• am
  • ru
  • en
Версия для печати
07.10.2021

«ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՔՑԵԼՈՒ» է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԻՐԱՆԻՆ»

   

Տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրավիճակում հայաստանյան ներքաղաքական հնարավոր զարգացումների շուրջ, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:





«ՓՈՂՈՑՈՎ ԵՐԲԵՔ ԻՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»

– Այս օրերին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը կրկին օրվա իշխանության դեմ պայքարելու օրակարգն են առաջ մղում: Ըստ Ձեզ` ի՞նչ կարող է անել ընդդիմությունը` նոր փորձանքներին դիմակայելու համար:

– Ընդդիմության ձեռքը գործնականում որեւիցե լծակ չկա: Ազգային ժողովի որոշումների վրա չեն կարող ազդել, իշխանական խմբակցությունն ինչ որոշում ցանկանում է, անցկացնում է: Ընդդիմությունն ընդամենը քննադատող է, ինչպես մենք ենք քննադատում, բայց որոշումների վրա գործնականում չենք ազդում: Ասում են, որ փողոցով պետք է պայքարել, բայց ես մի քիչ թերահավատ եմ, որ արդյունավետ կլինի: Մեզ միշտ փորձել են իրականության տեղ ներկայացնել կեղծ իրականություն: Փողոցով երբեք իրական հեղափոխություններ չեն լինում: Այդ գունավոր կոչված «հեղափոխությունների» ժամանակ փողոցը վերջին էտապն է, որը ցուցադրում է, թե իբր ժողովրդի կամարտահայտմամբ իշխանությունը հրաժարական տվեց: Իրականում իշխանությունը մինչեւ մարդկանց փողոց իջնելն է արդեն իսկ հրաժարական տալիս, որովհետեւ հրաժարական է տալիս ոչ թե տվյալ երկրում իշխանափոխության ալիք բարձրացնողների պատճառով, այլ իշխանությունը հանձնում է այլ երկրներին, որոնք պարտադրում են հանձնել իշխանությունը: Եվ որպեսզի այդ պարտադրող երկրի կամ երկրների ականջներն այդ գործընթացում չերեւան, վերջում ժողովրդին հանում են փողոց եւ նրանց թվում է, թե իրենք, որ փողոցում էին, այդ ճնշման հետեւանքով իշխանությունը ստիպված հրաժարական տվեց: Երբ իշխանությունը դրսի ճնշումներին դիմակայում է, այդ ժամանակ է միայն սկսվում փողոցի ճնշումը, ինչպես եղավ 2008 թվականի մարտի 1-ին: Պարզապես, այն ժամանակ դրսի մեկ կամ մի քանի պետությունների ճշմանը կար նաեւ հակազդող դրսի այլ ճնշում, դրա համար իշխանությունը կարողացավ 2008-ին վիժեցնել գունավոր հեղափոխության փորձը: Ի դեպ, 2016 թվականին ՊՊԾ գունդ գրավելը եւս փորձ էր գունավոր հեղափոխության եւ միայն 2018-ին կարողացան հաջողել:

– Հաջողեցին, որովհետեւ կար արտաքին ուժերի համաշխարհային կոնսենսո՞ւս:

– Այո, կար ուժային կենտրոնների 100 տոկոսանոց կոնսենսուս, եւ դրա համար էլ իշխանությունը հանձնվեց: Կարող էր արյուն թափելով էլ հանձնվել: Օրինակ, հիշեք 2014 թվականին Ուկրաինայի դեպքերը, երբ իշխող վարչակազմը ստորագրեց, որ հանձնում է իշխանությունը ընդդիմությանը: Այդ ժամանակ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ` Յանուկովիչը հանձնեց իշխանությունը: Բայց քանի որ Ուկրաինան պատրաստվելու էր Ռուսաստանի դեմ պատերազմի, այն իշխանությունը, որը պետք է բերվեր, արյունով պետք է գար, որպեսզի, ինչպես ասում են, նահանջի տեղ չունենար: Եվ եթե ասեին` Ռուսաստանի դեմ դու պետք է պատերազմես, ստիպված աներ: Դրա համար անգամ իշխանությունը հանձնելուց հետո` իրենց արյունով բերեցին, չմոռանանք, որ հայտնի Մայդանը, որի ժամանակ զոհվեց մոտ 100 հոգի, տեղի ունեցավ այդ ստորագրումից հետո: Ի դեպ, երբ Յանուկովիչն ասաց, որ հանձնում է իշխանությունը, նրան ուզում էին ֆիզիկապես ոչնչացնել, եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փրկեցին նրան: Այնպես որ, փողոցային պայքարն իրականում իմիտացիայի համար է:

– Այդ դեպքում` եթե ոչ փողոցով, ապա ինչպե՞ս կարող է Հայաստանում իրավիճակ փոխվել:

– Հայաստանում կարող է իրավիճակ փոխվել, երբ տարածաշրջանում բավականին լուրջ զարգացումներ տեղի ունենան: Օրինակ` Փաշինյան Նիկոլը տարբեր ուժային կենտրոնների ինչ-որ բաներ է խոստացել, մեկին «այո» է ասել, մյուսին` «ոչ» նույն թեմայի վերաբերյալ: Եվ այդ հակասություններն այնքան մեծ են, որ հիմա այդ «այո» եւ «ոչ»-ի բախման կիզակետում ենք գտնվում: Եվ այն, ինչ հիմա կատարվում է Ադրբեջանի սահմանին, նաեւ դրա հետեւանքն է: Այն, ինչ ասում են` «Սյունիքի միջանցք», սա Իրանի համար կենաց-մահու հարց է: Սա Իրանն իր հնարավորությունների սահմանում թույլ չի տա, իսկ Ռուսաստանին պետք չէ այդ միջանցքը, մինչդեռ այն պետք է Թուրքիային, Ադրբեջանին, Իսրայելին, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին: Թե ում ինչ է Փաշինյան Նիկոլը խոստացել, կարելի է ենթադրություններ անել, բայց այն պահին, երբ ինքն անի քայլեր, որտեղ ուժային կենտրոններից մեկը կհասկանա, որ ուղղակի նա իր խոստացածը չի անում, խաբում է, այդ ժամանակ Փաշինյան Նիկոլը պատժվելու է:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՋ ՈՒ ՁԱԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏԱԼԻՍ, ԲԱՅՑ ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱՌԱԿՆ Է ԱՆՈՒՄ»

– ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ է ասում, որ արտաքին ուժերը միաբեւեռ չեն ու ուշադիր հետեւում են, թե «կապիտուլյանտն իրենցից ում կխաբի»: Ձեր կարծիքով` ո՞ւմ է, այսպես ասած, «քցելու» Նիկոլ Փաշինյանը:

– Կարծում եմ` Ռուսաստանին եւ Իրանին:

– Բայց Նիկոլ Փաշինյանն է հենց հայտարարում, որ «Հայաստանը երբեք ներքաշված չի եղել եւ երբեք չի ներքաշվի դավադրության մեջ` ընդդեմ Իրանի, որովհետեւ ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են»:

– Փաշինյան Նիկոլն անընդհատ աջ ու ձախ խոստումներ է տալիս, բայց տրամագծորեն իրականում հակառակն է անում: Երբ ասում է` Հայաստանը երբեք չի մոռանա, որ 90-ականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ, ճիշտ է ասում: Բայց երբ վստահեցնում է, որ «Հայաստանը երբեք չի ներքաշվի դավադրության մեջ` ընդդեմ Իրանի», ուրեմն` ամենայն հավանականությամբ` ունի պայմանավորվածություն, որ Իրանին, այսպես ասած, «քցելու է»: 21 կմ ճանապարհի սկիզբն ու վերջը փակվել է, եւ իրանական բեռներն այլեւս չես կարողանում ապրանք տեղափոխել, իսկ շրջանցող ճանապարհները պատրաստ չեն եւ մոտ ժամանակներս պատրաստ չեն էլ լինելու: Եվ եթե այս ամենին գումարենք ի հայտ եկած մի «նոր Աճառյանի» հայտարարությունը (խոսքը` ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին է), թե միջանցք ասելով` պետք է հասկանալ ճանապարհ, նշանակում է, որ այն, ամենայն հավանականությամբ, տալու են Ադրբեջանին: Առաջիկա հնարավոր հանդիպումն Ալիեւի հետ, որ պետք է տեղի ունենա, ի վերջո, ինչ-որ բան պետք է տրվի, եւ այն լինելու է ի վնաս մեզ, ինչը ի վնաս է նաեւ Իրանին ու սկզբունքորեն Ռուսաստանին:

– Ելք կա՞, թե՞ սպասելու ենք, որ հիմա էլ աշխարհը ինչ-որ վճիռ կայացնի մեր ապագայի վերաբերյալ:

– Ելք միշտ կա, անողներ են պետք: Անհնար վիճակներ սկզբունքորեն չկան: Պատերազմի արդյունքը մեկի հաղթանակն է, մյուսի պարտությունը, բայց մենք ամբողջովին չենք պարտվել, այլ այդ պարտության ճանապարհին ենք: Հիմա ելքն այն է, թե ինչքանով կա մեր ժողովրդի մեջ հավաքական գիտակցություն` առկա վտանգները զգալու: Եթե հավաքական գիտակցություն լինի, վստահաբար եմ ասում` այդ ժողովրդից նաեւ առաջնորդող խումբ եւ առաջնորդ էլ է ծնվելու: Բայց ոչ թե փողոց գեներացնելով, այլ այն պահին, երբ Փաշինյանը ուժային կենտրոններից ինչ-որ մեկին խաբի: Այդ ժամանակ խաբված կողմը կտեսնի, որ Հայաստանում կա առաջնորդ եւ հարյուր հազարներով մարդիկ, որոնք կանգնած են նրա կողքին, ու Հայաստանում կսկսվի նոր ներքաղաքական գործընթաց:

– Ինչը սարերի հետեւում չէ՞:

– Սկզբունքորեն` այո, հաշվի առնելով այն լարումները, որոնք կան Ադրբեջան-Իրան-Թուրքիա-Իսրայել, նաեւ Չինաստան շրջանակներում:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ