միջանցքից», սակայն անգամ հարցական կա, թե իրականում նրանց նման միջանցք, համենայնդեպս՝ երկաթուղու տեսքով, պե՞տք է: Ի վերջո, ի՞նչ ասել է «Զանգեզուրի միջանցք»: Ճանապարհ, որն անցնում է Սյունիքով եւ որի վերահսկողությունը ոչ թե Հայաստանի կամ ՌԴ-ի, այլ Թուրքիայի ձեռքին է: Բայց եթե Թուրքիան ունենա այնպիսի շանս, Սյունիքում ռուսներից եւ հայերից վերահսկողությունը խլի, ապա դա կնշանակի նաեւ վերահսկողություն ողջ Հայաստանի եւ նրա բոլոր ճանապարհների նկատմամբ: Իսկ այդ դեպքում ո՞րը կլինի Թուրքիայի համար ձեռնտու՝ Կարսի գի՞ծը, որը հնարավորություն կտա երկաթուղով անարգել Ադրբեջան հասնել ինչպես Նախիջեւան-Մեղրիով, այնպես էլ՝ Իջեւանով, թե՞ Թուրքիայից դեպի Նախիջեւան տանող նեղլիկ ուղիով երկաթգիծ սարքելն ու Իրանի քթի տակով մինչեւ Հորադիզ հասնելը: Ի տարբերություն Կարսի գծի, Մեղրիի ուղղությունը, առավել եւս, եթե այն նաեւ ռազմական խնդիրներ է լուծելու, կլինի ծայրահեղ խոցելի: Իհարկե, սրան կարելի է հակազդել, թե թուրք-ազերիական տանդեմը նաեւ Սյունիքով անցնող ավտոմայրուղիների վրա է հիմնական շեշտը դնում: Սակայն նույն միջոցառման շրջանակներում Ալիեւը եւ Էրդողանը հայտարարեցին Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ ավտոճանապարհի շինարարության մասին, որը նույնպես Իրանի սահմանի հարեւանությամբ է անցնում, այսինքն՝ էլի խիստ խոցելի է: Կա նաեւ Լաչին-Սիրիա-Նախիջեւան մայրուղու գաղափարը, որը թեեւ Իրանի սահմանից հեռու է, սակայն Սիրիա-Նախիջեւան հատվածը անցնում է խիստ լեռնային գոտով, այսինքն՝ դա էլ «միջանցք» չի դառնա: Առավել եւս, երբ այդ միջանցքին վերագրում են նման նպատակներ. «Ադրբեջանը եւ Թուրքիան նախատեսում են միավորել թյուրքական աշխարհը՝ առեւտրային միջանցք բացելով, որն Ադրբեջանը կմիացնի Նախիջեւանի հետ Հայաստանով»: Առեւտրային մեծ միջանցք ավտոմայրուղո՞վ. նման բան չի լինում: Կարճ ասած, եթե Անկարային հաջողվի Հայաստանը փաստացի վերածել վիլայեթի, ապա «Զանգեզուրի միջանցք» ասվածը միայն երկրորդական դեր կունենա, եւ ողջ Հայաստանը կվերածվի «միջանցքի»: Եթե չհաջողվի Հայաստանը ռուսական վերահսկողությունից հանել, ապա պարզապես անիմաստ է դառնում «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, եւ այդ դեպքում էլ Ադրբեջանի հետ կապի համար Թուրքիային շատ ավելի ձեռնտու կլինի Կարս-Գյումրին: Համենայնդեպս այն, որ թեեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցություններին, այդպես էլ գործնական քայլեր չեն արվում Իգդիր-Նախիջեւան երկաթուղու շինարարության ուղղությամբ: Նաեւ հաշվի առնելով, որ Իգդիրն ինքն այս պահին երկաթուղի չունի, եւ այնտեղից հարկավոր է գիծ կառուցել կա՛մ դեպի Կարս, կա՛մ էլ՝ Էրզրում, որոնք բավականին թանկարժեք ծրագրեր են, եւ անհասկանալի է, թե որն է իմաստը: Այսպիսով, շատ ավելի նման է այն բանին, որ «Զանգեզուրի միջանցք» ասվածը սովորական բլեֆ է: Ասենք՝ աշխարհաքաղաքական հավակնություններ ի ցույց դնելու, տարածաշրջանային վերաձեւումների ընթացքում ՌԴ-ից եւ ՀՀ-ից ինչ-որ ավել պատառ պոկելու, որոշ այլ նպատակներով կամ այդ բոլորը միաժամանակ: Սակայն նման է նրան, որ ռուսներն այդ «կուտը չկերան»: Համենայնդեպս, ինչպես նախօրեին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացել է երկաթուղային քարտեզի շուրջ կոնսենսուսի մոտենալ. «Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա ավելի մոտ մոտեցումներ ու տեսակետներ կան: Բայց այդտեղ հարցն ավելի պարզ է»: Իսկ սա նաեւ նշանակում է, որ երբ ռուսական կողմը, որը, չմոռանանք, վերահսկում է նաեւ բուն հայաստանյան երկաթուղային համակարգը, գնում է կոմպրոմիսի, ապա պետք է որ իրեն վստահ զգա: Թերեւս նաեւ այն պատճառով, որ ռուսները քիչ հավանական են համարում, որ Նախիջեւան-Իգդիր երկաթուղու թեման քիչ ռեալ է. եթե գնացքները Մեղրիով հասնեն Նախիջեւան, ապա Թուրքիայի համար տնտեսապես շատ ավելի ձեռնտու է օգտվել արդեն իսկ գոյություն ունեցող Նախիջեւան-Գյումրի-Կարսից, քան նույն Կարսից մինչեւ Իգդիր եւ Նախիջեւան նոր երկաթուղի կառուցել: Առավել եւս, որ դրանից հետո բախվելու են ռուս սահմանապահներին՝ հաշվի առնելով նաեւ նոր Միության տեսլականը:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ