• am
  • ru
  • en
Версия для печати
07.10.2021

«ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ»

   

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի դիրքորոշման, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի եւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դաշտի վերակառուցման մասին զրուցեցինք Հայաստանում Ռուսաստանի Տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ:


– Դուք` որպես կրթական հաստատության ղեկավար, որը նախկինում կոչվում էր ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ ակադեմիա, ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ Հայաստանի սահմաններին ապակայունացումից հետո: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կազմակերպությունը պասիվ դիտորդի դիրք է զբաղեցրել:

– Երբ մենք դիտարկում ենք ՀԱՊԿ-ի գործունեությունը կամ մոտեցումները եւ վերջին ռազմական գործողությունները, դրանք պետք է դիտարկել երկու տեսանկյունից: Նախ` անդամակցությունը ՀԱՊԿ-ին մեզ ապահովում է զենքով: Երկրորդ. այն Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների անբաժանելի մասն է կազմում, քանի որ Ռուսաստանն այս կազմակերպության հիմնական դերակատարն ու առանցքն է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դերին վերջին ռազմական գործողություններում, Հայաստանն ի սկզբանե պետք է դիմեր կազմակերպությանը` օգտագործելով բազմաթիվ դիվանագիտական լծակներ: Այն, որ ՀԱՊԿ-ը պետք է բարեփոխվի, վաղուց էր խոսվում: Միեւնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին համապատասխանում է մեր ազգային երկարաժամկետ ռազմավարական շահերին: Մեր հարաբերությունները եւ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հատվում են Ռուսաստանի` մեր հիմնական ռազմական դաշնակցի եւ Հարավային Կովկասի հիմնական խաղացողի հետ մեր ռազմավարական դաշինքին: Սա է իմաստը:

– ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին անցնելուց հետո կարո՞ղ ենք ակնկալել կազմակերպության ավելի ակտիվ դիրքորոշում Հայաստանի նկատմամբ:

– Երբ երկիրը նախագահում է, պետք է իր վրա վերցնի կազմակերպության զարգացման ողջ գործընթացը: Իհարկե, մենք պետք է ավելի եռանդուն ներկայացնենք եւ պաշտպանենք մեր շահերը, բայց միեւնույն ժամանակ `պաշտպանենք այն մոտեցումները, որոնք ձեւավորվում են ՀԱՊԿ գերագույն մարմնի շրջանակներում եւ որոնք նույնպես համապատասխանում են մեր շահերին: Մեր ազգային շահերը անհրաժեշտ է պաշտպանել ոչ միայն նախագահության օրոք, այլ` անընդհատ: Անհրաժեշտ է մշտապես ակտիվ աշխատել բոլոր գործընկերների հետ: Այստեղ պետք է գործի դիվանագիտությունը: Հատկապես հիմա մենք պետք է լինենք առավել նախաձեռնող եւ ակտիվ, ներկայացնենք եւ պաշտպանենք մեր շահերը մեզ հասանելիք բոլոր միջոցներով:

– 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո շարունակվում են սադրանքները Հայաստանի սահմաններին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը: Ինչի՞ կարող է սա հանգեցնել:

– Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ ուղղված են ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, այլ նաեւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դաշտի վերակառուցմանը: Մենք տեսնում ենք, որ ռազմական գործողությունների բռնկումից մեկ տարի անց աճում է լարվածությունն Ադրբեջանի եւ Իրանի սահմաններին: Թուրքիան կուտակում է ուժեր, ռազմական համաձայնագրեր են կնքվում Պակիստանի հետ, Իրանը զորավարժություններ է անցկացնում սահմանին: Այսինքն` բոլոր պետությունները, որոնք ինչ-որ կերպ ներգրավված էին այս հակամարտության մեջ, պետք է հասկանային, որ դրանք առանձին ռազմական գործողություններ չեն: Սա Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դաշտի վերակառուցման գլոբալ մոտեցման մի մասն է: Իրանի հռետորաբանությունն այժմ ավելի կոշտ է, չնայած մեկ տարի առաջ պարզ էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն էր վերահսկել տարածքի այն հատվածը, որն Իրանի համար ամենակարեւորն է: Տարածաշրջանում լարվածությունը կշարունակվի: Բայց որն է լինելու Հայաստանի դերը, եւ ինչպես է Հայաստանը դիմակայելու այս ամենին` առանձին հարց է:

– Ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի ստորագրումից հետո եւ Հայաստանում երկարատեւ ներքաղաքական ճգնաժամի ընթացքում ստեղծվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որը հանդես է գալիս Հայաստանի` Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմի մեջ մտնելու օգտին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարին:

– Ես դրական եմ վերաբերվում միութենական պետությանը միանալու գաղափարին: Մենք պարզապես պետք է հասկանանք, թե դա ինչ կտա մեզ: Առաջին փուլում պետք է լինեն ավելի հստակ սահմանված հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ անհրաժեշտ է աշխատել Հայաստանում հասարակական կարծիքի հետ: Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես ունեն դարավոր արմատներ: Եվ սա պատահական չէ. աշխարհագրությունը թելադրում է աշխարհաքաղաքականություն եւ հակառակը: Բայց մեր դաշնակցությունը ոչ միայն աշխարհաքաղաքական է, այլեւ` քաղաքակրթական: Մենք պետք է հիմնվենք ե՛ւ դրա, ե՛ւ, միանշանակ, մեր ազգային շահերի պաշտպանության վրա: Այժմ միութենական պետության գաղափարը համահունչ է մեր ազգային շահերին: Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է: Պարզապես պետք է անընդհատ աշխատել մեր ռազմավարական գործընկերոջ հետ:

– Եթե Ռուսաստանի հետ Հայաստանը պետք է ամրապնդի կապերը եւ խորացնի ինտեգրացիան, ապա ինչի՞ն պետք է ձգտի եւ ի՞նչ կարող է ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրներից` Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից:

– Միանշանակ պետք է շարունակել աշխատանքը Մինսկի խմբի ձեւաչափով: Բայց պետք է հասկանալ նաեւ եռանախագահող երկրների շահերի համընկնումը: Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունները նույնպես ունեն երկար ավանդույթներ եւ խորը մշակութային կապեր: Այնտեղ հայկական մեծ համայնք կա, ինչպես Միացյալ Նահանգներում: Ֆրանսիան միշտ դիվանագիտական մակարդակով աջակցել է Հայաստանին, եւ այստեղ մենք պետք է ամուր կապեր պահպանենք Ֆրանսիայի հետ, որը հիմնված է մեր ազգային շահերի վրա: Մենք նաեւ պետք է շարունակենք աշխատել Միացյալ Նահանգների հետ` որպես խմբի համանախագահի: Այնտեղ խնդիրն այն է, որ ԱՄՆ-Ռուսաստան, Ֆրանսիա-ԱՄՆ երկրների հարաբերությունները վերջին տարիներին ոչ միայն խնդրահարույց են, այլեւ` շատ են սրվել: Եվ երբ Հայաստանը հարաբերություններ է կառուցում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, պետք է հասկանանք հարաբերությունների բոլոր նրբություններն ու դժվարությունները:

Զարուհի Բաբուխանյան
www.iravunk.com


դեպի ետ