• am
  • ru
  • en
Версия для печати
14.10.2021

ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՀՈՒՊ ԶՈՐՔԵՐԸ ՄՏՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ԹՈՒՅԼ ՉՏԱ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՈՒՄԸ. քաղտեխնոլոգ

   

Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումը բավականին փակ էր: Այն ուներ նաև առանձին հատված, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները ճաշել են: Կարևոր է, թե այդ ընթացքում ինչ են քննարկել, միգուցե ինչ-որ բան արդեն որոշել են, որը կարող է իրականություն դառնալ որոշ ժամանակ անց: Երբ հանդիպման մասին տեղեկատվական արտահոսք լինի, այդ ժամանակ կարող ենք ասել՝ այս հանդիպման չերևացող կողմը որն է եղել:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը:

ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված:

Նկատենք, որ մինչ այս եղած միջազգային կարևորագույն հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը խուսափում էր ԼՂ հակամարտության մասին կտրուկ և միանշանակ հայտարարություններ անելուց, հիմնավորելով, որ կվնասի բանակցային գործընթացին:

Թե ինչու՞ հենց այս անգամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության չլուծված լինելու փաստին, ըստ քաղտեխնոլոգի, այդ հայտարարությունն արվել է ռուսական կողմի պահանջով

«Միգուցե Ռուսաստանում իրեն բացատրեցին, որ պետք չէ Ղարաբաղյան հակամարտության ավարտի մասին հայտարարություններ անել, քանի որ դա չի բխում ռուսական կողմի շահերից: Եթե հակամարտությունը լուծված չէ, ապա ռուսական զորքերի ներկայությունը Ղարաբաղում հիմնավորված է, իսկ հակառակ դեպքում խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում դառնում է անիմաստ:Ռուսաստանին պետք է եղել, որ Հայաստանի վարչապետը նման հայտարարություն անի, Հայաստանի վարչապետն էլ արել է, հանդիպման ժամանակ մենք վարչապետի կողմից քծնանքի բազմաթիվ պահեր տեսանք: Հայաստանի վարչապետը լավ էլ հասկանում է, որ իր աթոռը պահելու համար պետք է ենթարկվի Ռուսաստանին, ուրեմն ենթարկվում է, և ասում է բոլոր այն մտքերը, որը ձեռք է տալիս Ռուսաստանին», – ասաց Արմեն Բադալյանը:

Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և արձանագրեց, որ տարածաշրջանում ուժերի վերջնական դասավորություն դեռևս չի եղել, դրա համար էլ բավականին բուռն իրադարձություններ են տեղի ունենում.

«Իրանը, մասնավորապես, դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը՝ընդհուպ պատրաստ է զորքերը մտցնել Հայաստան, որպեսզի թույլ չտա Զանգեզուրի միջանցքի բացում: Ադրբեջանը և Թուրքիան պահանջում են Զանգեզուրյան միջանցքը, որը ձեռք է տալիս Արևմուտքին, քանի որ Թուրքիան այդ միջանցքի միջոցով կապվում է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև՝ ամբողջ թուրքական աշխարհի հետ, այսինքն դուրս է գալիս ՝ Մեծ թուրանական աշխարհ: Մի հարց է՝ դա ձեռք կտա Թուրքիայի տնտեսությանը, թե՝ ոչ, բայց Թուրքիայի ազդեցությունը կամրապնդվի տարածաշրջանում , եթե Զանգեզուրյան միջանցքն իրենը լինի, իսկ դա նշանակում է ձեռնոց նետել Ռուսաստանին և Չինաստանին», – ասաց քաղտեխնոլոգը:

Փորձագետի արձանագրմամբ՝ Իրանն այս պահին ավելի շահագրգռված է Զանգեզուրյան միջանցքի բացումը թույլ չտալու հարցում, քան՝ Հայաստանի իշխանությունները, որոնք՝ ի հեճուկս իրանական կողմի դիմադրության, այս հարցում պատրաստ են անգամ զիջումների.

«Իրանը սպառնացել է Հայաստանին, որ եթե միջանցք տրամադրի, ապա ինքը զորքերը կմտցնի, որովհետև Հայաստանն այն տարածքն է, որի միջոցով Իրանը կապվում է Սև ծովին և եվրոպական երկրների հետ:

Հայկական իշխանությունները որոշ դեպքերում պատրաստ են նաև զիջումների, եթե Թուրքիան համաձայնի բացել իր սահմանները, իրենք կբացեն միջանցքն ամբողջովին: Բայց այս դեպքում իրանական զորքերը մտնեն Հայաստան», – ասաց զրուցակիցը և հիմնավորեց, որ սա պայմանավորված է տարածաշրջանում Իսրայելի ակտիվացմամբ, որն արդեն որոշակի ներկայություն ունի Իրանի հյուսիսային սահմաններում,ինչն էլ Իրանին դուր չի գալիս:

Այս ամենի ֆոնին պատմության մեջ առաջին անգամ Հայաստան այցելեց Հնդկաստանի ԱԳ նախարարը, Հնդկաստանի տարբեր պաշտոնյաներ ևս մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություններ են անում:

Թե՞ որն է Հնդկաստանի շահագրգռվածությունը Անդրկովկասում տեղի ունեցող գործընթացներում, Արմեն Բադալյանը պատասխանեց.

«Հնդկաստանին նույնպես ձեռք է տալիս, որ այստեղ սահմանն անխախտ լինի, որպեսզի իր առևտրային ճանապարհների մի մասն էլ Հայաստանով, Վրաստանով Սև ծովով անցնի դեպի Եվրոպա: Բայց այդքան ճակատագրական չէ Հնդկաստանի համար Զանգեզուրի միջանցքը, որքան ՝ Իրանի համար»:

www.pastinfo.am


դեպի ետ