• am
  • ru
  • en
Версия для печати
10.10.2021

«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է` ՈՐՔԱՆ ԼՌՈՒՄ Է, ԱՅՆՔԱՆ ՈՂՋ ԿՄՆԱ»

   

ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Այսօրվա դրությամբ` երկուսն էլ կալանավորված են, սակայն, հատկանշական է այն, որ դեռ մեկ տարի առաջ էր «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում բարձրաձայնում ռազմամթերքի մատակարարման գործընթացում լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու մասին, բայց գործ հարուցվեց միայն հիմա: Մեկ տարի անց արդեն հարուցված քրգործի վերաբերյալ զրուցեցինք Ա. Ամարյանի հետ:

«ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է` ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԽԱՂԻՑ ՀԱՆԵԼ»

– Պարոն Ամարյան, «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ի՞նչ կասեք այս մասին:

– «Պատրոն Դավիթն» ընդամենը միջնորդ է, որը կատարում է իր պարտականությունները: Չե՞ք կարծում, որ տարբերակ է, օրինակ, մեկն ատկատով զենք գնի: Պայմանագրով Դավիթն ասեր, որ իրեն փոխանցեն 100 մլն, բայց իրեն ասեին` փոխանցում ենք 150 միլիոն, 50-ը` ատկատն է: Սա իրեն արդեն չի վերաբերում, ինքն իր ուզած գումարի տերն է: Այս գործում ռուսի ասած` Դավիթ Գալստյանը դարձավ «կռայնին»: Նա բիզնեսներ ունի տարբեր երկրներում ( Ուկրաինա, Ղազախստան) եւ իր եկամուտներն այնքան է, որ կարող էր առանց գումար հափշտակելու իր ուզածն անել: Ավելին` ինչքան գիտեմ, բավական հայրենասեր անձնավորություն է եւ դիտավորյալ «բռակ» զինամթերք չէր բերի Հայաստան: Խնդիրն այն է, թե որտեղից է այդ «բռակը» հայտնվել: Այս առումով` ինչո՞ւ չենք մտածում, որ կարող է Դավիթը բերել է նորմալը, Պաշտպանության նախարարության պահեստում փոխել են եւ նորմալը վաճառել ուրիշ տեղ: Իհարկե, սա հիմնավորելն ու ապացուցելը դժվար կլինի հիմա: Ինչեւէ, այս ամենի նպատակը մեկն է` Դավիթ Գալստյանին խաղից հանել:

– Ինչո՞ւ:

– Դավիթ Գալստյանի կազմակերպությունն արդեն սպառված են համարում եւ իր տեղն արդեն ուրիշին են գտել: Դեռեւս ապրիլին արդեն գրանցվել է նման մի կազմակերպություն:

– 44-օրյա պատերազմի ընթացքում Դավիթ Գալստյանն ու Դավիթ Տոնոյանը կանգնած էին Նիկոլ Փաշինյանի կողքին: Կարծում եք` նրանք հիմա էլ պետք չե՞ն իշխանությանը:

– Բազմիցս արաբական, իտալական, ռուսական եւ հայկական մամուլում գրվել է, որ Դավիթ Տոնոյանը կապ ունի ամերիկացիների հետ: Եվ եթե այս քրեական գործը կապ ունի «բռակ» զինամթերքի հետ, ուրեմն` գուցե պետք է շատ ավելի խորն ուսումնասիրել: Հարցեր են ծագում` արդյոք այս գործը պետք է սահմանափակվի միայն վերեւի օղակով, կամ եթե Դավիթ Տոնոյանը կապ ունի ամերիկացիների հետ, մի՞թե նրանք տեղյակ չէին, որ Հայաստանի հրթիռները կարող են եւ չպայթել: Այստեղ կա նաեւ պետական դավաճանության խնդիր, որովհետեւ եթե զինված ուժերի մատակարարումը խափանում են եւ խոչընդոտում, կարելի է գնահատել, որ «սաբոտաժի» հոդվածով: Այս հոդվածը ժամանակին հատուկ պետական վտանգավոր հանցագործությունների ցանկի մեջ էր, եւ դրանով զբաղվում էր Ազգային անվտանգությունը:

– Դավիթ Տոնոյանն այն մարդն է, ով տեղյակ է 44-օրյա պատերազմից, ամենայն մանրամասնությամբ, չե՞ք կարծում, որ եթե նա սկսի խոսել, ավելի վատ վիճակում կհայտնվեն նրա կալանավորումը վերեւներում «վճռողները»: Թե՞ հնարավոր է լինի պայմանավորված լռություն:

– Դավիթ Տոնոյանը լավ հասկանում է` որքան լռում է, այնքան ինքը ողջ կմնա: Ի վերջո, եթե մարդը կա, պրոբլեմը կա, եւ այն գնալով կարող է խորանալ, իսկ եթե մարդը չլինի, պրոբլեմը կվերանա: Սա հին խոսք է: Բոլորս հիշում ենք «Որոգայթ» ֆիլմը եւ «KA 7»-ի արխիվները, դրանք կարծես Վանո Սիրադեղյանի արխիվները լինեին, որտեղ բոլորի մասին ամեն ինչ կար: Սա մի օր իսկականից պայթելու է եւ դուրս է գալու ասպարեզ:

«ՀԵՆՑ ՍԿՍՎԵՑ ԼՈՒՐՋ ՊԱՅՔԱՐԸ` ԿՍԿՍՎԻ ՆԱԵՎ «ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ» ՊԱՅՔԱՐ»

– Ի՞նչ արխիվների մասին եք ակնարկում, ո՞ւմ ձեռքում է այն:

– Աստված գիտի, բայց հիշեցնեմ, որ Սիրադեղյանի մոտիկ շրջապատից գրեթե մարդ չի մնացել: Նավոյան Ռուբիկը 47 տարեկանում մահացավ Ֆրանսիայում, Մխիթարյան Սերգեյը, Մարգարյան Սասունը եւս մահացան, նույնիսկ Հայկ Հարությունյանն ու Արմեն Երիցյանը մահացան: Սիրադեղյանին շրջապատող մարդիկ հերթով մահացել են:

– Ձեր «այլաբանական» ակնարկից կարելի՞ է ենթադրել, որ շուտով քաղաքական դիմակներ են պատռվելու:

– Միանշանակ, արդեն իսկ «կոմպրոմատներ են» միմյանց վերաբերյալ հայտնվում: Գիտեք, ոչ մեկը հրեշտակ չէ ու չի կարող ասել, թե բան չունի անհանգստանալու: Այն մարդը, ով ունի հոգում կեղտ, այն իրեն ուղեկցելու է ողջ կյանքում:

– Իսկ ի՞նչ կասեք ներքաղաքական նոր դասավարությունների մասին: Օրինակ, Տիգրան Արզաքանցյանը մեկ այլ կուսակցությունում հայտնվեց, տարբեր ուժեր այսօր կրկին սկսել են հայտարարել, թե իրենք են ամենաուժեղ ընդդիմությունը:

– Պարզապես, քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչներին մի բան կցանկանամ, որ իրենց ժողովուրդը հավատա, ոչ թե վազի իրենց փողերի հետեւից: Եթե ժողովուրդն իրենց հավատաց, իրենք կհաղթեն, բայց այսօրվա դրությամբ` չեմ տեսնում այդ ուժին: Ցանկացած քաղաքական ղեկավարի մեջքի հետեւում երեւում են այլ ականջներ, եւ հենց սկսվեց լուրջ պայքարը` կսկսվի նաեւ «կոմպրոմատների» պայքար: Իսկ այս մասով ակտիվորեն հիմա տեղեկատվություն են հավաքում: Ընդ որում` մի քանի կառույցներ, մոտավորապես` տեղեկատվություն են հավաքում ֆիզիական անձանց, ԶԼՄ-ների եւ տեխնիկական միջոցներով: Ժողովուրդը մեղկ է, բայց, ինչ արած, ժողովրդին պետք է հաց եւ տեսարաններ, ու քանի որ հաց չկա, պետք է տեսարանները շատ լինեն, որ գոնե դրանով մխիթարվեն:

– Փաստորեն, ո՛չ ապագա կա, ո՛չ հո՞ւյս:

– Երբ գնում ես դեպի իշխանություն, թքած ունես ամեն ինչի վրա, նույնիսկ կարող ես մարդուն ոչնչացնել, միայն թե իշխանությունը տան:

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԽՈՐԺԱԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՈՒՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ»

– Ի դեպ, նոր օֆշորային սկանդալ է հասունանում: Ակնարկներ կան նաեւ, որ գործող իշխանության ներկայացուցիչների անուններ էլ են հնչելու առաջիկա բացահայտումների ժամանակ:

– Չեմ բացառում, օֆշորային փաթեթի մեջ մենք տեսանք միայն Միհրան Պողոսյանի անունը, բայց այնտեղ կան եւս 18-19 հոգի, որոնց վերաբերյալ ոչինչ չարվեց: Այս ամենում կա նաեւ զենքի վաճառքի պրոցեսը, որին պետք է ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է նոր բացահայտումներին, հիշեցնեմ, որ ով գալիս է իշխանության, ախորժակը բացվում է ուտելու ժամանակ: Չմոռանանք, ծխախոտի կանդրաբանդան եւ տարբեր այլ պրոցեսներ, որոնք այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտվեցին: Ու ոչ մեկն էլ չի բացայայտվելու, որովհետեւ իշանությունն իրենց ձեռքն է: Իրենք միշտ կփակեն այդ գործերը: Կոռուպցիան մի բան է, որը երբեք չես կարող վերացնել` այն պատճառով, որ ցանկություն չկա: Բայց եթե փորձեն ստալինյան մեթոդներով գործել, կնվազեցվի այն եւ կհասցվի մինիմալի: Այդ ժամանակ ժողովուրդը կարող է մի քիչ հանգիստ հարկային բեռից շնչել: Եթե մենք այսօրվա դրությամբ ասում ենք ` պետպատվերի գումար չունենք, բայց ունենք գումար, որ երկու անգամ ավել տալիս են պարգեւատրումների համար, կներեք, բայց հարցեր են առաջանում: Ի՞նչ է նշանակում շատ փող տանք պետական աշխատողին, որ չգողանա: Դատավորներն ինչքան շատացան, էլի նույն ձեւի կաշառք են վերցնում: Վերջին սկանդալները իրար վրա հենց այդ մասին է հուշում: Բանը հասել է նրան, որ դատավոր է բռնվում 600 դոլար կաշառքի համար, երբ իր աշխատավարձը երկու-երեք անգամ ավելի բարձր է:

– Բայց չէ՞ որ «նոր Հայաստանում» կառուպցիան ասում էին, թե վերացել է:

– Չի կարող վերանալ, պարզապես, եթե առաջ հազար դոլարով կարողանում էին հարցերը կարգավորել, հիմա պետք է լինի մինիմում 10-20 հազարով:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ