
«ՆԻԿՈԼԸ ԳՆԱՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ, ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՔՊ-Ն ՁԱՅՆ ՉԷՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ»
ՏԻՄ ընտրություններում ընդդիմության արձանագրած հաջողությունների եւ իշխանության ձախողումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
– Ինչպե՞ս կգնահատեք այն, որ թեպետ տեղի ունեցան տոտալ ճնշումներ, բայց, այդուհանդերձ, Գորիսում հաղթեց ընդդիմադիր «Առուշանյան» դաշինքը:
– Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի հովանավորյալը կամ պաշտպանյալն է հաղթել` նախ շնորհավորում եմ բոլոր ընտրված թեկնածուներին` ելնելով այն կանխավարկածից, որ ընտրություններն անցել են արդար եւ թափանցիկ: Իհարկե, չեմ թաքցնի իմ առանձնակի գոհունակությունը` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ընտրվելու կապակցությամբ: Ինքս մեկ շաբաթ առաջ կոչով էի հանդես եկել եւ խնդրել էի, որ ովքեր ինձ հավատում են, ընդունում են իմ գաղափարները, իրենց ձայնը տան Առուշ Առուշանյանին: Նա իր օրինակով ապացուցեց, որ բանտված առյուծը միշտ էլ ավելի զորեղ է, քան ազատության մեջ վխտացող բորենիները: Սա ամեն մարդ չէր կարող անել, ուրեմն` ինչքան պետք է հարգանք ունենաս, ժողովրդի կողմից ընդունված լինես, որ դու քարոզարշավին մասնակցես բացահայտ անհավասար պայմաններում` լինելով անազատության մեջ: Պատկերացնո՞ւմ եք, ոչ թե ոտքդ էր ցավում այդ օրը` չես կարողացել գնալ քարոզարշավի, կամ ինքնազգացողությունդ այն չէր, այլ դու ազատազրկված մարդ ես, եւ այդ վիճակով կրկնակի ձայներ ես կարողանում ապահովել քո օգտին` ունենալով ժողովրդի վստահությունը: Իհարկե, այլ խնդիր է, թե ինձ համար ինչքանով է օրինաչափ, որ ՔՊ-ն 3 հազարից ավել ձայն հավաքեց նույն Գորիսում: Կարծում եմ` սա էլ էր շատ իրենց համար:
– Ի՞նչ կասեք այն մասին, որ կան տեսակետներ, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց այս նախընտրական քարոզարշավին, դրա համար էլ «Քաղաքացիական պայմանագիրը» չհաղթեց:
– Ճիշտ հակառակը, որ Նիկոլը գնար քարոզարշավի, ընդհանրապես ՔՊ-ն ձայն չէր հավաքելու: Ինքը լավ գիտի, որ ընդհանրապես հայոց աշխարհը, այդ թվում եւ հատկապես Սյունյաց աշխարհն իրեն ինչպես է ընդունում: Դրա համար էլ միտումնավոր չէր գնացել:
– Բայց չէ՞ որ ընդամենն ամիսներ առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններին նույն Սյունիքում Նիկոլ Փաշինյանի «մուրճային» քարոզարշավը տվեց իր արդյունքը:
– Այնպես չէ, որ նրանք մուրճ չեն գործադրել նաեւ այս ընտրություններում: Եկեք սա չհասկանանք միայն հենց բուն մուրճը ձեռքին քարոզարշավ իրականացնելը: Մուրճ չէր, բա ի՞նչ էր կարմիր գլխարկների հարյուր-հազարավոր կազմի առկայությունը Գորիսում (նկատի ունի կարմիր բերետավորներին, - հեղինակ): Ինչի՞ համար էր սա, ոստիկանության ուժերը պետական ռեսուրս են, ո՞վ է թույլ տվել այդ ռեսուրսն օգտագործել ոչ նպատակային նշանակությամբ: Ի՞նչ գործ ունի կարմիր գլխարկը Գորիսում, այնտեղ ոստիկան չկա՞ր: Եթե այնտեղ հասարակական կարգի պահպանման խնդիր կար, չկա՞ Սյունիքի մարզում ոստիկանություն: Այսինքն` սա հասարակության մեջ վախի մթնոլորտ հարուցելու փորձ էր, որն ի պատիվ իմ կողմից շատ հարգված գորիսեցիների` ավարտվեց այդ փորձը կատարողների լիակատար խայտառակությամբ եւ ձախողումով:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ