
«ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԱՆԴԵՑ ՄԵՐ ՏՈՒՆԸ»
Արցախյան երեք պատերազմների մասնակից, սփյուռքահայ ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, լավ մշակված ծրագիր է: Ըստ նրա` Արեւմուտքն իրականացնում է այն, ինչ տարիներով հետապնդում էր` սկսած Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուց մինչեւ Արցախի կորուստ: Իսկ հիմա ակնհայտ է դառնում, թե որն է լինելու այս պատմության, այսպես ասած, երկրորդ հատորը:
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՏՎԻ ՊԵՍ ՆՍՏԵԼ Է ՄԿԱՆ ԾԱԿԻՆ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ Է ՕՐԸ ԳԱ, ԹԱԹԸ ԴՆԻ»
– Պարոն Աճեմյան, եթե այդ ծրագրի մաս է նաեւ իրանա-ադրբեջանական լարվածությունը, ապա ի՞նչ հետեւանքներ այն կունենա մեզ համար:
– Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն միշտ մտածել է, թե ինչպես ներքին խլրտումներ առաջացնի Իրանում: Փորձել են օգտագործել Իրանում գտնվող հրեական փոքրաթիվ համայնքին, ինչը չի հաջողվել, հետո սկսեցին ավելի լայնածավալ միջոցներ կիրառել, ինչպես, օրինակ, Իրանի հարավում տեղի ունեցած ցույցերն էին եւ այլն: ԱՄՆ-ի, Իսրայելի ու արեւմտյան ուժերի նպատակն էր Իրանի ներսում էթնիկ խնդիրներ առաջացնել: Իրանի շուրջբոլորն այսօր ՆԱՏՕ-ական ռազմաբազաներ են, եւ ամեն տեղ ԱՄՆ-ն ունի իր կուտակած զորքը եւ միակ թույլ տեղը` վերջնական շրջափակման մեջ առնելու եւ այդտեղ էլ ռազմական բազաներ դնելու Հյուսիսային Իրանն է, այսինքն` մեկը Ադրբեջանի կողմից, մյուսը` Հայաստանի: Մեր անկախությունից մինչեւ այսօր Իրանը հանգիստ էր, որովհետեւ նույնիսկ 90-ականներին, երբ ամերիկացիները Հայաստանի վրա փորձեցին ճնշում գործադրել, թե աշխարհը որոշել է շրջափակման մեջ դնել Իրանին, այդ ժամանակվա հայաստանյան իշխանությունը կարողացան բացատրել, որ առանց Իրանի, մենք մեռած ենք: Սա ամերիկացիներն ընդունեցին եւ ասացին` չենք խանգարի, շարունակեք ձեր առեւտուրը, որովհետեւ ձեր ապրելու միակ ձեւն է: Իրանը նաեւ հանգիստ էր, որ Հայաստանն Իսրայելի հետ լավ չէ, իսկ իր հետ լավ է, հետեւաբար մեր երկրից վտանգ չկար, իսկ Ադրբեջանը պարտված կողմ էր: Մինչդեռ ամեն ինչ փոխվեց, Ադրբեջանը սկսեց զենք-զինամթերք կուտակել ու հարաբերություններ ստեղծել Իսրայելի հետ: Ադրբեջանից հանեցին անգամ ռուսական որոշակի սարքավորումները եւ բերեցին հրեականը: Հրեական զինվորական մասնագետների գաղտնի լրտեսական խումբ կար Ադրբեջանում, եւ Իսրայելի ներկայությունն այնտեղ գնալով ուժեղացավ: Ամեն ինչ չէ, որ կարող եմ բարձրաձայնել, որովհետեւ մեզ էլ են հետեւում, բայց միայն նշեմ, որ Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներ լավ հարաբերություններ ունեին իրանական իշխանությունների հետ, եւ կային շատ տարբեր համաձայնություններ, որ եթե սրվի իրավիճակը, ինչ պետք է անենք: Դրանցից մեկն այն էր, որ եթե հանկարծ ԱՄՆ-ն Իրանին խփի, ըստ անհրաժեշտության, որոշակի գաղթականներ հյուսիսային մասով պետք է մտնեին Կովսականի կողմերը: Իսկ Արցախը ժամանակավոր տեղավորելու էր մինչեւ կես միլիոն իրանցի գաղթականների: Արցախյան պատերազմը նաեւ այս ծրագրի վիժեցման դեմ էր, ինչից տեղյակ էր իսրայելական լրտեսությունը:
– Կարծում եք` հաջորդ քայլը լինելու է այն, որ ամեն կերպ փորձելու են ՆԱՏՕ-ական ռազմաբազանե՞ր տեղակայել, որը կգործի ընդդեմ Իրանի:
– Արդեն Ջրականում Թուրքիան որոշել է ռազմաբազա դնել, ինչը հենց ՆԱՏՕ-ական է լինելու: Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվելուց 5-6 շաբաթ առաջ, երբ նստած էր Երկրապահի տարածքային պատասխանատուների հետ, ասաց. «Ես չեմ հասկանում` ուզում են Հայաստանի մեջ բազա դնել ամերիկացիները, որ խփե՞ն Իրանին»: Նա մի բան գիտեր, որ գլխին սարքեցին: Այս ամենը շատ վտանգավոր է, որովհետեւ եթե Իրանի հյուսիսում կարողացան ճեղքել սահմանը, Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիներին զինելու են: ԱՄՆ-ն հույս ունի Իրանի հարցում հաջողության հասնել հյուսիսային սահմանից: Իսկ Ադրբեջանի ախորժակը բացվել է, Ալիեւն իրեն երեւակայում է հզոր պետության ղեկավար, որի հետեւում Պակիստանն է, Թուրքիան, ԱՄՆ-ն, Իսրայելը, բայց իրականում ամբողջ Ադրբեջանն ընդամենը գործիք է: Արցախի հարավային մասը վերցրին եւ այդտեղից հայերին հանեցին դուրս, որպեսզի վաղը այդ երկար սահմանով պատերազմ լինի: Այս ամենը պլանավորված է եւ հիմա ջրի երես է դուրս գալիս: Իհարկե, այս ամենն Իրանը չի ընդունելու եւ ուժեղ հարված է հասցնելու եւ այդ դեպքում` պատերազմի մեջ կներքաշվի Թուրքիան: Եթե Իրանը խփի Ադրբեջանին ու մի 50 կմ առաջ գնա, Թուրքիան էլ Նախիջեւանի խնդիրն է առաջ քաշելու, որը առիթ կդառնա, որպեսզի թուրքն ու իրանցին բախվեն` Սյունիքը դարձնելով կռվի թատերաբեմ: ԱՄՆ-ն ինչ էլ անի այս տարածաշրջանում, միայնակ չի անելու, այլ` թուրքերի ձեռքով: Այստեղ հարցն այն է, թե Ռուսաստանը, այս ամենն իմանալով, ո՞ր օրվան է սպասում: Ինձ թվում է` Ռուսաստանը կատվի պես մկան ծակին նստել է, եւ սպասում է օրը գա, թաթը դնի ու բռնի մկանը:
«ԵԹԵ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՍՈՎ Է ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ»
– Այս իրավիճակում ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը, թե՞ մեր «գնացքն արդեն գնացել է» եւ ժամանակին պետք է մտածեինք հնարավոր վտանգների մասին:
– Դեռ տարիներ առաջ էի ասում` ժողովո՛ւրդ, խելոք մնացեք, քիչ գանգատվեք ու ապուշ-ապուշ խոսեք, մի հատ նայե՛ք չորս կողմերդ ինչ է կատարվում, տարածաշրջանը եռացող կաթսա է դարձել: Բայց չլսեցին, միայն մտածում էին երկիրը թուլացնելու մասին ու իրենց նպատակին հասան: Արցախը հանձնելով` այսօր Իրանի դեմ կռվի սահմանն էլ է ընդլայնվել: Թուրքական եւ ադրբեջանական մամուլն արդեն գրում է, թե շուտով իրանցիներին կհաղթեն եւ կմիացնեն Հյուսիսային Իրանն Ադրբեջանին: Իսկ Իրանում հեգնանքով են վերաբերում դրան, թե ավելի շուտ ամբողջ Ադրբեջանը կմիանա Իրանին: Ստացվեց այնպես, որ այս ծրագրում Ադրբեջանին օգտագործեցին` որպես գործիք, իսկ Հայաստանին` որպես փական:
– Ի դեպ, իրանական մամուլը բավական լուրջ մեղադրանքներ է հնչեցնում նաեւ հայաստանյան իշխանությունների հասցեին: Ի՞նչ է փոխվել Իրանի զգուշավոր դիվանագիտության մեջ:
– Նախ չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Թելավիվում բացեցին դեսպանատուն, ինչից արդեն իսկ իրանական քաղաքական մեկնաբանները որոշակի հետեւություններ արել էին: Իսկ այսօր նրանք ուղղակի ասում են` արեւմտամետ Նիկոլ Փաշինյանը քանդեց մեր տունը: Չէ որ ժամանակին նա ցանկանում էր ՆԱՏՕ մտնել եւ մինչեւ այսօր էլ այդ ախորժակն ունի: Վրաստանն էլ էր այդ ուղիով գնում ու կորցրեց Աբխազիան ու Օսեթիան, իսկ արեւմտամետ հայաստանյան իշխանությունը կորցրեց Արցախի 70 տոկոսը: Սրանով մեզ պատժեցին...
– Ստացվում է, որ հիմա Հայաստանը ոչինչ անել չի՞ կարող ու սպասելու ենք, որ Իրա՞նը մեզ փրկի:
– Միջազգային քաղաքական մեկնաբաններն ասում են, որ Հայաստանը սարսափելի վիճակում է եւ ի վիճակի չէ որեւէ ռազմական քայլի դիմել: Հնարավոր բախումները մեր քթի տակ են, իսկ Հայաստանում դեռ ամենօրյա զավզակությամբ են զբաղված, թե Նիկոլի Մարիամիկն ու Աշոտիկն այսպես արեցին, թե` այնպես, զբաղեցնում են ժողովրդին պատվաստում-մատվաստումներով ու այլ ապուշ թեմաներով: Մինչդեռ եթե մեծ պատերազմ լինի, Ստեփանակերտը սով է դիմակայելու, որովհետեւ Իրանից եկող ճանապարհը ամբողջովին փակելու են: Կարող է ստացվի այնպես, որ ոչ մի ուտելիք չմտնի Արցախ, Հայաստանն էլ չկարողանա ուղարկել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվելու: Այս ամենը խաղալիք չէ եւ հաջորդ իրադարձությունների հետեւանքները կարող են շատ ավելի ծանր լինել, քան արցախյան 44-օրյա պատերազմն էր: Հուսանք` արագ կլինի ու կվերջանա այդ ամենը, երկար չի տեւի: Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ Իրանը ներխուժի եւ հասնի մինչեւ Ստեփանակերտ ու Սյունիք: Եթե պատերազմ եղավ, իր ապահովության համար կարող է մտնել, միեւնույնն է, տեր ու տիրական չունի Հայաստանը: Իրանը կարող է մի հեռախոսազանգ անել Պուտինին եւ ասել` չենք գրավում Հայաստանը, բայց մտնում ենք, որ մեզ համար ապահովության գոտի ստեղծենք:
– Ըստ Ձեզ` իրադարձությունների նման զարգացման դեպքում` ի՞նչ ենք կորցնելու կամ շահելու:
– Հաստատ մեզ զենք են տալու, միանշանակ Փաշինյանի իշխանությունը վերջանալու է, Արեւմուտքի ոտքը մեր տարածաշրջանից կտրելու են: Ռուսաստանը չի թողնելու, որ Թուրքիան ու Իսրայելը Իրանին հաղթեն ու իրենց ոտքն ամրացնեն Կովկասում: Որովհետեւ, երբ իրենց ոտքը կամրացնեն վերջնական, կնշանակի Ռուսաստանի վտարում այս տարածաշրջանից եւ ամբողջ Միջին Արեւելքից: ՌԴ-ն կարող է մնալ միայն Սիրիայում: Սա մեծ խաղ է, որի վերջին էջը շուտով կկարդանք:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ