
«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՍՏԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ. ԳՑՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄՏԱՎՈՐ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանից հանդիպման առաջարկ է ստացել: Հայտարարությունից առաջ ՀՀ իշխանությունը «Թուրքիայից դրական ազդակներ» էր ստացել՝ նշելով, որ պատրաստ է Թուրքիայի հետ խոսել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին: Իշխանությունների կողմից մինչ օրս, ըստ էության, չի հերքվել հանդիպման առաջարկի մասին տեղեկությունը: Ավելին՝ պաշտոնապես կրկին շեշտվել է նման շփման պատրաստակամության մասին: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ դեպքերի նման զարգացումը զարմանալի չէ:
«Նորություն չէ այս ամենը: Ամեն ինչ ներկա իշխանությունների խնդրանքով է կատարվում, որոնք փորձել են Բաթումում ինչոր գաղտնի հանդիպումներ ունենալ և խնդրանքներ ներկայացնել: Սա այն ծրագիրն է, որի համատեքստում, այսպես կոչված, գունավոր տեխնոլոգիաների, «գունավոր հեղափոխության» արդյունքում իշխանությունը տրվել է Փաշինյանին: Հենց այնպես չեն նաև ձևակերպումներն ու հայտարարությունները: Նախօրեին էլ Փաշինյանն ասաց, թե «հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»:
Ինքը երևի համոզված է, որ այդպիսով իր պլանը լավագույն կերպով է իրագործում: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ «հեղափոխությունը» կատարելուց հաշվի են առել Փաշինյանի հոգեբանական ու մտավոր լուրջ խնդիրները: Ես չեմ բացառում, իհարկե, որ նա անգամ ինչ-որ տեղ համոզված է իր գաղափարների մեջ, բայց այդ գաղափարները նրան նույնպես ներշնչել են, նա ինքնուրույն չէ նաև այդ հարցում: Իրեն այդպիսի մտքերով, այդպիսի հոգեբանությամբ, այդպիսի տրամադրություններով պարզապես պատրաստել են: Սա է պատճառը, որ մենք գործ ունենք ոչ թե առանձին սխալների, հիմար իշխանության կամ բացթողումների հետ, այլ այս իշխանությունը գործում է հատուկ նշված ծրագրով: Այդ ծրագիրն իրենց պարտադրվել է, և գուցե չեն էլ հասկացել, որ պարտադրված է, քանի որ թերուս են»,– ասաց Գ. Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ շփումները չհաստատելու, Ադրբեջանի հետ նախապատրաստվող ինչ-որ համաձայնագրի գոյությունը հերքելու փորձերին՝ Գ. Հարությունյանը շեշտեց. «Պրոֆեսիոնալ ստախոսների հետ գործ ունենք: Առ այսօր թվում է, թե Ադրբեջանի հետ որևէ բանակցություն չի եղել, բացառությամբ, իհարկե, Մոսկովյան բանակցությունների: Մինչդեռ տեսնում ենք, որ մշտապես ընդհատակյա բանակցություններ են գնում, որոնք համաձայնեցվում են միմյանց հետ: Հերթական ստախոսությունն է այն, թե որևէ բանակցություն այս պահին չկա: Գուցե ամեն ինչ արվում է այլ եղանակներով, որոնք ավելի էֆեկտիվ են իրենց համար»:
Ըստ մեր զրուցակցի, իրականում ստեղծված իրավիճակը սպառնալիք է: «Եթե այս զարգացումները այս նույն տրամաբանությամբ շարունակվեն, մեր երկիրը ոչ շատ հեռու ապագայում թուրքական վիլայեթ է դառնալու: Մենք այդ պատկերը տեսնում ենք Աջարիայի օրինակով, որտեղ թուրքերը կարողացել են իրենց ձեռքը վերցնել տնտեսությունը, հաղորդակցությունները, իսկ ադրբեջանցիներն ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել Վրաստանի Մառնեուլի շրջանը: Վրաստանի ինքնիշխանության առումով այսօր նույնպես դժվար է հետևություններ անել: Վրաստանի պարագայում նման հետևանքը Սահակաշվիլու «հեղափոխության» արդյունքն է: Նույնն էլ Հայաստանում է կատարվում, ինչի հետևանքով մենք թուրքական ու ադրբեջանական ուժերի կողմից դաժան ճնշման տակ ենք լինելու: Այսպիսով, մեզ լիովին շրջափակում է սպասում այն ծրագրից, որը, չգիտես ինչու, ապաշրջափակում են կոչում»:
Հարությունյանի խոսքով, Թուրքիան Ադրբեջանի հետ շատ հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունն իրականացնել: «Մենք ամեն օր գտնվում ենք հոգեբանական, տեղեկատվական ճնշումների ներքո: Գորիս-Կապան ավտոճանապարհին խայտառակություն է: Հիմա ուզում են այս ամենն օրինականացնել, ավելին՝ լայնացնել այդ միջանցքները և իրենց վերահսկողության տակ անցկացնել Սյունիքը: Իսկ եթե չկա Սյունիք, չի լինի նաև Հայաստան, ինչը հասկացել էին սկսած դեռ Դավիթ Բեկից: Իսկ խնդիրն, ըստ էության, ավելի գլոբալ է: Ընդհանրապես, Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է դրված»,– ասաց նա՝ շեշտելով, որ եթե ռուս խաղաղապահների աջակցությունը չլիներ, իրավիճակը բոլորովին այլ կլիներ:
«Մենք ունենք այն, ինչի մասին դեռ երկու տարի առաջ եմ ասել:Դեռ այն ժամանակ ասել եմ՝ եթե ռուս խաղաղապահները մտնեն, մենք կունենանք մոտավորապես նույն իրադրությունը, ինչպես Հարավային Օսիայում է, Աբխազիայում, որտեղ նրանք այդ ազգերի լինել կամ չլինելու հարցի երաշխավորն են: Այնպես որ, թուրքական պլանները շատ ավելի լայն են: Էրդողանը մի քանի ամիս առաջ ասում էր՝ «մեկ ազգ, երկու պետություն», հետո ավելացրեց Կիպրոսը, հիմա խոսում է արդեն վեց պետության մասին: Չեմ բացառում՝ այդ շարքը կարող է ավելանալ, նա մեծ պլաններ ունի: Էրդողանը թուրքերի համար անգամ Աթաթուրքից ավելի բարձր մակարդակի գործիչ է, քանի որ Թուրքիայում զարգացրել է գիտությունը, բանակը: Ու հիշենք թուրքերի մեջ դրված գենետիկ կոդը, հիշենք, որ մի քանի հարյուր տարի առաջ նրանք Եվրոպայի կենտրոնում էին, մարտեր էին վարում Վիեննայի տակ, Լեհաստանում և այլն: Այնպես որ, շատ վտանգավոր թշնամի է, որից, ի դեպ, օգտվում են անգլոսաքսերը: Վերջիններս թուրքերին ասում են՝ ինչ ուզում եք՝ արեք, միայն թե ուղղված լինի իրենց ռազմավարական թշնամիների դեմ: Իսկ այն, ինչ անում է Թուրքիան, առաջին հերթին ուղղված է նաև Ռուսաստանի դեմ: Մենք հիմա շատ ավելի լուրջ մարտահրավերների առաջ ենք»,– ասաց Գ. Հարությունյանը՝ նշելով, որ դրանք կարող են շատ ավելի երկարատև բնույթ կրել:
«Երբեմն լինում են պոռթկումներ, ինչպիսին 44-օրյա պատերազմն էր, բայց մարտահրավերները կարող են առանց որևէ պատերազմի, ռազմական լուրջ գործողության շարունակվել: Հիմա գործ ունենք ավելի շատ հիբրիդային բնույթի պատերազմների հետ: Հիմա ևս պատերազմ է, ուղղակի այժմ պատերազմներն ու կոնֆլիկտներն այդ ձևաչափն ունեն և այդպես են ներկայացվում հանրությանը», հավելեց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց, որ վերոնշյալ սպառնալիքներից խուսափելու մի ճանապարհ կա. «Բացի փորձություններից, հայ հասարակությանը հիբրիդային պատերազմների տեխնոլոգիաներով, մասնավորապես նաև հոգեբանական ու տեղեկատվական միջոցներով հիմարացրել են, ինչի հետևանքով ընկել է մեր հոգևոր և մտավոր պոտենցիալը: Մինչդեռ նշվածները ազգային անվտանգության ամենակրիտիկական ուղղություններն են: Այդ ուղղությունների խաթարումն ազգային անվտանգության տապալում է նշանակում: Հույսը հայկական իմաստությունն է, որը վաղ թե ուշ զարթնելու է, և որի ուղղությամբ պետք է շատ աշխատել: Խոսքս հատկապես մեր ընդդիմադիրներին է ուղղված: Ռազմավարական գործողություններն ու ծրագրերը սպասել չեն սիրում: Չպետք է սպասել, տեսնել՝ սա էլ լինի, նա էլ, հետո նոր սկսել: Ռազմավարական ծրագրերի անհրաժեշտություն կա՝ ուղղված նախևառաջ մեր ժողովրդի մտավոր և հոգևոր ուղղություններին: Սա է միակ երաշխիքը, որը կօգնի խուսափել վերոնշյալ սպառնալիքներից»:
Աննա Բադալյան
past.am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]