
ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՏԱՆՈՂ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է. Գևորգ Պետրոսյան
Ներքաղաքական իրավիճակի եւ ՏԻՄ ընտրությունների արդյունքների ու հետեւանքների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
«ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐՆ ԱՊՏԱԿԵՑԻՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻՑ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԿԱԾ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ»
– Ձեր գնահատմամբ` ի՞նչ իրավական հետեւանքներ կարող է ունենալ այն, որ Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին, այսպես ասած, կարմիր բերետավորների գործուն մասնակցությամբ, որոնք հենց այդ օրը շրջապատել էին «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը, իսկ ներսում հետախուզում էր իրականացվում:
– Ոստիկանների ոչ նպատակային ներկայությունը եւ իրենց լիազորությունների գերազանցելը գործող քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնական լիազորությունները չարաշահալու հանցակազմ է: Ծառայողական դիրքը ի շահ ծառայության չօգտագործելու այս արարքները լիազորությունների դասական չարաշահում են: Այդ կարմիրբերետավորներին ես կարմիր գլխարկներ եմ անվանում: Իհարկե, իրենց մեջ էլ անձնապես մի քանի շատ լավ մարդ ճանաչում եմ, բայց երեւույթը շատ տհաճ էր: Գնացել էիք` ո՞ւմից ում պաշտպանելու, ինչո՞ւ էիք շրջափակել «Առուշ Առուշանյան» շտաբը: Ասում են, թե խուզարկություն էին անում, բայց քանի որ օրենքներից իրենք շատ հեռու են, չգիտեն, որ գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` խուզարկություն կատարվում է միայն հարուցված քրգործի շրջանակում: Հիմա կարող է մեկն ասի` դե գիտեք, քրեական գործ կար հարուցված, բայց, կներեք, սա ի՞նչ կապ ուներ ընտրական գործընթացի հետ: Եվ, ի վերջո, ինչո՞ւ ընտրությունների օրը որոշեցին խուզարկել շտաբը: Ուղղակի ծիծաղելի են սրանց գործողությունները:
– Պարոն Պետրոսյան, ի՞նչն է խանգարում, որ քրեական գործ հարուցվի` Ձեր նշած 308-րդ հոդվածով:
– Խանգարում է այն, որ չարաշահումներն արվել են` հօգուտ իշխանության թեկնածուի: Մինչդեռ եթե հանկարծ մի ոստիկան շփոթվեր եւ փորձեր քայլել ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի ուղղությամբ, հիմա այդ ոստիկանն արդեն անազատության մեջ էր: Մեր պետությունը քանդում է երկակի ստանդարտների ռեժիմը: Ամեն դեպքում, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել գորիսեցիներն, հալալ է իրենց: Նրանք ապտակեցին կյանքի հաճույքներից մոլորության մեջ ընկած որոշ մարդկանց եւ ցույց տվեցին, որ չի՛ կարելի ժողովրդին հեգնել ու ծաղրել: Ի՞նչ է նշանակում գնալ քարոզարշավի մի քանի հազար ոստիկանով: Ո՞ւմ դեմ ես տանում այդ զորքը:
– Ի դեպ, գորիսեցիներն ասում են, թե նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ այդքան զինված մարդ չէին տեսել իրենց քաղաքում...
– Ընդամենը երկու օր առաջ կրակոցներ հնչեցին սահմանին, լուրջ միջադեպեր եղան, եւ վեց հոգի վիրավորվեցին: Այո՛, ես սա համարում եմ լուրջ, որովհետեւ անգամ մեկ զինվորի վիրավորվելն ինձ համար լրջագույն միջադեպ է: Դե թող այդ «կարմիր գլխարկները» գնային այնտեղ, վախենում էին, որ գայլն իրենց կուտի՞, բա իրենք գելխեղդ ունեն` ի դեմս Նիկոլի: Ամբողջ գիշեր ես եւ ինձ նման տասնյակ հազարավոր քաղաքացիներ չենք քնել, սոցիալական ցանցերը չեն լռել, ու բոլորս մտածում էինք, որ հանկարծ, Աստված ոչ արասցե, մի նոր հարձակում չլինի, զոհ չունենանք: Իսկ Նիկոլն իր ամրոցում քնած էր, ոչ մի ելույթ չհնչեց, նույնիսկ ֆեյսբուքյան ուղիղ եթեր չարեց: Գոնե մի հույս տար վիրավորների ընտանիքներին, ո՞ւր էր թաքնվել: Թե՞ անպայման պետք է իր շահերից ինչ-որ բան բխի, որ ժամացույցի կուկուի նման եթերով խոսի: Եթե իսկապես Նիկոլը գտնում է, որ ընտրություններն անցել են արդար եւ թափանցիկ, ինչո՞ւ չի շնորհավորել, իսկ եթե ընտրությունները, ըստ նրա, այդպես չեն անցել, բա ո՞ւր են հետընտրական զարգացումները: Սա խոսում է նրա փոքրոգության մասին:
«ԹԱՍԻԲԸ ՀԱՂԹԵՑ ՓՉԱՑԱԾ ՈՒ ԺԱՆԳՈՏԱԾ ՄՈՒՐՃԻՆ»
– Բացառո՞ւմ եք, որ, պարզապես, մի քանի համայնքապետի պաշտոն զիջվեց ընդդիմությանը: Օրինակ, կա տեսակետ, որ Փաշինյանը, հաշվի առնելով Սյունիքում առկա վտանգները` ամենեւին էլ դեմ չէ, որ հնարավոր հետեւանքները կոտրվի ընդդիմադիր համայնքապետի գլխին:
– Նախ այնպես չէ, որ եթե, օրինակ, ճանապարհը բացեն, այն անցնելու է Գորիսով: Մինչեւ Գորիս հասնելն այդ տրամաբանությամբ ամենաառաջինը Մեղրին պետք է զիջեին, հետո Կապանը, ապա նոր Գորիսը: Իհարկե, տեսականորեն չեմ բացառում այդ տեսակետի հիմնավորվածությունը, բայց հակված եմ պնդելու, որ այստեղ իսկապես հաղթեց ճշմարտությունը, թասիբը: Գորիսեցիներն ապացուցեցին, որ թքած ունեն այդ ապօրինությունների եւ վախի մթնոլորտի վրա: Եվս մեկ անգամ շնորհակալությում եմ հայտնում այդպիսի քաղաքացիական կեցվածքի համար: Այնպես որ, այստեղ ոչ միայն Առուշ Առուշանյանը հաղթեց, այլ թասիբը հաղթեց փչացած ու ժանգոտած մուրճին:
– Ինչո՞ւ այդ թասիբը չհաղթեց նաեւ Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում: Փաստացի, այստեղ քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ական թեկնածուն, ով իր փաստաթղթերում նշել էր, որ ինքն «արու» է:
– Այդ անձին չեմ ճանաչում եւ բացարձակապես վիրավորելու իրավունք ու ցանկություն չունեմ, բայց պետք է աշխատենք մեր ազգաբնակչության գիտակցական մակարդակը բարձրացնելու վրա: Ինչքան էլ հիմա կարող է իմ հոգու խորքում խռոված եմ այն անձանցից, ովքեր ձայն են տվել Նիկոլին ու իր քաղաքական ուժ կոչվածին, բայց, այնուամենայնիվ, լոռեցիական լավատեսությունս չեմ կորցնում առ այն, որ ոչ թե այդ ձայն տվածները նպատակ ունեն խորացնել Հայաստանի կործանման գործընթացը, այլ իրենց ինտելեկտը չի բավարարում: Շատերը դեռ անցյալ ու նախկին են ասում ու չեն կողմնորոշվում, բայց կոչ եմ անում հասկանալ` Նիկոլը Հայաստանը կործանում տանող ամենակարճ ճանապարհն է: Եթե այս ընտրությունները լիներ մեկ տարի անց եւ օբյեկտիվ լիներ, վստահ եմ` ճիշտ գաղափարական աշխատանքի պայմաններում հենց նույն Դիլիջանում ՔՊ-ական թեկնածուն չէր ընտրվի: Եթե մարդն իր պաշտոնի ստանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելիս չգիտի` «արականն» ինչ է, «արուն»` ինչ, նույնացնում է իրեն կենդանու հետ, այսպիսի մարդն ի՞նչ գործ ունի համայնքի ղեկավարի պաշտոնում: Սեպտեմբերի 1-ին ով ասես տեղից վեր է կենում ու ինչքան ամբախ-զամբախ հայտարարություն կա անում է, թե իբր կրթությունը խրախուսում են: Բա ինչպե՞ս կարող է համայնքի ղեկավարը տարրական գիտելիքներ չունենա: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համայնքապետը համարվում է քաղաքական պաշտոն, իսկ քաղաքական պաշտոնյան իրավունք ունի կայացնել քաղաքական որոշումներ եւ համակարգել դրանց կատարումը: Ի՞նչ քաղաքական որոշում կարող է կայացնել այս մարդը: Նույնն է, որ մեկին ասես` «գրեք ձեր սեռը», գրի` «ես էգ եմ»: Դրանից հետո` ինչպե՞ս կվստահեք այդ մարդուն: Դրա համար ընդդիմությունը պետք է ճիշտ գաղափարական աշխատանք տանի ժողովրդի հետ: Հավատացեք, Ընտրական օրենսգիրք փոփոխել, կատարելագործել եւ այլն, դրանք շատ ավելի անզոր են, քան ճիշտ գաղափարական աշխատանքը:
«ԻՆՉՔԱՆ ԿԻՍԱԽԵԼԱԳԱՐ ԿՆԻԿ ԿԱ` ՏՌՃԻԿ ՏԱԼՈՎ ՆԻԿՈԼԻՆ Է ԳՈՎՈՒՄ»
– Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները Գյումրիում, որտեղ հաղթեց ոչ ընդգծված ընդդիմադիր «Բալասանյան» դաշինքը, իսկ ՔՊ-ականներն այնքան են վրդովված, որ նույնիսկ նրանցից մեկը պահանջում է իրենց իսկ քաղաքապետի թեկնածուի հրաժարականը` Շիրակի մարզպետի պաշտոնից:
– Նիկոլը քանի օր է թաքնված է, եւ նույնիսկ ասում են, որ Իջեւանում վատացել էր: Հիմա չեմ կարող ասել, թե ինչից է վատացել, բայց կարղ եմ ենթադրել, իսկ ենթադրությունս չեմ ուզում հրապարակել: Ամեն դեպքում, չխոսեց ու չուղղորդեց ՔՊ-ականներին, թե ինչպես իրենց պահեն: Իսկ ՔՊ-ի մեջ շատերն իրար չեն էլ ճանաչում, ոչ էլ վստահում են: Ավելին ասեմ` ԱԺ յոթերորդ գումարման ժամանակ ՔՊ-ական պատգամավորներ կային, որ մինչեւ վերջ էլ իրար հետ չէին շփվում, ոչ էլ ճանաչում էին: Տեսե՞լ եք, որ մինչեւ հիմա պատգամավորների անունները գրած ու դրած է իրենց դիմաց: Ամոթ է, կառավարությունից մեկը գալիս է, մինչեւ չկարդա գրածը, չի իմանում ինչպես դիմի այդ պատգամավորին: Այդպիսի անհայտ պատգամավորն ի՞նչ գործ ունի Ազգային ժողովում, թող գնար մի տեղ անասուն պահեր կամ ուրիշ գործով զբաղվեր: Չէ՞ որ նա համարվում է ժողովրդի ընտրյալ: Այնպես որ, շատ բնական է, որ իրար չեն ճանաչում ու չեն էլ ընդունում, իրենք մեկ անձի շուրջ միավորված զանգված են: Ժամանակին իրենք էին սրան-նրան ծաղրում, թե մեկ անձի կուսակցություն է: Հիմա Նիկոլինն է մեկ անձի կուսակցություն: Ցույց տվեք իրենից հետո երկրորդ մեկին, որ համարվի հանրության կողմից միանշանակ կամ եթե ոչ միանշանակ, ապա գոնե հիմնականում ընդունելի: Չկա մի կերպար, որը գիտության մեջ մի մեծ ներդրում ունեցող անձ լինի կամ արվեստի մեջ: Ովքե՞ր են այսօր Նիկոլի համախոհները, սոցիալական ցանցում ինչքան կիսախելագար կնիկ կա` տռճիկ տալով Նիկոլին է գովում: Սա՞ է իր քաղաքական հենարանը: Վերադառնալով ձեր հարցին` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թասիբով գյումրեցիներին եւս: Ճիշտ է, այստեղ չհաղթեց այն թեկնածուն, ում անձամբ ես կցանկանայի տեսնել Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, բայց կարեւորը չանցավ ՔՊ-ի թեկնածուն: Այո՛, ակն ընդ ական ատամն ընդ ատաման, ինչպես իրենք էին ասում, որ կարեւորն այսինչը չլինի, ով ուզում է լինի, հիմա ես էլ եմ այդպես մտածում: Ի վերջո, բնական է, որ եթե ՔՊ-ի թեկնածուն անցներ, պիտի այդ քաղաքում փորձեին ի կատար ածել ՔՊ-ի ղեկավարի ցանկություններն ու նպատակները: Փառք Աստծո, այդպես չեղավ: Իսկ «Բալասանյան» դաշինքին կոչ եմ անում հանկարծ այդպիսի սխալ չանել եւ չգնալ ինչ-որ գործարքների ՔՊ-ի հետ: Կարծում եմ` այս նշանակալի հաղթանակից հետո` Սամվել Բալասանյանն այնքան իմաստուն եւ փորձառու է, որ չի հուղարկավորի իր քաղաքական ապագան եւ, ինչու ոչ, մարդկային հարգանքն իր ընտրողների մոտ:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ