• am
  • ru
  • en
Версия для печати
19.10.2021

ՆԻԿՈԼ-ԱԼԻԵՎ ԴԱՇԻՆՔԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԿԻ՞ԶԲԸ

   

Կիրակին հաճելի անակընկալներ բերեց` կապիտուլյանտի թիմը պարտվեց Գյումրի, Գորիս եւ Մեղրի քաղաքներում: Պարտվեց, չնայած կարխրագույն ոստիկանական եւ վարչական լծակների կիրառեմանը եւ «սոցիալական աջակցության» անվան տակ 50 հազարական դրամ փաստացի ընտրակաշառք բաժանելուն: Կապիտուլյանտն իշխանություն չունի նաեւ մայրաքաղաքում` երբեմնի հավատարիմ Հայկ Մարությանն այժմ անհաղթահարելի հակասություններ ունի Նիկոլի հետ եւ երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած` հրաժարվում է հեռանալ: Հետհաշվարկի սկի՞զբ... սակայն քաղաքացիները Ֆեյսբուքում դառնորեն կատակում են. «Շատ մի ուրախացեք, հիմա Գորիսը GPS-ով կհանձնի Ադրբեջանին, իսկ Գյումրին Ալեքսանդրոպոլի պայմանագրով` Թուրքիային»:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Կատակը` կատակ, սակայն առկա է փաստ` հողատուն Կապանի մերձակայկում հերթական բարձունքն է նվիրել թշնամուն: Պատգամավոր Աննա Գրիգորյանն ու Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն ահազանգում են, որ թշնամու ձեռքում է հայտնվել Փելա բարձունքը: Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանի խոսքով. «Այդ բարձունքը մի վայրում է, որի վրա կանգնելը թշնամուն կտա անասելի մեծ ռազմավարական առավելություն` թիրախավորելով առնվազն 6 հայկական բնակավայր, վերահսկողության տակ վերցնելով ՀՀ մի շարք ճանապարհներ: Կարեւոր է իմանալ, որ այդ բարձունքը ԽՍՀՄ տարիներին եղել է ՀՀ կազմում»:

Այսինքն` նորանոր դավադիր քայլերի ռիսկն առկա է, ու քանի որ Գեբելսին վաղուց գերազանցած պրոֆեսիոնալ մանիպուլյատորը որոշ հաջողություններ ունի 44-օրյա «խոսացված» պատերազմը «նախկինների» գրպանը գցելու հարցում, ապա չպետք է բացառել, որ հերթական հողատվությունները կարող է փորձել գցել իրեն կրկին «սյունյաց ողջույններ» հղած Սյունյաց ըմբոստ քաղաքապետերի գրպանը... Բայց այնուամենայնիվ, փաստենք` այս կիրակի բացահայտվեց նրա «ռեյտինգի» եւ «ժողովրդական վստահության» փուչ միֆը, եւ պարզ դարձավ, թե իրականում քանի տոկոս քվե նա ունի: Ընդ որում, Գյումրիում նա պարտվեց ընտրողների ռեկորդային ցածր մասնակցության պայմաններում, ինչն ինքնին ենթադրում է գրեթե իդեալական միջավայր վարչական ռեսուրս կիրառելու համար: Այսինքն` պարզ է դառնում, որ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի ստացած թվերը նկարած են: Ի հարկե, իր դերը խաղաց նաեւ այն, որ ՏԻՄ ընտրություններում, ի տարբերություն ԱԺ ընտրությունները, չկար բազում քվե փոշիացնող կեղծ ընդդիմադիր կուսակցությունների գործոնը: Հարկ է հիշատակել նաեւ բժիշկ, հասարակական գործիչ Գեւորգ Գրիգորյանի նկատառումը` Նիկոլի վստահության ցուցանիշը գործնականում հավասար է ԱԺ ընտրություններից հետո պատվաստված քաղաքացիների քանակին, այսինքն` 13%-ի կարգի է: Ռեֆորմիստներ կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանն արձանագրում է.

«Կարեւորը հայրենասեր մարդկանց մոտ հույս առաջացավ: Վերջին ամիսներին, հատկապես արտահերթ ԱԺ ընտրություններից հետո մեր երկրի հայրենասեր հատվածի մոտ տիրում էր մեծ հիասթափություն եւ հավատ չկար, որ տեսանելի ապագայում կապիտուլյացիոն ռեժիմին հնարավոր կլինի հաղթել: Երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները իրոք հուսադրող են եւ առաջիկայում ՔՊ երեկվա պարտությունները կտան իրենց լուրջ ռեզոնանսը»: Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ անդրադառնում է այն հանգամանքին, որ կապիտուլյանտն անձամբ չի մասնակցել ՏԻՄ ընտրությունների քարոզչությանը, թեեւ ամռանը հոխորտում էր, որ անհնազանդ համայնքապետերից կխլի լծակները. «ՏԻՄ ընտրությունների ամենակարեւոր իրադարձությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ չգնաց քարոզարշավի, չխառնվեց ընտրություններին: Իհարկե, եղել են բազմաթիվ խախտումներ` փող բաժանել, ոստիկաններ, բռնություն եւ այլն, բայց դրանք արդեն ավտոմատի վրա դրած երեւույթներ են` տարբեր իշխանիկներ պարզապես իրենց պարտքն են համարում ընտրախախտումներ անելը: Մինչդեռ Նիկոլը, ամիսներ առաջ հայտարարելով տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու հերթական փորձի մասին, անձամբ չմասնակցեց այս գրոհին: Դա կարող է նշանակել երկու բան. կամ Նիկոլը հասկանում է իր իրական ռեյտինգը եւ ընդունում, որ իր երեւալը Գյումրիում կամ Գորիսում ավելի կվնասեր արդյունքներին, կամ երկրում իրական վիճակը չափազանց տագնապալի է, եւ Նիկոլի համար արդեն երկրորդական-երրորդական նշանակություն ունեն ՏԻՄ մարմինները` համեմատած գլոբալ աղետի հետ, որի հանդեպ այժմ կանգնած է երկիրը»:

ՎԻՐԱՎՈՐ ՀՐԵՇԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԾԿՈՒՄՆԵՐԸ

Գլոբալ աղետի ռիսկն, անշուշտ, աշխարհաքաղաքական է` խոշոր խաղացողների շահերի բախման կիզակետում ենք: Բայց դա նաեւ արագացնում է այն, ինչ արտահայտել է Սերժ Սարգսյանն իր «Ծաղկաձորյան թեզերում»` Նիկոլն անխուսափելիորեն պետք է խաբի «ոչ միաբեւեռ խաղացողներից» որեւէ մեկին եւ արդյունքում զրկվի միջազգային փաստացի հովանավորությունից: Իսկ դա մեծացնում է կապիտուլյանտական բոլուկին իշխանությունից զրկելու եւ դրանով միգուցե հետագա կորուստները կանգնեցնելու կամ գոնե նվազեցնելու շանսերը: «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանն արձանագրում է. «ՏԻՄ ընտրություններում իշխանությունը պարտվեց, փոխարենը ընդդիմադիր հիմնական ուժերը չհաղթեցին: Հայաստանում քաղաքականությունը, որ վաղուց է մահացել` գաղտնիք չէ, բայց որ նիկոլիզմը վերջին մի քանի ամսում ահագին նահանջեց` նորություն էր: Նիկոլիզմը ոչ հեռու ապագայում անկասկած սատկելու է, չի մահանալու»: Սատկելու գործընթացը` քաղաքական կյանքի լճացման ֆոնին ինքնին ռիսկեր է գեներացնում հանրության համար: Այսպես, ռիսկերից մեկը այն հսկայական վնասն է, որ հասցնում է քաղաքացիներին եւ բիզնեսին կորոնաՓաշիզմը` համավարակի դեմ պայքարի պատրվակով իրագործվող բիրտ հարկադրանքը, ընդ որում` ամեն օր անկանխատեսելիորեն փոխվող կանոններով: Եթե անգամ մի կողմ դնենք արդեն իսկ գեներացված գործատու-աշխատողներ լարվածությունը, ապա ինքնին այն փաստը, որ տասնյակ, եթե ոչ հարյուր հզարավոր մարդիկ լցված են իրար գլխի ՊՇՌ թեստերի եւ պատվաստումների հերթերում, հղի է շատ լուրջ վարակաբանական ռիսկերով, ընդ որում ոչ միայն չարչրկված քովիդի գծով, որի ցուցանիշներն այդ պատճառով մինչեւ ամսվա վերջ կարող են հասնել 5000 վարակվածների... Էլ չասած` զանգվածային սթրեսի ծանր ու դժվարհաշվարկելի հետեւանքները: Իսկ խունտայի հաջորդ ջղակծկումը լրատվամիջոցների դեմ նոր դրակոնյան սահմանափակումների փորձն է, որն անշուշտ կհասցնի դառնալ օրենք: Այսպես, ներկայացված է երկու նախագիծ` «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխության նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախագիծ, որով արդեն լրագրողների ու ԶԼՄ-ների համար տուգանքներն ու պատժամիջոցներն են սահմանվում: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով ՔՊ-ական պատգամավորները օրենքի մի շարք հոդվածներում նոր կետեր են ավելացրել, որով լրացուցիչ բարդություններ են առաջացնում ԶԼՄ-ների համար: Օրինակ` առաջարկել են օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր` 5-րդ կետով, հետեւյալ խմբագրությամբ. «5) չնույնականացվող աղբյուր` համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»:

Դեպի «սատկելը» գնացող խունտան ձգտում է խեղդել ցանկացած չվերահսկվող տեղեկատվություն, եւ ճիշտն ասած, առանձնապես չենք զարմանա, եթե ԶԼՄ-ներին, քաղհասարակությանն ու ընդդիմությանը արդյունավետ ճնշելու նպատակով սրանք որեւէ պատրվակով արտակարգ դրություն մտցնեն: Հիմա թեւակոխել ենք վտանգներով, բայցեւ` հնարավորություններով լի շրջան:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ