
«ԳՈՒՆԱԳԵՂՑԻ» ՍԱՏԱՆԻԶՄԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 21-ի «գունագեղ» խրախճանքը Հանրապետության հրապարակում ծանր տպավորություն է թողել ցանկացած սրտացավ քաղաքացու վրա: Թանկ զվարճալիք ամենացածրակարգ պլեբսի, խաժամուժի համար: Որը, ցավոք, քանակական առումով շատ-շատ է: Խոսելով այդ շոուի նպատակի մասին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկատեց. «Խաղաղության օրակարգ չկա` կա հայ ազգից բույս սարքելու օրակարգ»:
ՇԱՌԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ, ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՀԵՌՈՒ
12.000 ծառ` ահա այդպիսի «բուսական» թեմայից խոսվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի համատեքստում: Բայց ինչո՞ւ հենց 12 հազար, եթե ենթադրվում է որ ամեն ծառը մեկ նախատակի անհատական ծառն է: Անուղղակի խոստովանությո՞ւն է, որ զոհվել են ոչ թե 5000, այլ 12 հազար մարտիկներ: Ու այդ ամենը` Թուրքիայի հետ «քիրվայանալու», Էրդողանի մոտ «խնդրվելու» ֆոնի վրա... ՀՀԿ փոխնախագահն ասում է, որ Հայաստանի գործող իշխանությունները քարոզում են հնազանդություն, չորքոտանիություն ու պարտության հետ համակերպում: Խոսելով հայ-թուրքական օրակարգից, Աշոտյանը նշում է, որ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի քայլերը ոչ միայն արկածախնդրություն են, այլեւ կարող են հանգեցնել աշխարհաքաղաքական կատաստրոֆայի: Եվ այդ համատեքստում պարզվում է, որ մեծ ամբիոնների սիրահար Նիկոլը չի գնում ԱՄՆ` ՄԱԿ-ի ամբիոնը հերթական անգամ պոպուլիզմի գործիք սարքելու, այլ սոսկ տեսաուղերձ է ուղարկում... Կասկածելի է մի տեսակ: Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն իր վարկածներն ունի, թե ինչու կապիտուլյանտը չի մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանին եւ հանդես կգա նախապես տեսագրված ուղերձով, որը հեռարաձկվելու է այսօր` սեպտեմբերի 24-ի նիստում. «Առաջին հերթին կարող է թվալ թե դրա պատճառը կովիդի հետ կապված խնդիրներն են եղել: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է Իրան, Վրաստան եւ Տաջիկստան: Ապա որտե՞ղ որոնել «ամերիկյան վոյաժ»-ի գայթակղությանը դիմադրելու ու դրան հաղթահարելու պատճառը: Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել երեք հիմնավոր պատճառ»:
«1)Իր թիկունքում դավադրությունների կազմակերպման հետ կապված կապիտուլյանտը լուրջ վախեր ունի, ինչի պատճառով էլ խուսափում է երկար ժամանակով երկրից բացակայելուց ու նաեւ հեռու ուղեւորության մեկնելուց: Նրա վերջին ուղեւորությունները տեւողությամբ եղել են շատ կարճ ու նա ընդհանրապես շատ հեռու չի գնացել: Ի դեպ, այդ վախն ավելի շատ գալիս է հենց իր թիմակիցներից:
2) Հակառակ սպասումներին, նախորդ անգամների պես այս տարի էլ նրան չի հաջողվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգով «պատվաբեր» հանդիպում համադրել, ասենք ԱՄՆ նախագահի կամ առնվազն փոխնախագահի մակարդակով: Նման պայմաններում բնականաբար չարժեր ՄԱԿ-ի ամբիոնից 15 րոպե ելույթ ունենալու համար այսքան երկար ճանապարհ կտրել ու վերադարձին կրկին հայտնվել ընդդիմության քննադատությունների թիրախում»:
Անշուշտ, վախկոտն ամեն օր է մեռնում: Վախի մասին վկայող փաստերը բազմաթիվ են: Օրինակ, իր եւ Ալեն Սիմոնյանի համար անհատական բժշկի ինստիտուտ ստեղծելը ավելի շուտ «անվտանգային», քան բյուջեի փողը սեփական կարիքների համար օգտագործելու նկատառումից է բխում: Մամուլում նաեւ գրվեց, որ Փաշինյանը 7 միլիոն դոլարով իսրայելական «Պեգասուս» գաղտնալսման համակարգ է գնել, որը բոլոր բռնատիրական ռեժիմների սիրելի խաղալիքն է: Դրան գումարած` լրագրողներից թիկնազորով պաշտպանվելու պրակտիկան արդեն լրիվ կլինիկական բնույթ է կրում: Ինչ վերաբերում է սեփական թիմակիցներից վախենալուն, ապա չար լեզուներն ասում են, որ Փաշինյանի թիրախում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ առաջիկայում խնդիր է դրված փչացնել ու չեզոքացնել նրան, հնարավոր է անգամ աղմկոտ բացահայտումների միջոցով: Ավինյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի, եւ չի բացառվում, որ իր առանձին խաղը սկսի` սեփական կուսակցություն հիմնի եւ հայտ ներկայացնի: Բայց այս պաշտոնը Փաշինյանը խոստացել է Խաչատուր Սուքիասյանին` Գռզոյին, ում մոտ վարչապետ է աշխատում: Որպես այդպիսին, Ավինյանը վտանգավոր ախոյան է` նա համարվում է ՀՀ բոլոր սորոսական կառույցների «հրամանատար»: Թեեւ Նիկոլը հիմնականում շփվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ «Պիսկեմ Սուրոն» անվերապահորեն հավատարիմ է նրան: Եվ դեպի ԱՄՆ երկար ճամփա կտրելը կարծես թե չի բացառում այն հավանականությունը, որ նրան «յուրայինները», հենվելով արեւմտյան աջակցության վրա, խաղից հանելու փաստի առաջ կդնեն:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐ
Բնականաբար, հարց է ծագում` այդ ի՞նչ է պատրաստվում ստորագրել քաղաքացի Փաշինյանը, որ այդքան վախենում է եւ, ի տարբերություն 2020-ի նոյեմբերի, կարծես թե նույնիսկ բունկերը հուսալի տեղ չի համարում: Եվ ինչո՞ւ են տարբեր «գուշակ-մանուշակները» խոսում հոկտեմբերին նրան սպասվող մահացու վտանգների մասին: Եվ ինչո՞ւ է իր խոսքը վերածում Ջորջ Օրուէլի գրքի ցիտատներին նմանվող դարձվածքների հավաքացու, ինչո՞ւ է պարտությունը հաղթանակ որակում եւ որեւէ մեկին հաղթելը չի համարում հաղթանակի բաղադրիչ: Եվ ինչո՞ւ փնթի պատահականությունների անվան տակ «շուստրիաբար» քողարկում է սատանիստական ծեսերի տարրել, օրինակ` Հայաստանի փոխարեն երկնքում ՀայասՏԱԼ գրելը... Այդ ինչուները շատ-շատ են: Սակայն վերադառնանք քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի վարկածներին. «Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով «ամերիկյան վոյաժ»-ի մեկնելու գայթակղությունից հրաժարվել է նրա «կիրթ ու կառուցողական» գործընկերը, ինչը նույնքան տարօրինակ է: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ չուղեւորվելու հրահանգը երկու կողմերին իջեցվել է այլ տեղից: Նիկոլի ու Ալիեւի միաժամանակ Նյու Յորքում գտնվելն ու ամերիկյան կողմի (չի բացառվում նույնիսկ նախագահ Բայդենի մասնակցությամբ) Արցախյան հարցով ինչ-որ եռակողմ հանդիպում, կարող էր մի ակնթարթում ոչնչացնել վերջին ամիսներին ռուսական կողմի հյուսածը: Իսկ պարզ է, որ Ռուսաստանը չի հրաժարվելու Արցախյան հարցով ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումներ կազմակերպելու իր մենաշնորհյալ արտոնությունից»: Ի դեպ, հայտնվել են նաեւ նոր, տարօրինակ դետալներ: «Ամերիկյան տնակի» երազանքի տեր դարձած Արծրուն Հովհաննիսյանը, ով 44 օր ամենացինիկ ստերով էր կերակրում քաղաքացիներին եւ քողարկում միտումնավոր պարտության փաստերը, հանկարծ հրապարակային բացահայտում արեց, որ գալիք պատերազմի մասին իրենք գիտեին սեպտեմբերի սկզբներից, իսկ սեպտեմբերի 27-ից 3 օր առաջ զորքերը լրիվ մարտական պատրաստության վիճակի էին բերվել... Այսինքն` դավաճանության լրացուցիչ ապացույցներ է հանրայնացնում: Համ էլ, այդ ինչպե՞ս եղավ, որ Արծրունի պես նողկալի կերպարը հանկարծ հայտնվեց ընդդիմադիր 5-րդ ալիքի եթերում, տարակուսանք հարուցելով հեռուստադիտողների մոտ: Արդյո՞ք չկան նրբերանգներ, որոնք ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը ոչ հրապարակավ քայլեր է անում, որոնք համահունչ են Նիկոլի «աչքի գրող» ավինյանական թեւի քայլերին: Ի դեպ, սեպտեմբերի 21-ին Եվրադատարանը անսպասելի նվեր մատուցեց Նիկոլին, այն էլէ Քոչարյանի համար աննպաստ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ծանուցմամբ, ով 2008-ին Նիկոլի փաստաբանն էր, իսկ այժմ արմատական ընդդիմադիր է կապիտուլյանտի իշխանությանը, ՄԻԵԴ-ը բավարարել է Նիկոլի խմբագրության հայցն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործողությունների եւ 2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելը դրել լրջագույն կասկածի տակ: Հարց է ծագում` ինչո՞ւ է Ստրասբուրգը հանկարծ Նիկոլին օգնության ձեռք մեկնում: Ի դեպ, ուրիշ հարց էլ է հետաքրքիր: 2020-ի պատերազմի նախօրեին ԱԱԾ-ի «հեղափոխական կոմիսար» նշանակված Արգիշտի Քյարմյանը, ով իրագործել էր պրոֆեսիոնալների ջարդ «ռուսական կադրերից» ազատվելու սոուսով, եւ հետագայում առանցքային դեր է ունեցել Հադրութը եւ Շուշին հանձնելու քստմնելի գործում, արդյո՞ք առաջիկայում չի բացի իր բերանը, ինչպես դա արդեն արել է նողկալի Արծրունը... Առաջիկա օրերին, միգուցե նաեւ ժամերին շատ բաներ կպարզվեն, եւ ի տարբերություն «գուշակ-մանուշակների», զերծ կմնանք գուշակություններից: Բայց որ «գունագեղ» սատանիզմի հնարքների կիրառումը քաղաքացի Փաշինյանի քթից դուրս կգա, շատ հավանական է:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ